ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Al Jazeera-ն փորձել է բացահայտել հայերի` շախմատամոլության գաղտնիքը

25 մարտի, 2013 | 19:30

ԵՐԵՎԱՆ.- Հայաստանի շախմատի հավաքականի և հայ գրոսմայստերների պարբերական հաղթանակները միջազգային մրցաշարերում մշտապես հարուցել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետաքրքրությունը` պարզելու, թե որն է հայկական շախմատի գաղտնիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ հայկական շախմատին է անդրադարձել արաբական Al Jazeera հեռուստաալիքը:

«Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, ուր շախմատի դասերը ընդգրկված են պարտադիր կրթական ծրագրում, և այս նախաձեռնությունը լիովին արդարացրել է իրեն. ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող կովկասյան այս երկիրը շախմատային գերտերություն է: Հայաստանն ավելի քան 30 գրոսմայստեր է տվել, Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է 2006, 2008 և 2012 թվականների Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում»,- պատում է Al Jazeera-ն` ընդգծելով Լեւոն Արոնյանի` ՖԻԴԵ լավագույն եռյակում ընդգրկված լինելու հանգամանքը: 

Հայաստանի կառավարությունն ավելի քան 3 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատը, որպես պարտադիր դասվանդման առարկա, ընդգրկելու ծրագրի համար: Հատկացված բյուջեի զգալի մասն ուղղվել է շախմատի մարզիչների վերապատրաստման և լավ ուսուցիչներ պատրաստելու համար: Միաժամանակ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ առաջիկա տարիներին ավելի շատ գումար կհատկացվի: «Ծրագրի նպատակը ոչ միայն նոր չեմպիոններ պատրաստելն է, այլ լավ հասարակություն դաստիարակելը և երիտասարդ սերնդի մոտ ստեղծագործական մտածողություն խթանելը: Շախմատը զարգացնում է բազմակողմանի կարողություններ` առաջնորդելու, որոշումներ կայացնելու, ռազմավարական պլանավորման հմտություններ, տրամաբանական մտածողություն և պատասխանատվության զգացում: Աշխարհի ապագան կախված է այնպիսի ստեղծագործ առաջնորդներից, ովքեր կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել սխալ որոշումների համար», – ասել է Աշոտյանը: 

Անցյալ տարվանից Հայաստանի հոգեբանների մի խումբ` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, հոգեբան Ռուբեն Աղուզումցյանի գլխավորությամբ, ուսումնասիրում է շախմատի ազդեցությունը երիտասարդների մտածողության վրա: Ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ շախմատին լավ տիրապետող երեխաները որոշակի անձնական հատկանիշներ են դրսևորում` անհատականության, ստեղծագործական մտածողության, արագ արձագանքելու և համեմատական վերլուծական կարողություններ: Աղուզումցյանը ընդգծել է, որ շախմատը բարելավում է երեխաների հաղորդակցման հմտությունները և զարգացնում մտավոր կարողությունները:

«Ես շատ եմ սիրում շախմատի դասերը: Իմ պապիկն է ինձ շախմատ խաղալ սովորեցրել, բայց հիմա, երբ մենք դպրոցում էլ ենք անցնում այն, ես նրանից ավելի լավ եմ խաղում»,- ասել է յոթամյա Սյուզի Հունանյանը` ավելացնելով, որ երբ մեծանա, իր  կուռքի` Լևոն Արոնյանի նման շախմատի չեմպիոն է դառնալու: 

«Շախմատը լավ ազդցություն է ունենում երեխաների` նաև մյուս առարկաները տիրապետելու և յուրացնելու վրա: Երեխաները սովորում են մտածել և ավելի ինքնավստահ են դառնում»,- հայտնում է Եղիշե Չարենցի անվան դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Փութանյանը:

Շախմատը կրթական ծրագրերում ընդգրկելու հայաստանյան հաջող փորձը օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար` մասնավորապես Հունգարիան պատրաստվում է այս տարի շախմատը ներդնել տարրական դպրոցների ազգային կրթական ծրագրում: Մոլդովան, Ուկրաինան և Իսպանիան ևս հետաքրքրվածություն են ցուցաբերել նմանատիպ ծրագիր իրականացնելու մեջ: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի և Կուբայի դպրոցներում արդեն շախմատի ժամեր են առանձնացվել, սակայն դա դեռևս ամրագրված չէ համազգային օրենսդրությամբ:

Al Jazeera-ն նաև անդրադարձել է շախմատի նկատմամբ հայերի ունեցած հատուկ վերաբերմունքին և այս խաղի նշանակությանը հայկական մշակույթում. «Արևոտ օրերին Երևանի զբոսայգիները լցված են շախմատ խաղացող մարդկանցով»: Երևանի շախմատի տունը ևս վկայությունն է երկրում առկա շախմատային տենդի, ուր ամեն օր տասնյակ շախմատիստներ, երիտասարդներ և ծերեր, երկար ժամեր են անցկացնում շախմատի տախտակի առջև: «Հայերը միշտ էլ սովոր են եղել խնդիրներ լուծելուն, քանզի մենք միշտ խնդիրներ ենք ունեցել: Հաճախ դա ոչ թե լավ կամ վատ ապրելու հարց է եղել, այլ լինել- չլինելու: Իսկ շախմատը խնդիրեր է լուծում խաղատախտակի վրա: Ուստի պատահականություն չէ, որ մեր երկիրն այսքան լավ է շախմատից», – նշել է Աղուզումցյանը:

Երկրում տիրող շախմատային այս տենդից և հատուկ վերաբերմունքից անխոս անմասն չէին կարող մնալ նաև հայ շախմատիստները: «Շախմատի լավ կողմերից մեկն այն է, որ գումարի մասին չես անհանգստանում: Չնայած մենք կորպորատիվ հովանավորներ ենք ունենում որոշ իրադարձությունների համար, սակայն պետությունն է հինականում աջակցում և օգնում մեզ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը: 29-ամյա գրոսմայստերը կիսվել է նաև, որ շախմատիստ լինելը Հայաստանում նշանակալի կարգավիճակ է ապահովում. «Փողոցում զբոսնելիս մարդիկ ողջունում են ինձ, անգամ ուղեկցում մինչև տուն, բացի դրանից, ես բազմաթիվ նամակներ եմ ստանում իմ երկրպագուներից: Ես երջանիկ եմ, որ շախմատիստ եմ այս երկրում»:

Գագիկ Հովհաննիսյանի հեղինակային «Շախմատ-64» հեռուստածրագիրը եթերում է դեռևս 1972 թվականից և մեծ մասսայականություն է վայելում հեռուստադիտողի շրջանում: Նշվում է, որ այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեկ այլ ծրագիր` «Շախմատի աշխարհը»` երիտասարդներին այս սպորտաձևի մեջ ներգրավվելու համար:

Նշվում է, որ շախմատը դարձել է երկրի գլխավոր սպորտաձևը և ընդօրինակման առարկա: «Հիանալի կլինի, որ մեր ֆուտբոլի հավաքականը նույնքան պատրաստված և ուժեղ լինի, որքան շախմատի հավաքականը»- հեռուստաալիքը մեջբերում է ՀՀ քաղաքացի Խաչատրյանի խոսքերը:

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
8. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
9. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
10. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: