ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2

28 մարտի, 2018 | 08:37

Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց: Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում: Բանախոսներն էին `պատմաբան դոկտ. Կարո Մոմջյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի խորհրդի անդամ Սթիվեն Դադայանը, ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամներ Լևոն Կիրակոսյանը և Վաչե Թոմասյանը:

 

Ստորև ներկայացված են հատվածներ համաժողովում Հարութ Սասունյանի ունեցած ելույթից.

Միավորված ազգերի կազմակեպության Անվտանգության խորհուրդը 1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ ընդունել է չորս բանաձև, պահանջելով հայկական ուժերի դուրսբերում, բոլոր ռազմական գործողությունների դադարեցում և կոչ անելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս չորս բանաձևերը հաճախ են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք գտնվում են Ադրբեջանի իշխանությունների խիստ հսկողության տակ: Վերջին 25 տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս դատապարտել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը չկատարելու համար և դրանք դարձրել Հայաստանի դեմ շարունակվող իրենց քարոզչական պատերազմի մի մասը:

 

Սակայն, Ադրբեջանը խեղաթյուրել է այդ բանաձևերի բովանդակությունն ու համատեքստը`փորձելով մոլորության մեջ պահել միջազգային հասարակական կարծիքը: Ադրբեջանը հենց ինքը չի կատարել այս բանաձևերը: Երբ մի կողմը (Ադրբեջան) խախտում է այս բանաձևերը, նա չի կարող մեղադրել մյուս կողմին (Հայաստան) դրանք չկատարելու համար:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 պետություններից, որոնցից հինգը մշտական ​​անդամներ են և ունեն վետոյի իրավունք (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), իսկ մյուսը տասը՝ ոչ մշտական անդամներ են և ընտրվում են երկու տարի ժամկետով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատու է ազգերի միջև խաղաղության և անվտանգության ապահովման համար: ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի որոշումները:

 

Հատկապես կեղծավորություն է Թուրքիայի կառավարության կողմից Հայաստանին մեղադրելը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերը չկատարելու համար, այն դեպքում, երբ Թուրքիան ինքն է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի քան 60 բանաձևերը, սկսած 1974 թվականից՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելուց հետո:

 

Այժմ եկեք դիտարկենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերից յուրաքանչյուրը, որոնք միաձայն ընդունվել են 15 անդամ պետությունների կողմից: Այս չորս բանաձևերի որոշ դրույթների վերջում ավելացրել եմ իմ մեկնաբանությունները սևատառատեսակով:

 

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. ապրիլի 30-ին.

 

«Պահանջում է բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում կայուն զինադադար հաստատելու համար, ինչպես նաև բոլոր գրավող ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից և Ադրբեջանի վերջերս գրավված այլ տարածքներից»: Վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարը՝ շարունակ կրակելով Արցախի և Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով:

 

«Կողմերին կոչ է արել անհապաղ վերսկսել հակամարտության կարգավորման համար բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակներում և ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտի խնդրի խաղաղ լուծմանը»: Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի (հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ) Մինսկի խումբը բաղկացած է երեք համանախագահներից` ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան. նրանք  են հանդիսանում պաշտոնական միջնորդները, որոնք կօգնեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այլ ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը…

 

«Կոչ է անում անարգել մուտք ապահովել տարածաշրջանում միջազգային մարդասիրական օգնության համար, մասնավորապես հակամարտության ազդեցության տակ գտնվող բոլոր շրջաններում՝ քաղաքացիական բնակչության տառապանքները թեթևացնելու նպատակով և վերահաստատում է, որ բոլոր կողմերը պարտավորվում են պահպանել միջազգային մարդասիրական սկզբունքներն ու կանոնները»: Չնայած այս դրույթին՝ Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի ժողովրդին միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը:

 

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 853 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. հուլիսի 29-ին.

 

«Մեկ անգամ ևս իր խոր մտահոգությունն արտահայտելով Ադրբեջանի Հանրապետությունում մեծ թվով քաղաքացիների տեղահանման և տարածաշրջանում լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակի վերաբերյալ»: «Տարածաշրջանում լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակի վերաբերյալ» հղումը վերաբերում է նաև Ադրբեջանի հայ փախստականներին:

 

«Վերահաստատելով Ադրբեջանի Հանրապետության և տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Այս դրույթը վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

 

«Վերահաստատելով նաև միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը տարածք ձեռք բերելու համար»: Համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արձանագրությունների՝ Արցախի հայերն ունեն ինքնորոշման իրավունք:

 

«Վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերի համատեքստում կրկնում է իր ավելի վաղ կոչերը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգնման համար»: Այս դրույթը խախտում են Ադրբեջանը և Թուրքիան՝ իրենց կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակմամբ:

 

«Կոչ է անում շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կխոչընդոտի հակամարտության խաղաղ կարգավորմանը և հետամուտ լինել բանակցությունների վարմանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև նրանց միջև ուղիղ շփման շփման միջոցով` վերջնական կարգավորման նպատակով»: Հղումը «շահագրգիռ կողմերին» և «նրանց միջև ուղիղ շփմանը» ենթադրում է Արցախի ներգրավումը բանակցություններում, ինչպես եղել է նախկինում: Ադրբեջանը արգելափակել է Արցախի մասնակցությունը բանակցություններին:

 

«Կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել իր ազդեցությունը՝ հասնելու Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի կողմից իր 822 (1993 թ.) բանաձևի և սույն բանաձևի կատարմանը և այս կողմի՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի Մինսկի խմբի առաջարկի ընդունմանը»։ Հայաստանը համակարգում է իր բանակցային դիրքորոշումը Արցախի Հանրապետության կառավարության հետ: Սակայն, Արցախի դուրս բերումը բանակցություններից բարդացնում է համակարգման առաջադրանքը: Ավելին, Արցախը չլինելով ճանաչված պետություն և ՄԱԿ-ի անդամ, պարտավոր չէ կատարել այս բանաձևերից որևէ մեկը։

 

«Կոչ է անում պետություններին ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք և զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խորացմանը կամ տարածքների երկարատև գրավմանը»: Այս դրույթը խախտում են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Չեխիան, Ուկրաինան, Պակիստանը և մի քանի այլ երկրներ, որոնք Ադրբեջանին մատակարարել են միլիարդավոր դոլարների զենքեր:

 

 

 

Անցյալ շաբաթ ես ներկայացրեցի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած չորս բանաձևերից երկուսի խեղաթյուրումները, իսկ այժմ կներկայացնեմ մնացած երկուսը.

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. հոկտեմբերի 14-ին.

 

«Կոչ է անում շահագրգիռ կողմերին հրադադարը դարձնել մշտական ու արդյունավետ, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության oժանդակությամբ ձեռնարկված ուղիղ շփումների արդյունքում՝ ի աջակցություն Մինսկի խմբին»։

 

«Համոզմունք է հայտնում, որ հակամարտությունից բխող մնացած բոլոր հարցերը…. պետք է արագորեն կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԽ Մինսկի գործընթացի համատեքստում»:

 

«Կոչ է անում անմիջապես իրականացնել փոխադարձ և հրատապ քայլեր, որոնք նախատեսված են ԵԱՀԽ Մինսկի խմբի «Նորացված ժամանակացույցի» մեջ, ներառյալ վերջերս գրավված տարածքներից զորքերի դուրս բերումը և կապի ու տրանսպորտի բոլոր խոչընդոտների վերացումը»:

 

«Կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր ոտնահարումներից և վերահաստատում է իր 822 (1993 թ.) և 853 (1993 թ.) բանաձևերում ընդունված կոչը` հակամարտության հետևանքով տուժած բոլոր շրջաններում միջազգային մարդասիրական օգնության համար անխոչընդոտ մուտք ապահովելու համար»:

 

«Կոչ է անում տարածաշրջանի բոլոր պետություններին ձեռնպահ մնալ թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից կամ ներխուժումից, որը կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության խաթարմանը»:

 

Ադրբեջանը խախտել է վերոնշյալ դրույթներից յուրաքանչյուրը: Բացի հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներից, 2016 թ. ապրիլին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա՝ հսկայական վնաս պատճառելով սահմանամերձ բնակավայրերին և սպանելով խաղաղ բնակիչներին: Կտրելով հայ տարեց գյուղացիների ականջներն ու գլխատելով մի քանի հայ զինծառայողների՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին բարբարոսական արարք և պատերազմական հանցագործություն…

 

Հատված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. նոյեմբերի 12-ին.

 

«Կոչ է անում Հայաստանի կառավարությանը գործադրել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայության կողմից  822 (1993 թ.), 853 (1993 թ.) և 874 (1993 թ.) բանաձևերի պահանջները կատարելու նպատակով և ապահովել, որ ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն իրենց զինված արշավը շարունակելու համար»:

 

Հայ պաշտոնյաները սովորաբար ոչ արձագանքում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին, ոչ էլ փորձում են հստակություն մտցնել դրանցում: Միակ բացառությունը նախագահ Սերժ Սարգսյանի ընդգրկուն ելույթն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2014 թ. սեպտեմբերի 24-ին:

 

Նախագահ Սարգսյանը հայտարարեց. «Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից պատերազմի տարիներին ընդունած չորս բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում»:

 

«Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը»:

 

«Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման»:

 

«Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (ՄԱԿ-ի ԱԽ 853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (ՄԱԿ-ի ԱԽ 874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»:

 

«Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, որն, ի դեպ, 1994 թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում»:

 

«Ոչ մի բանաձևում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994 թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում Լեռնային Ղարաբաղը հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»:

 

«Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը»:

 

«Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով»:

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»:

 

Կցանկանայի ամփոփել՝ ՄԱԿ-ի Անվտանգության չորս բանաձևերի խեղաթյուրումների վերաբերյալ իմ ելույթի հիմնական կետերը. 

 

1)    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ընդունվել են 1993 թվականին՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի թեժ ժամանակաշրջանում: Այդ բանաձևերը արտացոլում են այն ժամանակվա պայմանները: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը կտրուկ փոխվել է:

2)    Չնայած 1994 թ. Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի ռեժիմին, վերջինս շարունակում է խախտել հրադադարը և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը `Արցախի և Հայաստանի վրա իր հաճախակի հարձակումներով:

3)    Ադրբեջանը դեմ է արտահայտվում Արցախի մասնակցությանը բանակցություններին, դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

4)    Արցախյան հակամարտության պաշտոնական միջնորդները Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք կազմված են Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ոչ էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

5)   Իրականում, երբ 2008 թ. Ադրբեջանը Արցախի հարցը բերեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները դեմ քվեարկեցին: Ադրբեջանի առաջարկն ընդունվեց միայն փոքրաթիվ պետությունների կողմից: Ճնշող մեծամասնությունը ձեռնպահ մնաց:

6)  Շրջափակելով Արցախը՝ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը:

7)   Կարևոր է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերում հիշատակվում է ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ միայն որպես միջնորդ՝ համոզելու Արցախի հայերին ընդունելու այս բանաձևերը: 2001 թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խորհրդարանում ունեցած իր ելույթում ընդունել է այդ փաստը. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չորս բանաձև է ընդունվել…. Այդ չորս բանաձևերում գրված է, որ գրավող ​​բանակը պետք է հեռանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից…. Բայց «Հայաստան» բառը չկա, այսինքն, «հայկական զինված ուժեր» բառերը չկան: Սակայն բանաձևերից մեկում գրված է, որ Հայաստանից պահանջել են՝ ազդեցություն գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա: Իրականում, սա հայ-ադրբեջանական պատերազմ է: Իրականում Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ: Այնուամենայնիվ, ոչ ոք Հայաստանը չի ճանաչում որպես ագրեսոր որևէ միջազգային կազմակերպության փաստաթղթում …»:

 

Ադրբեջանցիները, որոնք շարունակում են խեղաթյուրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերը, պետք է հետևեն նախկին նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությանը և ձեռնպահ մնան Հայաստանին մեղադրելուց այդ բանաձևերը խախտելու մեջ, երբ փաստացի Ադրբեջանն է, որ չի կատարում դրանք:

 Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Առնչվող նյութեր
1. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
5. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
6. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
7. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
8. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
9. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
10. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: