ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում

28 մարտի, 2018 | 21:31

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության հանդիսավոր բացումը 2018թ. մարտի 30-ին ժամը 18:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում:

Արա Հարությունյանն իր արվեստանոցում
Ara Harutyunyan in his studio

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 90-ամյակին: Արա Հարությունյանը  (1928-1999) խորհրդային  ժամանակաշրջանի հայ ամենաականավոր մոնումենտալ քանդակագործներից էր: Նրա կոթողային ստեղծագործություններն սփռված են հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում, ինչպես նաև այդ սահմաններից դուրս: Արա Հարությունյանի  գեղարվեստական ժառանգությունը  բազմաշերտ է. մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններ,  դիմաքանդակներ, շիրմաքարեր, բազմաթիվ գծանկարներ և գրաֆիկական  աշխատանքներ: Նա է հանդիսանում Երևանի բարձունքում խոյացող «Մայր Հայաստան»-ի հեղինակը, որն այսօր դարձել է Հայաստանի ամենագլխավոր խորհրդանիշերից մեկը:

Իդա Կար, 1957
Բրոնզ 36 x 26 x 26 սմ
Ida Kar, 1957
Bronze36 x 26 x 26 cm

Ցուցադրությանը ներկայացված են արվեստագետի հեղինակած շուրջ 60 աշխատանք, այդ թվում՝ քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ Արա Հարությունյանի ընտանիքի հավաքածուից, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալու վարպետի բազմակողմանի մոտեցումներին  և ստեղծագործական երևակայությանը: «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունն իրականացվել է «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ համատեղ:

 

«Արա Հարությունյանի  արվեստում ակնհայտ է ոգեշնչումը, ներդաշնակությունը, ազգայինը, միջավայրի հետ բնական համադրումը,  որով վարպետը յուրօրինակ իմաստ, բովանդակություն և կյանք է հաղորդում իր ստեղծագործություններին: Վստահ ենք, որ «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը արժանին կմատուցի հանրությանը՝ նորովի գնահատելու մեծ արվեստագետի կարկառուն ներդրումը հայ արվեստում»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

Գաֆէսճեան  արվեստի կենտրոնի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում»  ցուցադրությունը, նվիրված լինելով արվեստագետի ծննդյան 90-ամյակին,  այդուհանդերձ  հետահայաց լինելու միտում չունի: Աշխատանքներ են ներկայացված տարբեր շրջափուլերից՝ բացահայտելով վարպետի հարուստ գեղարվեստական լեզուն և կենտրոնական դերը հայկական քանդակագործության էջերում:

Աշխատավորը, 1978
Բրոնզ 113 x 70 x 45 սմ
Workman, 1978
Bronze 113 x 70 x 45 cm

 

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. մարտի 31-ից մինչև  հունիսի 10-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի կյանքի դիպվածները. բացառիկ ցուցադրություն Երեւանի կենտրոնում
3. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
4. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
5. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
6. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
7. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
8. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
9. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
10. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: