ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. Բուլղարացի լրագրող

29 օգոստոսի, 2017 | 11:09

«Հայ ձայն»-ի հարցերին պատասխանում է բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

-Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, և այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:

-Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում եմ այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ: Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, և այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաև Բուլղարիան: Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, և այս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով: Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետևում էր իմ աշխատանքին:

Իմ արած բացահայտումները մեծ ցնցում առաջացրին բուլղարացիների շրջանում, նրանք զարմացած էին, թե ինչպես երկրի ղեկավարությունը կարող է նման բանի մեջ մասնակցություն ունենալ:

-Այս բացահայտումները հրապարակելուց հետո որևէ ճնշման ենթարկվեցի՞ք:

-Բուլղարիան ազատ երկիր է, այստեղ ճնշումների մեթոդը չի գործում: Ի վերջո ես անկախ լրագրող եմ, մինչև այս հարցազրույցի տեղի ունենալը աշխատակցում էի «Տրուդ» կայքին, բայցևայնպես ես հետաքննող լրագրող եմ, իմ ազատությունն ինձ համար ամենակարևոր արժեքներից է:

-Իսկ երկրի կառավարությունից Ձեզ հետ կապ հաստատեցի՞ն, հարցրի՞ն հրապարակման մասին ինչ-որ բան:

-Բուլղարիայի կառավարության համար, բնականաբար, իմ հրապարակումները պետք է անընդունելի լինեին: Պետք է նշել, որ ահաբեկիչներին զենք տալու վերաբերյալ գործարքը եղել է Բուլղարիայի և երրորդ պետության միջև, այսինքն՝ Բուլղարիայի կառավարությունն ուղղակիորեն ներգրավված չէ այս գործարքներում: Գոյություն ունի մի երրորդ կողմ, որը բուլղարական զենքերը հասցրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին: Սա է պատճառը, որ մեր երկրի կառավարությունը տարբեր առիթներով հերքեց իմ հրապարակումները՝ նշելով, որ այդ մասին որևէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ ինչպես է բուլղարական զենքերը հասել Սիրիա: Նաև տեղեկացա, որ երկրի հատուկ ծառայություններն այս թղթածրարի վերաբերյալ հետախուզում են իրականացրել, սակայն այս մասին հստակ ոչինչ չասվեց, միայն հայտնի դարձավ, որ իրենք մերժում են իմ հրապարակումները: Այստեղ որոշ նրբություններ կան. եթե Բուլղարիայի կառավարության ներկայացրած տեսակետը քննենք, կտեսնենք, որ նրանք զենք են վաճառել այլ պետության, և տեղյակ չեն եղել, թե խաղաղ բնակչությանը սպանող զենքերը դեպի ո՞ւր են տարվում: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Բուլղարիան, ըստ էության, այս ամեն ինչի մեջ կողմ է, բայց այն գլխավոր կողմը չէ, Բուլղարիան դա արել է միջնորդների օգնությամբ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Բաքուն այս քայլին դիմել, ահաբեկիչներին զենք վաճառելու դրդապատճառը ո՞րն է:

-Դժվար է այս հարցին պատասխանելը, քանի որ Ադրբեջանը ոչ թե ընկերությունների միջոցով է զենք վաճառել, այլ, իմ հիմնավոր տեղեկությունների համաձայն, պարզ է դառնում, որ Բաքուն զենքի այդ գործարքները կատարել է՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Իսկ զենքի փոխադրումն արվել է Silk Way ավիափոխադրողի միջոցով, որը պետական հովանավորչություն է վայելում: Բաքվին հաջողվել է զենքի փոխադրումն իրականացնել իր դեսպանատներին տրված արտոնություններով: Հայտնի է, որ գոյություն ունի այսպես ասած «դիվանագիտական թռիչք», որը զերծ է խուզարկումներից: Դա է պատճառը, որ Բաքուն խուզարկումներից զերծ եղող ավիաթռիչքներից է օգտվել ու զենք փոխադրել: Սա ամրագրում է այն տեսակետը, որ Բաքվի արած այս գործողությունները պետական մակարդակով են արվել: Այս ամենն ապացուցող փաստաթղթեր կան ինձ մոտ, որոնք հրապարակված են: Պարզ է, որ կողմերը չպիտի ընդունեն իրենց ներկայացվող մեղադրանքները, սակայն զենքն օգտագործողը պատերազմելու համար, ենթակա է միջազգայնորեն դատապարտման:

-Հետաքրքիր է, որ այս բացահայտումներից հետո Դուք հայտնվել եք Բաքվի «սև ցուցակում»…

-Բաքվի իշխանությունների հետ ոչ մի կապ չունեմ.. Երևի թե հայտնվել եմ այդ ցուցակի գլխավոր տեղերից մեկում (քմծիծաղում է), բայց ցայսօր չունեմ տեղեկություն:

-Ձեր հրապարակումները հայկական լրատվադաշտում մեծ արձագանք գտան: Մենք Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ, և այս տեղեկությունները ցույց են տալիս , թե ինչ տեսակի պետության հետ գործ ունենք: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Բնականաբար, հետեւում եմ հրապարակումներին, լավ գիտեմ Արցախյան հակամարտության մասին և վստահ եմ, որ այս ապօրինի գործարքներից ստացված զենքից նաև հայերի դեմ է օգտագործել Ղարաբաղի սահմանի վրա:

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ Բաքուն բոլոր դիվանագիտական միջոցները գործադրում է՝ զենքի ապօրինի գործարքներ կատարելու համար, և զենքն էլ հաճախ հայերի դեմ է կիրառվում:

-Մտադի՞ր եք Հայաստան կամ Արցախ այցելել:

Ես հետաքննող լրագրող եմ, և պատրաստ եմ աշխարհի ցանկացած ծայր գնալ ՝ արդարության ձայնը բարձրացնելու:

Հ.Գ.-Հիշեցնենք, որ Դիլյանա Գայտանջիևան հեռացվել է աշխատանքից: Լրագրողը կատարվածի առնչությամբ օգոստոսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը՝ Սիրիա մեկնելուց և իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից»: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է նաև իր հետաքննական նյութը: Լրագրողը միաժամանակ կասկած է հայտնում, որ նյութը կարող է հեռացվել «Trud Daily» օրաթերթի կայքից:


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: