ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան

31 մայիսի, 2018 | 21:23

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:

Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար: Ես մեծ հրճվանքով էի հետևում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, և այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին:
Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, և դուք գիտեք բոլորդ, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ այդ ուղերձը տեղ է հասել, և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է:
Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ այդ պաշտոնական, արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ և անցնում էինք ուղիղ խոսակցության՝ բաց, անկեղծ եղբայրական խոսակցության, որովհետև կարծում եմ, որ փաստաթղթերից, պայմանագրերից առավել կարևոր է, որ կա հնարավորություն նայելու ուղիղ իրար աչքերի մեջ և տեսնելու, թե ինչ է արտահայտում հայացքը: Ես եկել էի, այո՛, սիրո և համերաշխության ուղերձով, ես եկել էի Վրաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների աչքերի մեջ ուղիղ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն և կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Իսկ այդ հայացքի մեջ գրված է մի բան, որ մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու և մեր ժողովուրդներին բարեկամության և եղբայրության նոր լիցք և նոր էներգիա հաղորդելու:
Ես լիովին համաձայն եմ պարոն փոխվարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է:
Երբ այս տեսակետից ենք նայում իրավիճակին և խնդրին, մեր անելիքը շատ պարզ է դառնում, մեր անելիքը հստակ է՝ ամուր, պինդ կանգնել կողք կողքի, ուս ուսի և
՛ հզորացնել մեր պետությունները, և՛ հզորացնել մեր ժողովուրդներին, և՛ հզորացնել մեր հավատը, ՛և հզորացնել մեր վստահությունը դեպի ընդհանուր ապագա: 

Ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի Հանրապետության համար բարեկամ իշխանություն, հայ ժողովրդի համար բարեկամ իշխանություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ Վրաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի հզորացմանը, բարգավաճմանն ու երջանկությանն աջակցելու համար, ինչպես և մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք վրաց պետության հզորացման և վրաց ժողովրդի երջանկության համար:

Նաև մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարևորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, և ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում և նշել , որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը: Փոխվարչապետ Ջանելիձեն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանի զարգացմանը:

«Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար և ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարևան բարեկամ պետությունների հարաբերությունները:

Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարևան Հայաստանը ևս պարոն Փաշինյանի ղեկավարությամբ կառուցում է ժամանակակից Հայաստան, և մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան և Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի և ի բարօրություն երկու երկրների»,-ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին:

Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց Ուղղափառ եկեղեցու անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաև Վրաստանի համար ու հակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ և այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը: Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Գիտեմ, որ վրաց ժողովուրդը պատրաստվում է տոնել այդ հոբելյանը: Դուք ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում ու աշխարհում վայելում եք բարձր հեղինակություն, հետագա գահակալման ընթացքում մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկը նաև ինքնության, ավանդույթների պահպանման և զարգացման խնդիրն է: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին և մեր համընդհանուր արժեքներին: Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու իմ պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնեն հայ-վրացական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք արդյունավետ բանակցություններ, քննարկել ենք մի շարք հարցեր եղբայրական մթնոլորտում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների կյանքում: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն ունկնդրել են Իլյա Երկրորդի հեղինակած հոգևոր երաժշտության ստեղծագործություններից մեկը:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
2. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
3. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
4. «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին
5. Ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան. ասել է Փաշինյանը Պուտինին
6. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
9. Մերկելի հետ սելֆի են արել ոչ միայն վարչապետն ու նախագահը, այլեւ Հյուսիսային պողոտայի անցորդները
10. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: