ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը

04 հունիսի, 2018 | 06:03

Եզրափակիչ համերգ Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի, Սմետանայի Դահլիճ, Քաղաքային Տուն ի Պրահա, Սլովաք Դաշնասիրային Նուագախումբ եւ Երգչախումբ, 3 Յունիս, 2018.

Արդէն մի քանի տարի է, որ Պրահայի Գարնանային Փառատօնի գեղարուեստական ղեկավարութիւնը խոհեմօրէն լքած է անցեալի աւանդութիւնը, որով ամէն տարի Փառատօնս Beethoven-ի Իներորդ համանուագի բաւական հասարակ ու միջին կատարումներով կ’աւարտէր. այլ վերջերս՝ այդ համանուագի տեղ նախընտրած է Փառատօնս եզրափակել անարդարօրէն մոռացութեան մատնուած գործոց վերակենդանացմամբ: Այս տարի եւս պերճախօս ու բարեյաջող օրինակ մը հանդիսացաւ նոյն երեւոյթին: Երեկոյեան յայտագրի կեդրոնական դիրքին արժանացաւ Zalm zeme podkarpatskej («Ենթա-Կարպաթեան երկրի սաղմոս») անուանեալ գործը, զոր 1938-ին յօրինեց Սլովաք երաժշտահան՝ Eugen Suchoň (1908-1993) Նկարը՝ ստորեւ: Շատերը Suchoň-ի անուան ծանօթ են իր քառաձայն երգչախումբի համար գրած փոքրիկ մէկ երգին՝ Aká si mi krásna-ի շնորհիւ միայն: Սակայն ներկայ գործը շատ աւելի ընդարձակ ու ծանրակշիռ երկ մըն էր, եւ այս երեկոյեան յիրաւի հիանալի կատարումը ապացուցեց թէ ան անտարակոյս գլուխ-գործոց մըն է:

Թերեւս հոս-հոն հեռաւոր արձագանգներ կային զանազան այլ գործերէ՝ ինչպէս Suk-ի Asrael համանուագը, Janáček-ի «Գլագոլիթիկ Պատարագ»ը. եւ կամ նոյնիսկ  որոշ պահեր՝ ունկնդրին Frank Martin-ի եւ կամ նոյնիսկ Lili Boulanger-ի երգչախմբային ստեղծագործութեանց մթնոլորտը կը մտաբերէին: Այնուհանդերձ՝ անվիճելիօրէն «Սաղմոսը» ինքնատիպ եւ իւրօրինակ գործ մըն է, եւ արժանի է ճանաչման՝ իբր Ի. դարու իր տեսակին մէջ կարեւոր ստեղծագործութիւններէն մին: Սլովաք Դաշնասիրային Նուագախումբը (Slovak Philharmonic) զայն ճշգրտութեամբ եւ զգայուն կերպիւ նուագեց, James Judd-ի ղեկավարութեամբ, սակայն երեկոյեան իսկական «աստղ»երը երգիչներն էին՝ այսինքն Սլովաք Դաշնասիրային Երգչախումբը՝ մարզուած Josef Chabroň-ի կողմանէ, եւ Jan Vacík Սոսկ (tenor) մենակատարը: Պիտի ըսէի նոյնիսկ, որ անտարակոյս՝ Սլովաք Դաշնասիրային Երգչախումբը Չեխիոյ մէջ ցարդ լսած բոլոր երգչախումբերուս լաւագոյնը կը համարիմ: Երգչախումբը յաջողեցաւ «Սաղմոս»ը կատարել մեծ գեղեցկութեամբ, ճշգրտութեամբ եւ ձայնային գովելի ճկունութեամբ եւ առաձգականութեամբ:

Համերգը սկսաւ Fibich-ի Komenský նախերգանքով (յօրինուած Չեխ մտաւորական, Աստուածաբան ու գրող Կոմենիոսի ի պատիւ), եւ աւարտեցաւ Janáček-ի Sinfonietta գործով: Նուագավարը այս վերջինը սովորականէն աւելի դանդաղօրէն ղեկավարեց, սակայն Նուագախումբը առիթէն օգուտ քաղեց՝ իր մշակեալ ձայնը, թափանցիկութիւնը եւ ճշգրտութիւնը առաւել եւս ցուցադրելով, որով գործիս զանազան մանրամասնութիւնները որոնք սովորաբար կը կորսուին՝ յստակօրէն դրսեւորուեցան:

Շնորհաւորելի է այս տարուան եզրափակիչ համերգը Սլովաք Դաշնասիրային Նուագախումբին եւ Երգչախումբին ընծայելու որոշումը, եւ յատկապէս Suchoň-ի «Սաղմոս»ը հնչեցնելը, ու խիստ պատշաճ՝ մանաւանդ որ այս տարի Չեխոսլովաքիոյ հիմնադրութեան հարիւրամեակը կը տօնուի:

 

Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեան

Eugen Suchoň


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
2. Դասախոսություն Ստրահովի գրադարանում
3. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
4. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
5. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
6. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
7. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
8. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
9. Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
10. Թեյի ու Սուրճի առաջին միջազգային փառատոնը Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: