ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արծվաբույն». առաջնախաղ Սունդուկյան թատրոնում

09 փետրվարի, 2017 | 21:06

artsvabuin

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  փետրվարի 7-ին եւ 8-ին  պրեմիերա էր: Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի նոր՝ «Արծվաբույն 1991» ներկայացումը հանձնվեց հանդիսատեսի դատին։ Պիեսի հեղինակն արձակագիր Հրաչ Բեգլարյանն է, բեմադրող նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը: Ներկայացման մեջ հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ  Ջուլիետա Ստեփանյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը և ուրիշներ:  «Արծվաբույնը» նվիրվում է Արցախյան ազատամարտին։
Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչու է որոշել նման բեմադրությամբ հանդես գալ. «Վաղուց կար նման ձգտում, վաղուց էի հետաքրքրված այս թեմայով որևէ ներկայացում բեմ բարձրացնել։ Առհասարակ, արվեստի մարդը պարտադիր պիտի լսի ու զգա ժամանակի զարկերը, ավելին, նայի առաջ, տեսնի այն։ Դա, իհարկե, հեշտ չէ։ Այսօր, ինչպես երբևէ անհրաժեշտ է անդրադառնալ մեր ինքնության հարցերին, մեր արագ ընթացող ժամանակին, իրադարձություններին ու մարդկային ճակատագրերին: Համոզված եմ, որ մեր նորագույն պատմության մասին պետք է շատ մտմտանք և անդադար նոր ստեղծագործություններ ծնենք: Այս առումով ահագին անելիքներ ունեցել ենք և ունենք։
Ազատամարտի թեմային վերաբերող հետաքրքիր և ուշադրության արժանի կինոնախագծեր ունենք, սակայն շատ քիչ։ Նույնը չեմ կարող ասել թատերարվեստում դրա անդրադարձի մասին։ Չնայած այն բանի, որ արվեստը չի ընդունում ցանկացած տեսակի պարտադրանքներ կամ թելադրանք, այնուամենայնիվ, թատրոնը միշտ էլ ի զորու է իր ժամանակակցին  ներկայացնել ու բացահայտել այս կամ այն խնդիրը:  Նոր թատերգությունն, ինչ խոսք, ազատագրական պայքարի մասին արել է մի քանի փորձ։ Արձակագիրները գրել են իրական և ոչ իրական պատմություններ։ Իսկապես, ինձ մղող առաջին ուժը հենց այդ ցանկությունն էր։  Սա կարծես նաև պարտքի զգացումի պես մի բան է, որն անընդհատ կուտակվում է քո մեջ։
Ամիսներ շարունակ փնտրում էի նման մի ստեղծագործություն։ Այնպիսի մի բան, որտեղ բոլորը լինեին ռեալ, հոգեհարազատ և առանց որևէ վերամբարձ ճառերի, առանց պաթոսի։  Փնտրտուքների ժամանակ գրողներից մեկի օգնությամբ իմացա, որ  Հրաչ Բեգլարյանն ունի մի այդպիսի պիես: Պիեսի առաջին տարբերակը կոչվում էր «Օրը» և այդ ժամանակ դեռ չէր տպագրվել: 2015 թվականին հեղինակի հետ համաձայնեցնելով և անկաշկանդ համատեղ ստեղծագործելու արդյունքում «Օրը» պիեսը դարձավ այժմյան «Արծվաբույնը»:  Պիեսի բեմադրական աշխատանքները սկսվել են 2015 թվականից»:
Նա ասաց, որ ներկայացման առաջնախաղը պետք է կայանար Ստեփանակերտում՝ 2016 թվականի մայիսյան տոների ժամանակ, սակայն  տեղի ունեցան ապրիլյան դեպքերն ու ամեն ինչ ժամանակավորապես դադարեցվեց:

«Այդ իրադարձությունները մեզ ավելի շատ լարեցին, ձգեցին ու պարտավորեցրեցին»,- ընդգծեց Դ. Հարությունյանը:
Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո  ներկայացման մեջ որևէ բան փոխեցի՞ք, ռեժիսորն ասաց. «Ոչ թե նյութը փոխեցինք, այլ մեր ներսում ինչ-որ բան փոխվեց: Դժվարանում եմ ասել, որ դա պատահական զուգադիպություն էր։ Չգիտեմ․․․ Պիեսում դեպքերը տեղի են ունենում 1990-ականների սկզբներին, արցախյան ռազմաճակատի սահմանամերձ Քարակապ գյուղում: Իրադարձությունները հասնում են մինչև մեր օրեր։ Հնարավորինս ընդգծել ենք երեկվա և այսօրվա ամենակարևոր աղերսները:
tsovik martirosian 2«Արծվաբույնը» մեր 25 տարիների տառապանքների, մտածմունքների, հաղթանակների և վերապրած զանազան հույզերի մասին է: Անշուշտ, հնարավոր չէ այդ ամենը տեղավորել 2,5 ժամվա մեջ։  Հեղինակը պիեսի մեջ  ներառել է նաև մի քանի իրական դեպքեր»:
Խոսելով ներկայացման նախապատրաստական աշխատանքների մասին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ բեմադրող նկարչի հետ  նայել են մի շարք լուսանկարներ, տեսանյութեր՝ արված ռազմի դաշտում, փորձել են  ստանալ այդ պատկերները, փոխանցել շունչը, միաժամանակ տեղ տալով մի շարք թատերական  լուծումների: Նրա խոսքով, հետաքրքիր ստեղծագործական որոնումների շրջան են անցել նաև ներկայացման կոմպոզիտորի հետ, ում նրբին ու զգայական ստեղծագործությունները զգույշ ու խնամքով են անցնում ողջ ներկայացման միջով։
«Թեման անասելի պարտավորեցնող է և այդ իսկ պատճառով մի շարք նախասիրություններից ու երևակայություններից հետ կանգնեցի։  Քարերի հետ մեջք-մեջքի տված մարդկանց ճակատագրերի մասին այլ լեզվով էր պետք խոսել… Ծանր  թեմա է, ներկայացումը՝ նույնպես, չնայած տեղ-տեղ այն ողողված է հումորով։ Այս բոլոր մտածմունքների մեջ մարդկանց թևեր տվող և վաղվա օրվա հանդեպ հույս ներշնչող բաներ էլ կան։ Եվ արվեստը արվեստ չէ, եթե այն չի թևավորում, չի ոգեշնչում, չի բարձրացնում, չի գոտեպնդում ու չի լուսավորում»,- ասաց ռեժիսորը:
Դավիթ Հարությունյանի խոսքով, «Արծվաբույն»-ն իր հիմնական ասելիքով, բոլոր բաղադրիչներով,  ռազմավարական նշանակություն ունեցող ներկայացում է:

Բեմադրությունը դիտելու ընթացքում մտովի կատարեցինք էքսկուրս դեպի մեր պատմական ու ավետյաց երկիր Արցախ։
2017-ի  ընթացքում «Արծվաբույն»-ը պետական ծրագրի շրջանակներում կցուցադրվի Վանաձորում, Գյումրիում, Գորիսում, Կապանում ու Ստեփանակերտում:

 tsovik martirosian 1

Ստորեւ ներկայացնում ենք առաջնախաղից հետո կայացած մեր զրույցը սիրված դերասանուհի  Ծովինար Մարտիրոսյանի հետ։

 Նախ, ինքներդ, ինչպե՞ս կմեկնաբանեք ներկայացումը:

– Բոլորիս պարտքն է միշտ հիշենք Արցախյան գոյամարտը, մեր հերոսներին ու ներկայացման ասելիքն այդ է, փորձել ենք մեղմ նոտաների մեջ ցույց տալ էմոցիաներն  ու զգացմունքները։ Մենք հպարտ ենք ու երջանիկ, որ կարողացանք ստեղծել նման ասելիքով ներկայացում, որի բեմադրիչն է Դավիթ Հարությունյանը։

– Ու՞մ կառանձնացնեիք Ձեր խաղընկերներից։

– Այս ներկայացման մեջ խաղում եմ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանի  հետ։ Վերջինս հրաշալի մարդ և խաղընկեր է, հոգաչափ շնորհակալ եմ նրան , ով ինձ միշտ թև էր տալիս փորձերի ժամանակ, գնահատում եմ անկեղծ մարդկանց և մշտապես հիշում։

– Կնշեք Ձեր և Ձեր դերի բնավորության նմանություններն ու առանձնահատկությունները: Ինչպե՞ս կերտվեց Սոնայի կերպարը։

– Ես սիրեցի Սոնայի կերպարը հենց առաջին հայացքից, անհամբերությամբ սպասում էի նրա լույս աշխարհ գալուն և երեկ վերջապես կատարվեց։ Համոզված եմ, հանդիսատեսը սիրեց նրան։ Մենք ունենք նմանություններ և նաև մեծ տարբերություններ։ Նախ, բնավորությունների և ապրելակերպի տարբերությունն է։  Նա ինձնից  ուժեղ է  միանշանակ։ Միջավայրը, որտեղ հայտնվում է Սոնան, իրականում հիշեցնում է մի քանդված, քարքարոտ տեղանք ու վերջինս դառնում է Ամայ մայրիկի շարունակողն ու պահպանողը։ Ես  չգիտեմ արդյոք ինքս կկարողանամ ապրել այդ տանն ու ամբողջ կյանքս անցկացնել ծանր հրետանու և վիրավոր զինվորների հառաչանքների ներքո։ Բարդ է, հզոր է իմ Սոնան։ Սոնայի կերպարը անչափ հետաքրքիր ստեղծվեց. նրա մեջ կա հայ կնոջ տիպն ու նրա անսահման սերը դեպի հայրենիքը։ Ուժեղ է նա, անկոտրում, հումորով, զուսպ,  գեղեցիկ ու անսահման բարի։ Բազում տառապանքների միջով անցած հերոսուհին հայտնվում է պատերազմի  դաշտում թնդանոթների ու կրակոցների մեջ,  դիրքից դիրք, ջոկատից ջոկատ իր ամուսնուն է փնտրում, իսկ   շարունակությունը չեմ ասի…։

-Ո՞րն է Ձեր խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

– Խորհուրդ եմ տալիս երիտասարդներին դիտել այս ներկայացումը։ Այն ներշնչում է հայրենասիրություն և ոգու անկոտրում կամք։

Գարիկ Ավետիսյան

tsovik martirosian 3


Առնչվող նյութեր
1. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
2. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
3. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
4. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
9. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
10. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: