ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը

25 ապրիլի, 2014 | 17:48

DSCF4928

Ապրիլի 25-ին  Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը, որը Չեխիայի հայ համայնքին էր նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` Հայ առաքելական եկեղեցին Չեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ եւ ի նշան հայ-չեխական բարեկամության։ Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ Օրհնության կարգը կատարեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, կարդիալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը և Հայկ սարկավագ Ութիջյանը:

Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը (Էջմիածին)։ Նա նաեւ հեղինակն է այբուբենի բոլոր տառերով ստեղծված
հայտնի համալիրի, որը գտնվում է Օշականում։

Հարյուրավոր հայորդիներ էին հավաքվել Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յինդրիխի եւ սուրբ Կունհուտի եկեղեցու հարեւանությամբ գտնվող պուրակում, ուր կաթոլիկ եկեղեցու եւ Պրահայի քաղաքապետարանի բարեհոժար թույլտվությամբ բացվեց հայկական խաչքարը։ Բացմանը ներկա էին նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամներըˋատենապետ Տիգրան Աբրահամյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի խորհրդարանի անդամներ։

Բացելով հանդիսավոր արարողությունը եւ շնորհակալանքի խոսք ուղղելով Ամենայն Հայոց հայրապետինˋՉեխիայի հայ համայնքին նման նվեր մատուցելու համար, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը նշեց, որ այս խաչքարը մեր ժողովրդի հավերժության խորհրդանիշն է։  Նա ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները։ ՙԿցանկանայի որ իրապես այս խաչքարը մեզ համար դառնար հավաքականության եւ զորացման կետ՚, ասաց Հայր Բարսեղը, վերջում իր շնորհակալությունը հայտնելով նաեւ խաչքարի տեղափոխման եւ տեղադրման հետ կապված բոլոր աշխատանքներում մասնակցություն բերած մեր հայորդիներին, հատկապես գործարար Արմեն Անանիկյանին եւ շինարար  Սերգեյ Մելիքսեթյանին, մյուս աջակիցներին, ինչպես նաեւ կարդինալ Դուկային, ով հատկացրեց խաչքարի տեղադրման վայրը։

Իր հերթին կարդինալ Դուկան ջերմորեն ողջունեց ներկաներին. ՙԵս երջանիկ եմ, որ ներկա եմ հայ ժողովրդի հավատքի այս մեծ խորհրդանիշի բացմանը, եւ ինչպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է ասում,մի ժողովրդի, որն  իր պատմության ողջ ընթացքում հավատարիմ մնաց քրիստոնեությանը՚։ Կարդինալը նաեւ նշեց, որ շատ խորհրդանշական է խաչքարի բացումը Պրահայում, քանի որ այն յուրօրինակ շնորհկալանքի նշան է Պրահայի ծնունդ Ֆրանց Վերֆելին, ով գրել է հայ ժողովրդի տանջանքների մասին ՙՄուսա լեռան 40 օրը՚ գրքում, որն էլ դարձել է ճշմարտության աղբյուր ոչ միայն չեխ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության համար։

Իր ողջույնի խոսքում Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ հայ համայնքը այսօր թեւակոխում է զարգացման մի նոր փուլ, որը պարտավորեցնող է բոլորի համար, եւ հատկապես հայ համայնքի, որը պետք է ամրապնդվի, եւ նաեւ համախմբվի հայոց պետականության եւ եկեղեցու շուրջ։ Դեսպանը վստահեցրեց, որ չեխահայերն իրենց օրինապաշտությամբ եւ նվիրվածությամբ շենացնում են այս երկիրը։ Դեսպանը կարեւորեց նաեւ, որ խաչքարի բացումը կատարվում է այն օրերին, երբ չեխահայությունն ու աշխարհի ողջ հայությունը նշում են Մեծ Եղեռնի 99- ամյա տարելիցը, եւ Հայաստանի նախագահն ու կարդինալ Դուկան մասնակցում են նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող կոթողի բացմանը։

Այնուհետեւ Տաթեւ սրբազանն ու Հայր Բարսեղը կատարեցին խաչքարի օրհնության կարգը։ Օրհնության պահին ղողանջեցին հարեւանությամբ գտնվող եկեղեցու զանգերը։

Վերջում խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից։

Պրահայում առաջին հայկական խաչքարի բացումը լուսաբանեց նաեւ չեխական Պրիմա հեռուսաընկերությունը եւ չեխական ռադիոն։ Իսկ նախօրեին քաղաքագետ Տոմաշ Շմիդը Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն հոդված էր հրապարակել Լիդովե Նովինի չեխական հայտնի օրաթերթում։

http://play.iprima.cz/zpravy-ftv-prima-2542014

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Օրեր  եվրոպական ամսագիր

Լուսանկարները` վերեւում Օրեր-ի, ներքեւում`Գարիկ Ավանեսյանի


Առնչվող նյութեր
1. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
2. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
4. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
5. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
6. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
7. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
8. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
9. Վարչապետն Արցախում
10. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: