ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

15 վիրավոր Գյումրիում՝ հունվարի 15-ի բախումների արդյունքում

16 հունվարի, 2015 | 11:13

gevorg-kostanyan-gyumri-620x300

Երեկ խոշոր ցույցեր են տեղի ունեցել Գյումրիի դատախազության շենքի եւ ՌԴ հյուպատոսության մոտ։ Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղեւորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ եւ 9 քաղաքացիներ:

Հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների արդյունքում այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում գտնվում է երկու ոստիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը: Նա նշել է, որ ոստիկանների վիճակը նորմալ է, մեկի մոտ առկա էր գլխուղեղի ցնցում, մյուսը ստացել է բութ հարված: Նրանք այսօր-վաղը դուրս կգրվեն: Ինչ վերաբերում է գանգուղեղային բաց վնասվածք ստացած եւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված ոստիկանին, Արմեն Իսահակյանը նշեց, որ նա վիրահատվել է, վիճակը բավարար է: Գյումրիի հիվանդանոցի տնօրենը անձամբ այդ ոստիկանի հետ առավոտյան զրուցել եւ հավաստիացել, որ նա լավ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Պերմյակովը Գյումրիում է, մենք մեր աչքերով տեսել ենք: Այդ մասին Գյումրիում դատախազության դիմաց հավաքված բազմության առջեւ հայտարարեց ԱԺ գյումրեցի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ակտիվիստներից մեկի` Կարեն Պետրոսյանի հետ, նոր է վերադարձել 102-րդ ռազմաբազայից, որտեղ գտնվում է սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը:

Պատգամավորը վստահեցրեց, որ զինծառայողը գտնվում է ռազմաբազայում եւ հորդորեց գյումրեցիներին գնալ տուն. «Կասկածի բան չկա, մենք անձամբ այդ խցիկը չենք էլ մտել, խցիկի փոքր անցքից տեսել ենք այդ ոճրագործին, մեզ թույլատրել են գնալ խցիկ, իրան տեսել ենք, ես էլ եմ տեսել, Կարենն էլ, դեմքը տեսել ենք, էդ ոչխարն էր` հաստատ: Մեզ ուղեկցել են, տեսել ենք էդ վիժվածքին: Մենք նկարահանելու խնդիր չէինք դրել, դրա համար էլ չենք նկարահանել»:

Հայաստանի ռադիոն երեկ հետեւել է Գյումրիում տեղի ունեցած զարգացումներին։

Չնայած տուն գնալու հորդորներին, ցուցարարներն այնմուամենայնիվ շարունակեցին մնալ Շիրակի մարզի դատախազությունում: Այժմ նրանց հետ է հանդիպել ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա եւս մեկ անգամ վերահաստատեց իր ասածները, որ գործի ընթացակարգն է ենթադրում ՀՀ կողմի գործողությունները եւ հետագա քայլերը:«Ես դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին: Բայց մենք ունենք պրոցես, քննիչները աշխատում են, և որ պահին ես կունենամ այն անհրաժեշտ բազան, փաստաթուղթը, ես դիմելու եմ: Եկեք չանենք մի բան, որը կվնասի մեզ եւ մեր ճանապարհից կշեղի: Չնայած նրան, որ մենք ունեինք պայմանավորվածություն եւ հիմա մենք ունենք բազում վիրավորներ»,- հայտարարեց Գյումրիում՝ Շիրակի մարզի դատախազության շենքի բակում հավաքվածների հետ հերթական հանդիպմանը դուրս եկած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնելով՝ «մենք՝ երկրի  իրավապահ համակարգը, ամեն ինչ անելու ենք, որ հանցագործը խստագույնս պատժվի»:

Կոստանյանը հիշեցրեց, որ այս պահին նա նոր բան չի հայտնելու: «Մի քանի ժամ առաջվա ասածներից չբավարարվեցիք եւ տեղի ունեցավ այն, ինչ եղավ»,- ասաց դատախազը եւ հաջողություն մաղթելով հեռացավ:

Այստեղ կանգնելով եւ ինքնագործունեությամբ զբաղվելով ոչինչի չենք հասնելու, ասաց Մարտուն Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք մտել են ռազմակայան, նեղ անցքից կարողացել են տեսնել ոճրագործին, նրա հագին եղել է մոխրագույն հագուստ:

լրացված 22.28-ին

Դատախազության շենքի մոտ ցուցարարներին մոտեցավ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանը, ով ցուցարարներին հորդորեց պահպանել հանգստություն եւ ասաց, որ  անկարգությունների հետեւանքով 14 տուժած եւ 13 ձերբակալված կա: Օրհնում եմ ձեզ եւ տուն եմ ուղարկում, գնացեք տուն եւ թույլ տվեք ես մտնեմ գլխավոր դատախազի մոտ: Այսօրվա համար արդեն բավական է կա 14 վիրավոր եւ 13 ձերբակալված:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ասաց, որ զրուցել է Ոստիկանապետի հետ: Նա տեղեկացրեց, որ տասնյակ ոստիկաններ են վիրավորվել, այս իրավիճակը դարձել էր անվերահսկելի: ՙԱյս պահի դրությամբ փակուղու մեջ ենք, այս պահին մեր պահանջներն անհնար է իրականացնել, բայց  դատախազը պատրաստակամություն է հայտնել եւ մենք կսպասենք, մինչեւ գործերի ընթացակարգերը: Խնդրում ենք պրովոկացիայի չենթարկվենք եւ հանգիստ ու համբերատար սպասենք: Մի մարդու պես մենք մեր անելիքը համարում ենք արած: Կալանավորվածների հարցերով զբաղվում ենք: Պետք է իրավիճակը հանգիստ պահենք, որպեսզի կարողանանք զբաղվել մնացած հարցերով՚,- ասաց  Մարտուն Գրիգորյանը:

լրացված 22.00-ին

Մեր թղթակից Աննա Մարտիկյանn այս պահին գտնվում է Գյումրի բժշկական  կենտրոնում. Բուժկենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հաղորդմամբ, ընդհանուր թվով 14 մարդ է դիմել բուժօգնության, կա 3 ծանր վիրավոր:   Երկու ոստիկան գլխուղեղի վնասվածք է ստացել, մեկի մոտ կոտրվածք է, գլխուղեղի վնասվածք չկա, եւ տարբեր ավելի թեթեւ վնասվածքներով են դիմել, փոքրիկ այրվածքներ եւ քերծվածքներ: Ոստիկաններից երկուսի վիճակն է ծանր, այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
լրացված 20.53

Գյումրիում իրավիճակը կարգավորվում է. ցուցարարները հետ են գնում դեպի դատախազություն: Ցուցարարների հետ զրուցեցին եւ հանդարտվելու կոչեր արեցին  ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Վերջինս հավաստիացրեց, որ կկատարեն ցուցարարների Պերմյակովի Հայաստանում լինելու փաստն արձանագրող լուսանկարտ տեսնելու նրանց պահանջը: Գյումրու «Ռադիոլուրի» թղթակից Աննա Մարտիկյանի հաղորդմամբ 14 վիրավոր կա: Ի դեպ, ցուցարարների նետած քարերի պատճառով վնասվել է նաեւ մեր թղթակցի տեսախցիկը:

լրացված 20.21-ին

Լարված իրավիճակ Գյումրիում. հնչում են կրակոցներ. ցուցարարներին ցրում են ոստիկանները: Սակայն ցուցարարների կրնքերը չեն հանդարտվում, այլ հակառակը ավելի են բորբոքվում: Գյումրիում անվերահսկելի իրավիճակ է: Կան վիրավորներ:

լրացված 19.58-ին

Ցուցարարները երթով շարժվեցին  դեպի Գյումրու ՌԴ հյուպատոսարան: Այնտեղ ուժեղացված հսկողություն է սահմանվել ՀՀ իրավապահների կողմից: Ոստիկանները կենդանի պատ են կազմել, չթողնելով, որ ցուցարարները մոտենան ՌԴ հյուպատոսարանի շենքին:

լրացված 19.25-ին

Երբ է գլխավոր դատախազն ուղարկելու պահանջագիր նամակը իր ռուս գործընկերոջը. այժմ էլ ցուցարարները սպասում են Գեւորգ Կոստանյանի այդ պատասխանին:Մինչ այդ, ԱԺ պատգամավոր ԲՀԿ- ական Մարտուն Գրիգորյանը հանգստնության կոչեր արեց եւ խնդրեց, որ այլ պահանջներով չարզեզրկենք մեր հիմնական պահանջը:

լրացված 19.07-ին

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ընդհանրացնելով բողոքի ակցիան, ասաց.«Այսօր բանակցությունների արդյունքում մենք հասկացանք մի բան, որ  ՀՀ գլխավոր դատախազը համաձայն է մեր պահանջներին: Խոստացել է գրել այդ պահանջագիրը ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին մեզ հանձնելու համար: Սա իրավական գործընթաց է, որը պետք է կատարվի: Երկրորդը, որ եւս շատ կարեւոր է, շատ մեծ կասկած կա , որ այդ մարդասպանը այլեւս այստեղ չէ, մեր պահանջն է կարճ լուսանկար կամ տեսանյութ ցուցադրեն, որ հանրությունը համոզվի, որ նա գտնվում է ՀՀ-ում»:

Գեւորգ Կոստանյանը հարցին այսպես պատասխանեց. «Այն որ մեր տղաներն առավոտվանից ռազմակայանում աշխատում են, դա նշանակում է, որ այնտեղ է»:

Մենք չենք հավատում եւ տեսանյութ ենք պահանջում, բացականչում են գյումրեցիները՝ այրելով ոճրագործի համացանցում տարածված նկարը:

Լուսանկարելու համար մենք պետք է դիմենք ռազմաբազայի ղեկավարությանը եւ կսկսենք այդ գործընթացը, պատասխանեց Գեւորգ Կոստանյանը:

լրացված 18.41-ին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանը հենց նոր դուրս եկավ Շիրակի մարզի դատախազության շենքից, ուր մտել էր դլխ. դատախազի հետ հարցը քննարկելու համար: Ցուցարարները միասնաբար աղոթք հնչեցրեցին առ Աստված եւ իմաստություն խնդրեցին:

«Ես մտա ներս, զրուցեցինք գլխավոր դատախազի հետ, ԱԺ պատգամավորի եւ մարզի դատախազի ներկայությամբ եւ ես եկա այն համոզման , որ ՀՀ Գլխավոր դատախազն անելու է հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, որպեսզի կատարվի այն, ինչ որ մենք պահանջում ենք»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանը:

Այնուհետեւ խոսեց ՀՀ գլխ. դատախազը. «Ես ձեզ խոստանում եմ  այս պահանջով դիմել ՌԴ գլխավոր դատախազին, երբ որ մերժում ստանանք, այդ դեպքում մենք հնարավոր այլ քայլեր կքննարկենք իրար հետ»:

լրացված 18.24-ին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանը, ով եւս ցուցարարների կողքին էր, իր խոսքը ուղղեց գյումրեցիներին.

«Մեր պահանջը հստակ է, մենք պահանջում ենք, որ այդ ճիվաղը դատվի ՀՀ -ում մեր օրենքներով ու պատիժը կրի Հայաստանում, ուստի մենք այստեղ հայերով իրար մեջ չէ , որ պիտի լուծենք այդ հարցը: Մեր պահանջը ՌԴ -ից եւ ռուսաստանյան զորակայանից է: Մեր պահանջի օբյեկտը այստեղ չէ, մենք պետք է քաղաքակիրթ ձեւով լուծենք այդ հարցը եւ իրար վրա ոչինչ չնետենք: Թշնամին արդեն հասել է նրան, որ մեզ պառակտի, բայց դա նրան չի հաջողվի:  Մենք պահանջում ենք, որ ոճրագործը  մեզ հանձնվի»:

լրացված 18.01-ին

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դուրս եկավ շենքից եւ պատրաստվում է պատասխան տալ գյումրեցիների միակ պահանջին. ոճրագործը պետք է պատիժը կրի ՀՀ-ում:

Գեւորգ Կոստանյան.«Ես ձեզանից յուրաքանչյուրի հետ պատրաստ եմ խոսել, միայն եկեք իրար հանգենք ու լսել: Այն որ դաժան ոճրագործություն է տեղի ունեցել, դա փաստ է: Այն որ պետք է խստագույնս պատժվի , դա էլ է փաստ, այն որ ՀՀ տարածքում պետք է անցնի դատավարությունը, դա էլ է արդարացի պահանջ: Մեր քննիչները գործը քննում են, համբերեք, դա ամեն ինչը երկար գործընթաց է գնում, տղաները աշխատում են,  բոլորս էլ նույն նպատակը ունենք եւ այստեղ բղավելով ոչինչի չենք հասնի: Որպես հայ եւ որպես գլխ. դատախազ ամեն ինչ անել եւ անելու եմ , որ այդ սրիկան պատժվի: Տպավորություն է ստեղծվում, թե դուք մի բան եք ում , մենք այլ բան ենք ուզում, դա այդպես չէ»:

Գեւորգ Կոստանյանին մոտեցավ ԱԺ պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանը եւ իր մտահոգող հարցերն ուղղեց ՀՀ գլխ. դատախազին: Այժմ պաշտոնյան տիկին Փոստանջյանի հարցին է պատասխանում:

ժամը 17.08-ին

Մեկնարկել է բողոքի ակցիա՝ Գյումրու դատախազության դիմաց: Այլեւս  հարցեր չունենք տալու, սպասում ենք մեր հարցերի պատասխաններին, հայտարարում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: «Մեր  պահանջը հստակ է. նրան մեղադրանք պետք է առաջադրեն մեր իրավապահները և պետք է դատի Հայստանի դատարանը»: Շիրակի մարզի դատախազության առջեւ հավաքված մի քանի հազար մարդիկ «Պահանջում» ենք բացականչություններով, սպասում են, որ  ՀՀ Գլխավոր դատախազը դուրս գա շենքից եւ պատասխանի ցուցարարների հարցերին:

Գեւորգ Կոստանյանն առաջարկում է 30 հոգանոց մարդկանց խմբերին քիչ քիչ ընդունել եւ պատասխանել նրանց հարցերին, սակայան գյումրեցիների պատասխանը հետեւյալն է. «3 միլիոն մարդ չի կարող ներս մտնել, սա 3 միլիոն մարդու հետաքրքրող պատասխան է»: Մենք համբերատար կսպասենք, մինեւ վերջ: Կամ թող դուրս գա պատասխանի, կամ թող փախնի հետեւի դռնից, ասում են ակցիայի կազմակերպիչները:

Նշենք, որ երեկ հազարավոր գյումրեցիներ ռուսական ռազմաբազայի տարածքում 22 ժամ հատկացրեցին Հայաստանի դատախազությանը, որոշելով սպասել մինչև Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների՝ այսօր նախատեսված հուղարկավորության ավարտը: Ցուցարարների պահանջն է, որ ընտանիքի անդամների սպանդի համար մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատության համակարգին:

www.armradio.am/hy


Առնչվող նյութեր
1. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
2. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
3. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
4. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
5. Մեր սերունդը հայ թատրոնի մեծերին լիարժեք ճանաչելու հնարավորություն չունի . Լևոն Բաղդասարյան
6. Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Պրահայում
7. Հասմիկ Պապյանը կազդուրվում է, իսկ Գյումրիի համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ
8. Հասմիկ Պապյանը հանդես կգա Գյումրիում՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին Գյումրի
10. Տիգրան Համասյանի երաժշտությունը՝ հանուն Գյումրիի անօթևանների

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: