ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ

31 դեկտեմբերի, 2017 | 09:32

 

Եվրոպայի Հայերի Համագումարը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի և աշխարհի չորս կողմերում սփռված հայության Նոր Տարին և Ս. Ծննդյան տոները:

Հայաստանի մեր ժողովրդին մաղթում ենք երջանկություն, ապագայի նկատմամբ հավատք և վստահություն իր ուժերին:

Արցախին մաղթում ենք վերջնական հաղթանակի հաստատում և վառ ապագայի կերտում,
Ջավախքի մեր հայրենակիցներին ամուր կամք և կորով՝ ապրելու և ստեղծագործելու հարազատ հողում:

Սփյուռքի մեր հայրենակիցներին մաղթում ենք համբերություն և ինքնության պահպանման ու հարատևման պայքարում՝ միասնակամություն, իսկ հայրենի երկրի զարգացման ու շենացման գործում վճռականություն:

Ապագան շաղկապված է ներկայի ու անցյալի հետ անբաժան: Ներկայի յուրաքանչյուր պահ արդեն անցյալ է, իսկ ապագան ներկա… եւ այսպես շարունակ: Ճանաչելով անցյալն ու ներկան, կարող ենք պատկերացնել ապագան…

Անցնող 2017 թվականը ամբողջ աշխարհում եղավ անակնկալներով և հատկապես քաղաքական ասպարեզում մեծ վերիվայրումներով ու վտանգավոր պահերով լեցուն տարի:

Հայաստանի Հանրապետությունը նաև, որպես աշխարհի երկրների ամբողջական շղթայից մի օղակ, բնականաբար, չէր կարող զերծ մնալ վերոհիշյալ արհավիրքներից: Ողջ հայության համար բնականաբար ավելի կարեւորվում է հայրենիքին առնչվող յուրաքանչյուր զարգացում:

Անդրադառնալով անցնող տարվա հայաստանյան իրադարձություններին, նշենք միայն երեք նշանակալի իրադարձության մասին:

Ա. Ապրիլին տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրությունները: Այս ընտրությունները կարեոր էին այն առումով, որ գալիս էին փոխարինելու նախագահական ընտրություններին, եւ որ մինչեւ 2022 թվականը չեն լինելու համապետական այլ ընտրություններ:

Քվեարկության արդյունքում իշխանությունը դարձյալ վերարտադրվեց: Հույսեր էին փայփայվում, որ այս անգամ չեն լինելու, կամ կնվազեն ընտրակեղծիքները, սակայն ցավոք մեկ անգամ ևս իշխանությունները, նորամուծություն մտցնելով իրենց որոշած քվեարկության օրենսդրության մեջ, կարողացան ի մի հավաքել ողջ օլիգարխիային եւ ժողովրդական լեզվով ասած «բորի պես գցել ժողովրդի մեջ»:

Որի’ն քաղցր ու անուշ խոսքերով, որի’ն այլ եւ այլ նվերների խոստումներով, որի’ն հատուկ ծառայություն մատուցանելով, որի’ն 10 հազարանոցներով եւ որի’ն վախեցնելով և սպառնալիքներով հաջողեցին խաբել և ժողովրդի հետ անազնիվ դաշինքի մեջ մտնելով, քվեատուփերից դուրս բերել իրենց ցանկալի արդյունքը… ԵՏՄ-ի դիտորդները ծափահարեցին… Եվրոմիության դիտորդները մի պահ շշկռվելուց հետո, սակայն ինչպես միշտ, կեսբերան քննադատեցին, ապա որոշեցին ընդունել քվեարկության արդյունքները: Սփյուռքից ժամանած դիտորդները «քոռ ու փոշման» վերադարձան իրենց տները, իսկ հայրենի մեր ժողովուրդը նորից կանգնեց «կոտրած տաշտակի առջեւ» ու մտաբերեց իմաստուն խոսքերը՝ «Ինչ անես քեզ կանես, ինչ ցանես այն էլ կհնձես»...

Բ. Սեպտեմբերին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-որդ համաժողովը: Ամանորյա ուրախալի առիթը պահպանելու համար, այս մասին պատմենքՊարոնյանական հումորի լեզվով:

Հին ու նոր Սփյուռքից է’լ ում ասես, որ չէին հրավիրել, եկավ մի ստվար զանգված, շատերն էլ չեկան: Իսկ Հայաստանից մասնակցեցին բոլոր, բոլորը, բայց ոչ ընդիմությունից, քանզի ընդիմությունը չէր էլ հրավիրված, կամ էլ հրավիրված էր մետասաներորդ ժամին:

Հայրենասիրական տասնյակ սրտաճմլիկ ճառերից հետո, իշխանությունները դաշնակցականների հետ միասին որոշեցին ապագայում ստեղծել մի համահայկական խորհուրդ, որ ոչ ատամ ունենա ուտելու, ոչ էլ բերան խոսելու և ըստ հայտարարությունների, չունենալով իրավական որևէ իրավասություն, պիտի մնա որպես սոսկ խորհրդատու մարմին:

Գ. Նոյեմբերին ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա 2017 թվականի կարեորագույն ձեռքբերումներից մեկը կարելի է համարել:

Չխորանալով մանրամասնությունների մեջ կարելի է ասել, որ այդ համաձայնագրի կետերի իրագործումը կամրացնի ՀՀ-ի միջազգային հեղինակությունը, կխթանի տնտեսությունը և կդառնա պատվանդան կառուցելու ավելի զարգացած և առավել մարդկային հասարակություն:
Այն ՀՀ իշխանություններին պարտավորեցնում է ապահովել եւ գործադրել ժողովրդավարության համար անհրաժեշտ բոլոր օրենքները եւ հարգել մարդու անկոպտելի իրավունքը:

Նման մի համաձայնագիր ստորագրող երկրում չպիտի լինեն քաղաքական բանտարկյալներ: Որքան էլ իշխանությունները և այլոք ժխտեն ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների գոյությունը, փաստը մնում է փաստ, որ տարբեր դրդապատճառներով և մեղադրանքներով այսօր անազատության մեջ են գտնվում բազմաթիվ անհատներ, ովքեր իրենց համոզմունքների և գաղափարների համար են դատապարտված: Տեղի են ունենում դատավարություններ, որոնք ավելի շուտ բեմադրություններ են և որևէ աղերս չունեն արդարության եւ իրավունքի հետ եւ պատիվ չեն բերում մեր երկրին: Հարկավոր է անհապաղ վերացնել նման ձևական դատավարություններն ու գործողությունները եւ ապահովել յուրաքանչյուր մարդու իրավունքն ու ազատությունը:

Հավատացած ենք, որ մեր հայրենիքը զարգանալու և երջանիկ քաղաքացիներ ունենալու բոլոր հնարավորությունները ունի և դա կախված է մեզանից յուրաքանչյուրիցս, որպեսզի քանդելով անտարբերության և վհատության պատնեշը, աշխատենք ու պայքարենք իրականացնելու մեր դարավոր երազանքները:

 

Հույսով ենք գալիք տարվա ընթացքում աշխարհի գերտերությունները և մարդկության ապագայի նկատմամբ որոշում կայացնողները կցուցաբերեն այնքան իմաստություն և կամք, որով կկարողանան խուսափել արհավիրքներից և մարդկությանը կորստյան տանող կործանարար քայլերից:

Թող, որ 2018 թվականը լինի զարթոնքի, պայքարի եւ հաղթանակների տարի:

 

Եվրոպայի Հայերի Համագումար
29 դեկտեմբեր 2017
Շվեդիա, Ուփսալա


Առնչվող նյութեր
1. Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
2. 2018 թուականին պէտք է ամբողջութեամբ դուրս գանք հիասթափութեան հոգեվիճակէն. Թորոս Սէֆիլեան
3. Եվրոպայի Հայերի Համագումարը Լեւոն Հայրապետյանին համարում է Ռուսաստանյան անարդար արդարադատության եւ հայկական էլիտայի ու իշխանությունների անտարբերության զոհը
4. Եվրոպահայերի համագումարը՝ իշխանությունների նկատմամբ վստահության եւ անվստահության մասին
5. Հարգանքի տուրք բյուրավոր նահատակների հիշատակին -Չենք մոռացել, չենք մոռանա…
6. Շնորհավոր Նոր տարի, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
7. «Մի ծաղկով գարուն չի գա, Մի ձեռքը ծափ չի տա». Եվրոպայի Հայերի Համագումար
8. Կոչ հանուն Հայաստանում արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների կայացման.
9. Ժողովրդավարական եւ ազգային առողջ մտածողությաբ՝ սառը եւ տրամաբանական դատողությունը հաջողությունների գրավական
10. Խաղաղ հանգուցալուծումը իրավիճակից դուրս գալու միակ ընդունելի եւ դրական ելքն է:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: