ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Aurora Prize»-ի 2017թ. դափնեկիրն ու 2018-ի հավակնորդները այցելեցին ցեղասպանության հուշահամալիր, հանդիպեցին Վեհափառի հետ

07 հունիսի, 2018 | 20:35

Հունիսի 4-ին «Aurora Prize»-ի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իր կնոջ և «Ավրորա» նախաձեռնության թիմի հետ, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները:

Բժիշկ Թոմ Քաթինան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Մարդասիրության մերօրյա հերոս բժիշկ Թոմը Հիշողության պուրակում ծառ տնկեց՝ ի հիշատակ Մեծ եղեռնի նահատակների:

Հունիսի 7-ին Ցեղասպանության հուշահամալիր այցելեցին նաեւ 2018 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի հավակնորդներ Չո Լա Աունին (Մյանմա), Սունիտա Քրիշնանին (Հնդկաստան) և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին (Մեքսիկա)` ուղեկցությամբ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի` Նուբար Աֆեյանի և Հարութ Շիթիլյանի:

 

Հունիսի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2018 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի հավակնորդներին` Չո Լա Աունին (Մյանմա), Սունիտա Քրիշնանին (Հնդկաստան) և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին (Մեքսիկա)` ուղեկցությամբ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի` Նուբար Աֆեյանի և Հարութ Շիթիլյանի:

«Ավրորայի»  երեք հերոսներին ներկայացնելով Հայոց Հայրապետին` Ն. Աֆեյանն ու Հարութ Շիթիլյանը անդրադարձան նրանց բացառիկ նվիրումին ու իրենց երկրներում իրականացվող անձնազոհ առաքելությանը:

Այնուհետև Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը, նախաձեռնության բոլոր զորակիցներին` ի մասնավորի համահիմնադիրներին, ինչպես նաև իրենց ներդրումը բերած բոլոր այլ անձանց:

Դիմելով դափնեկիրներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը մեծ գոհունակությամբ արձանագրեց վերջիններիս գովելի ծառայությունները` իրականացված Բարձրյալի պատվիրաններին և համամարդկային արժեքներին համահունչ, որոնցով աջակցություն են ստանում կարիքավորներ, նեղյալներ, սովի ու տառապանքի մեջ հայտնված մարդիկ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով, փառք տվեց Բարձրյալին, որ մերօրյա հերոսների աշխատանքն ըստ արժանվույն գնահատվում է մարդասեր հանրության և կազմակերպությունների կողմից: Վեհափառ Հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ նրանք պետք է նույն նվիրումով, արիությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սատար կանգնել անարդարության ճիրաններում տառապող մարդկանց:

Հայոց Հայրապետը հավելեց, որ այսօրինակ նախաձեռնությունները ոչ միայն խրախուսանքն ու գնահատանքն են նրանց կատարած աշխատանքի, այլև ներշնչանք, հրավեր և կոչ բոլոր մարդկանց` իրենց անմնացորդ սերն արտահայտելու նրանց նկատմամբ, ովքեր օգնության ձեռքի կարոտ են:

Հանդիպման ընթացքում սոցիալական արդարության իրենց ընկալումների, ինչպես նաև Հայաստան կատարած այցի մասին արտահայտվեցին մերօրյա հերոսները:

 

 


Առնչվող նյութեր
1. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ
2. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ). մեկնարկում է հայտերի ընդունման փուլը
3. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
4. Թոմ Քաթինան` փոստային նամականիշի հերոս
5. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
6. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
7. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը
8. 1 միլիոն դոլար` Ամերիկյան համալսարանի ուսանողներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: