Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Պրահայի Կբելի թաղամասում բացվել է հայկական լավաշի նոր արտադրություն՝  նոր հոսքագծով, որի նմանն, ըստ արտադրողների,   Արեւելյան Եվրոպայում չկա։  Հայկական լավաշի այս  արտադրանքն արդեն ստացել է չեխական եւ եվրոպական հավաստագիր։

Չեխիայում լավաշ  թխել  են 1990-ականներից, այժմ էլ դեռեւս տարբեր քաղաքներում մեր հայրենակիցները  շարունակում են թխել լավաշ։  

,,Լավաշ  Պրահա,, ընկերությունը Գարիկ Պետիկյանի եւ Մարիա Տուրյանինի ղեկավարությամբ թեեւ բացվել  է 2020 թվականին, սակայն  ունի  14 տարվա պատմություն։ Դեռեւս 2006 թվականից Գարիկի հայրը՝ Հայկ Պետիկյանը տիկնոջ հետ  լավաշ են թխել։  Սակայն եթե անցած  տարիներին  երեք հացթուխներ  լավաշը թխում էին  ձեռքով, ապա նոր հոսքագիծը ոչ միայն  հնարավորություն է տալիս ավելացնել  լավաշի քանակը, այլեւ բարձրացնել  արտադրողականությունն ու որակը։  Հոսքագիծը ապահովել  է չեխական ,,Օմեգա,,  ընկերությունը՝  նախագահ Իգոր Մացաշեկի եւ  գլխավոր խորհրդատու Մհեր Գամջյանի  հետ համագործակցության արդյունքում։

Եթե նախկինում 14 ժամվա ընթացքում թխում էին օրական 1000 լավաշ, ապա այժմ 6 մետրանոց քարե վառարանում միայն մեկ ժամում թխում են 1500 լավաշ։ Ընկերությունում աշխատում են 11 հոգի եւ ամսական 200 հազարից ավելի լավաշ են արտադրում։

Լավաշը թխում են հին հայկական բաղադրատոմսով , օգտագործում են միայն  ալյուր, ջուր, աղ  եւ թթխմոր։  Լավաշի քաշը 120 գրամ է, 67x37 սմ ։  Արտադրում են նաեւ ավելի փոքր չափի լավաշիկներ՝ 35x18 սմ։

Լավաշը նորմալ վիճակում մնում է  3-6 օր, սակայն հերմետիկ փակ  տոպրակներում մնում է  30 օր՝ 18 աստիճանի պայմաններում։  Մեծ լավաշները երկուական, իսկ փոքրները՝  չորսական փաթեթավորվում են հերմետիկ տոպրակներում։  Այս ամենը կատարվում է հոլանդական հատուկ սարքավորման միջոցով։

Սովորական լավաշի գինը 13 կրոն է, սակայն առաջիկա ամիսներին  վաճառվելու է զեղչով՝ 10 կրոն արժեքով։  50 լավաշ պատվիրելու դեպքում ՝ ընկերությունը ապահովում է նաեւ առաքումը։ Պատվերներն ընդունվում են նախապես՝ մեկ օր առաջ։

 Գարիկ Պետիկյանը նշում է, որ արդեն իսկ պայմանավորվածություն ունեն Արաքս ընկերության հետ, որի միջոցով հայկական լավաշը կտարածվի նաեւ Չեխիայի  սուպերմարկետներում ՝ այդ թվում Kaufland, Norma, Globus  եւ մի շարք այլ գերմանկան եւ չեխական առեւտրի ցանցերում։  Հայկական լավաշը վաճառվում է նաեւ Պրահայի ռուսական, արաբական խանութներում, Հոլեշովիցե շուկայում, ինչպես նաեւ Քանթրի լայֆ ընկերության խանութներում։

 Պրահայում լավաշը կարող եք պատվիրել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 420- 778 023 336 կամ 420- 608 415 668։

ՕՐԵՐ