ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-իտալական գործարար համաժողով

09 հունիսի, 2017 | 06:31

Հունիսի 7-ին հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում Հռոմում կայացավ Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 200-ից ավելի գործարարներ։

Մինչ այդ Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցություն, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների և լրագրողների առջև։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցության ղեկավար, Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկո Ֆրատտինիին, ում հետ քննարկեց հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Հունիսի 6-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։

Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Իտալիա միջկառավարական նիստի գումարման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դա գործուն շրջանակ կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար։

Հունիսի 7-ին Հռոմում կայացած հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակ-ցության նախարարի տեղակալ Բենեդետտո Դելլա Վեդովան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալական Հանրապետության կառավարության միջև մշակութային, կրթական և գիտական համագործակցության գործողությունների ծրագիրը՝ 2017-2020 թթ. համար:

Նիստի արդյունքներով ստորագրվեցին հետևյալ փաստաթղթերը.

◆ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալական Հանրապետության կառավարության միջև մշակութային, կրթական և գիտական համագործակցության գործողությունների ծրագիրը՝ 2017-2020թթ. համար,

◆ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը,

◆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի և «Իտալական այրան ազգային կենտրոնի» միջև տեխնիկական համաձայնությունը:

Գործարար համաժողովի բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Ուրախ եմ մասնակցել միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողովի բացմանը:

Ինչպես իրավացիորեն նշված է համաժողովի խորագրում, հայ-իտալական առևտրական և գործարար կապերն ունեն հնագույն պատմություն, որոնք հատկապես վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև: Ինչպես վենետիկցի հայտնի ճանապարհորդ և վաճառական Մարկո Պոլոն է գրել իր գրքում՝ Եվրոպայից Ասիա տանող բոլոր առևտրային ուղիներն անցնում էին Կիլիկիայի Այաս նավահանգստով, որը յուրատեսակ հանգույց էր հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխանակումների համար:

Այս հնագույն, ավանդական կապերը նոր թափ են ստացել Հայաստանի անկախացմամբ: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում միջպետական համագործակցությունն անշեղորեն զարգացել է, դրանցում ընդգրկվել են տնտեսության նորանոր ոլորտներ:

Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գումարումը և գործարար համաժողովի կազմակերպումը, անշուշտ, նոր հեռանկարներ են բացելու մեր տնտեսական կապերի համար՝ նպաստելով տարբեր ոլորտներում մեր գործընկերության խորացմանը: Ակնհայտորեն, այս առումով առկա է մեծ ներուժ, և Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրել բոլոր ջանքերը՝ մեր երկրների գործարար շրջանակների միջև կապերին աջակցելու համար:

Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ օժտված ժամանակակից, կրթված և աշխատասեր մարդկային ռեսուրսով, գտնվում է խոշոր շուկաների հարևանությամբ, իր մասնակցությունն է բերում տարբեր համագործակցության հարթակներում, կիրառում է եվրոպական չափանիշների ու գործարար փորձի լավագույն օրինակները: Աշխարհում և, մասնավորապես, Եվրոպայում հայկական սփյուռքի առկայությունն էապես նպաստում է մեր առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը՝ մեր երկիրն առավել մոտ պահելով միջազգային շուկաներին, իսկ երբեմն նույնիսկ Հայաստանի միջոցով այդ շուկաները կապելով միմյանց:

Վերջին տասնամյակում նշանակալից բարեփոխումներ են իրականացվել՝ գործարար մթնոլորտի բարելավման, Հայաստանում օտարերկրյա ներդրումների առավել բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով: Կառավարության այս ջանքերը հանգեցրել են միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Համաշխարհային բանկի «Գործարարությունը 2017թ.» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդ տեղն է զբաղեցրել։ Ավելին, Հայաստանը 9-րդն է բիզնես սկսելու պարզության ցուցանիշով: Ինչ վերաբերում է «Հերիթիջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքսը 2017թ.» զեկույցին, ապա ներկայումս Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ տեղը:

Հայաստանը օգտվում է տարածաշրջանային արտոնյալ առևտրային ռեժիմներից՝ ընդլայնելով տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունը: Օտարերկրյա ներդնողներին մենք տրամադրում ենք երաշխիքներ, պաշտպանություն և առավելություններ: Նրանք ենթարկվում են ընդհանուր օրենսդրությանը, որի շնորհիվ օտարերկրյա ներդնողներն ապահովագրված են ոչ միայն խտրական վերաբերմունքից, այլև նրանց համար նախատեսվում են որոշակի արտոնություններ:

Այս արտոնություններից են սեփականության իրավունքը, Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից հողատարածքներ ձեռք բերելու իրավունքը, երկրի ցանկացած հատվածում և վայրում անարգել մուտքի իրավունքը, գույքի և եկամտի ազատ փոխհատուցման իրավունքը, տարադրամի անսահմանափակ փոխանակումը շուկայական տոկոսադրույքներով և այլն: Բացի այդ, Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրեր 41 երկրների, այդ թվում նաև Իտալիայի հետ:

Մենք ընդունել ենք նոր հարկային օրենսգիրք, պարզեցրել ենք վարչարարական ընթացակարգերը՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարների և ներդրողների համար:

Հայաստանն արձանագրել է բարձր աճի տեմպեր տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, նորարարությունների, ճշգրիտ ճարտարագիտության և հետազոտողական կարողությունների ստեղծման ​​ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանում իր առաջատար դերը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում ստարտափներին՝ նրանց ազատելով շահութահարկից և գանձելով միայն 10% եկամտահարկ: Արդյունքում վերջին տարիներին մենք արձանագրել ենք ՏՏ ոլորտում միջինը 25% աճ: Միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը մենք արդեն իսկ նշել ենք շահավետ համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ոլորտներ՝ ներառյալ՝ էներգետիկան, տրանսպորտը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը:

Զբոսաշրջությունը ներկայացնում է համագործակցության ևս մեկ խոստումնալից ուղղություն: Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի կրոնական հուշարձանները առանձնահատուկ կարևորությունն են իրենցից ներկայացնում: Նախորդ տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան՝ իր խոսքերով, «որպես ուխտագնացություն դեպի առաջին երկիր, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:

Տիկնայք և պարոնայք,

Կառավարության ներկայիս տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտահանման աշխարհագրության ընդլայնմանը: Հայաստանն օգտվում է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից: Իսկ GSP ռեժիմը կիրառվում է Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Հայաստանն ունի ազատ առևտրի գործող համաձայնագրեր ԱՊՀ անդամ երկրների և հարևան Վրաստանի հետ:

ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծապես կնպաստի Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է, և մենք պատրաստվում ենք նոյեմբերին այն ստորագրել ԵՄ-ի հետ: 2015թ. հունվարին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ինչը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը կարող է կամրջի դեր կատարել՝ օգտագործելով առկա հնարավորությունները և տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների՝ մասնավորապես Իտալիայի հետ առևտրատնտեսկան շրջանառության ընդլայնման համար:

Տիկնայք և պարոնայք,
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ, որոնք ճանապարհ կհարթեն մեր համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար:

Ուրախ կլինենք մեր հաջորդ հանդիպումը հյուրընկալել Հայաստանում՝ քննարկումներն ամփոփելու և արդյունքները վերլուծելու համար»:


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
8. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
10. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: