ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«100 LIVES»-ը միանում է ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման օրվան

09 դեկտեմբերի, 2015 | 11:44

100 livesՀանուն ցեղասպանությունների կանխարգելման գործող մի շարք կազմակերպություններ ողջունել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևի ընդունումը:

«100 LIVES»-ն իր գործընկերների հետ միասին ոգեկոչում է Ցեղասպանությունների զոհերի հիշատակը՝ շարունակ կոչ անելով կառավարություններին պաշտպանել իրենց քաղաքացիներին և, օգտվելով առիթից, մեծարում է բոլոր այն մարդկանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով սխրանքներ են գործել՝ փրկելով այլոց կյանքերը:  Այս մասին տեղեկացնում են «100 LIVES» նախաձեռնությունից:

Դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր՝ աշխարհի ազգերին մատուցելով կանխելու հանձնառությունը վերհիշելու ևս մեկ առիթ:

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի անդամ-պետությունները միաձայն քվեարկեցին այս հիշատակի օրը հաստատելու համար և ընտրեցին դեկտեմբերի 9-ը, քանի որ 1948թ. այդ օրն է ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:

«Հնարավոր չէ բարոյական տեսանկյունից ավելի զազրելի հանցագործություն, քան մարդկանց զանգվածային ոչնչացումն առանց որևէ պատճառի՝ պայմանավորված բացառապես նրանց ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական ինքնությամբ: 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան կոչված էր վերջ դնել այդ երևույթին, սակայն այն իր նպատակին չհասավ: Հիշատակի այս օրն առիթ է ընձեռում  խորհելու, թե ուր ենք մենք հասել և որքան դեռ ունենք գնալու` յոթ տասնամյակ առաջ արտահայտված բարոյական այս հանձնառությունը կյանքի կոչելու համար»,- ասել է «International Crisis Group» կազմակերպության պատվավոր նախագահ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար, պրոֆեսոր Գարեթ Էվանսը:

Իրադարձության կապակցությամբ «100 LIVES» նախաձեռնության և հումանիտար ու իրավապաշտպան մի շարք առաջատար կազմակերպությունների կողմից հրապարակվել է  համատեղ հայտարարություն, որն աշխարհին կոչ է անում մշտապես վառ պահել ցեղասպանության հանցագործության զոհ դարձած միլիոնավոր անմեղների հիշատակը:   Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել  «Not On Our Watch», «Enough Project», «Foundation Rwanda», «Survivors Fund», «Waging Peace» կազմակերպությունները, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը, Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի միջազգային ինստիտուտը («Զորյան» ինստիտուտի մասնաճյուղ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Ցեղասպանությունը ոճիր է, որը չի ճանաչում ոչ կրոն, ոչ ազգություն, ոչ տեղ և ոչ էլ ժամանակ, և այս հանցագործության արձագանքները մինչ օրս զգացվում են այն վերապրածների և նրանց ժառանգների գիտակցության մեջ: Միայն այս տարի աշխարհը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձը, ինդոնեզական ջարդերի 50-րդ և Սրեբրենիցայի կոտորածի 20-րդ տարելիցները:

«Որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր չեն դադարում իրենց կյանքը նվիրաբերել հանուն այլոց փրկության: Հուսով եմ, որ այսօրվա իրադարձությունը կօգնի հանրության ուշադրությունը հրավիրել մարդկային կյանքի և մարդու արժանապատվության անձեռնմխելիությունն ապահովելուն և հումանիտար գործունեությանը սատարելուն ուղղված՝ կառավարությունների կողմից կոլեկտիվ հանձնառությունն ստանձնելու անհրաժեշտությանը»,- հայտարարել է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի միջազգային ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը նշել է. «Ցեղասպանության և դրա հետևանքների՝ զանգվածային գաղթի, հասարակության պառակտման և տնտեսության քայքայման գինը մարդկության համար շատ ավելի բարձր է, քան կարող էր լինել դրանց վաղ կանխարգելման դեպքում: Հանուն մարդկային կյանքի փրկության պետությունները պարտավոր են դուրս գալ բացառապես ազգային շահերը պաշտպանելու իրենց շրջանակներից և ստանձնել մարդուն պաշտպանելու հանձնառությունը»:

Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի միջազգային ինստիտուտը նույնպես միացել է համատեղ հայտարարությանը:

panorama.am


Առնչվող նյութեր
1. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
2. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
3. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
4. Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
5. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս
6. Բունդեսթագի բանաձեւում կամրագրվի ՚Ցեղասպանություն՚ եզրույթը
7. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՌՈՒԿՄԻՆԻ ԿԱԼԻՄԱԿԻԻՆ
8. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
9. Հայտնի են «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
10. Ֆրանսիա. Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լե Լիլա քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: