ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

1 միլիոն դոլար` Ամերիկյան համալսարանի ուսանողներին

21 մարտի, 2017 | 00:49

«Ավրորա» երախտագիտության նախագծերի շրջանակում Մերձավոր Արեւելքի հինգ երկրների ուսանողները մինչեւ 2023թ. կստանան կրթաթոշակներ՝ ուսանելու Հայաստանի ամերիկյան համալսարանում:

auar_ auaԵրեւան – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է:

Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետեւյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն եւ Տվյալների գիտություն (սկսած 2018թ.), եւ մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, Համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում:

«Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, եւ մենք խրախուսում ենք Մերձավոր Արեւելքի երկրներից երիտասարդներին գալ եւ կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը եւ կստանան որակյալ կրթություն, այլեւ կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի եւ դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլեւ իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին եւ օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին», – ասաց Վերոնիկա Զոնաբենդը՝ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիրը, ով իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է նաեւ «RVVZ հիմնադրամը», որի օժանդակությամբ ստեղծվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» երախտագիտության նախագծերը:

«Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, եւ մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլեւ Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: Նրանց ներկայությունը մեր համալսարանում կնպաստի բազմազանության ապահովմանը եւ կհարստացնի բոլոր ուսանողների առօրյան: Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը եւ մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթեւան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին», – ասաց Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը:

Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչեւ 2023թ.:

«Scholae Mundi Armenia» հիմնադրամը շարունակում է աջակցել «Ավրորա» երախտագիտության նախագծերին, որոնք մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու Մերձավոր Արեւելքի երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: «Ավրորա» երախտագիտության նախագծերի կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը մոտ 7 միլիոն դոլար է։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 

Ավելին՝ www.auroraprize.com

«Scholae Mundi Armenia» հիմնադրամի մասին

«Scholae Mundi Հայաստան» հիմնադրամը երեք բարեգործական հիմնադրամներից մեկն է («Scholae Mundi Armenia», «Scholae Mundi Russia» եւ «Scholae Mundi UK»), որոնք կազմում են Scholae Mundi հարթակը եւ հիմնադրվել են բարերարներ եւ ձեռնարկատերեր Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից:

«Scholae Mundi Armenia» հիմնադրամի նպատակն է Հայաստանում նպաստել կրթական միջավայրի բազմազանությանը՝ աջակցելով կրթության, արվեստի եւ մշակույթի ոլորտներում սոցիալական ուղղվածությամբ նորարարական ծրագրերին եւ նախաձեռնություններին, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի դերը միջազգային ասպարեզում եւ դրական ազդեցություն ունենալ Հայաստանում եւ աշխարհում տարբեր համայնքների վրա: Հիմանդրամի ընթացիկ նախագծերը ներառում է կրթաթոշակային ծրագրի մշակումը, որը հնարավորություն կտա UWC դպրոցների շրջանավարտներին կրթություն ստանալ Հայաստանում եւ արտերկրի լավագույն համալսարաններում, ինչպես նաեւ հնարավորություն տալ հայ տաղանդավոր երիտասարդներին մասնակցել Scholae Mundi հարթակի ծրագրերին: Հիմնադրամը նաեւ նպատակ ունի Դիլիջանը դարձնել կրթական կենտրոն, որը կմիավորի տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններին եւ կձեւավորի ուժեղ փոխկապվածություն նրանց միջեւ, որից կշահեն բոլոր մասնակիցները:

Scholae Mundi հարթակը, շահույթ չհետապնդելով, խրախուսում է ամենազարգացած կրթական պրակտիկաները հանրային օգուտի համար՝ խթանելով ավելի ընդգրկուն սոցիալական փոփոխություններին: Այն մասնավորապես աջակցում է Միջազգային բակալավրիատի ծրագրով UWC Dilijan քոլեջի ուսանողների կրթությանը, ինչպես նաեւ այլ կրթական հաստատություններին՝ հիմնականում տրամադրելով կրթաթոշակներ եւ դրամական միջոցներ ընդհանուր զարգացման համար: Հարթակի հիմնական ուշադրությունն այժմ ուղղված է գործընկերների ցանցի ընդլայնմանը կրթության, հետազոտության եւ զարգացման ոլորտներում՝ նոր միջազգային ճանաչում ունեցող կրթական հարթակներ, ծրագրեր եւ նախաձեռնություններ ստեղծելու համար:

Ավելին՝ www.scholae-mundi.org.

Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ համալսարան է, որը գտնվում է Երեւանում: Հիմնադրված 1991թ.՝ համալսարանը Կալիֆորնիայի համալսարանի համագործակից է:

Հայաստանի ամերիկյան համալսարանն  ուսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ծառայում է Հայաստանին և տարածաշրջանին՝ ապահովելով բարձրորակ կրթություն՝ մագիստրոսկան եւ բակալավրիատի ծրագրերով: Այն խրախուսում է հանրային ակտիվ մասնակցությունը եւ նպաստում է ժողովրդավարական արժեքների զարգացմանը:

Ավելին՝ www.aua.am


Առնչվող նյութեր
1. «Aurora Prize»-ի 2017թ. դափնեկիրն ու 2018-ի հավակնորդները այցելեցին ցեղասպանության հուշահամալիր, հանդիպեցին Վեհափառի հետ
2. Թոմ Քաթինան` փոստային նամականիշի հերոս
3. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը
4. ՖՐԱՆՍԻԱ. Թուրքիայի դեսպանին թրջած հայ ուսանողների դատավարությունը՝ մարտի 7-ին Նանթեռում
5. Նոյեմբերի 17-ին նշվեց ուսանողների միջազգային օրը
6. Չեխական կրթաթոշակ Հայաստանի ուսանողների համար
7. Չեխիայի կառավարության կրթաթոշակները զարգացող երկրների ուսանողներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: