ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆինլանդիա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ

22 մարտի, 2017 | 08:43

veh filandia 2

 

Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:

Արքեպիսկոպոս Կերի Մեկկինենի բարիգալստյան խոսքից հետո ներկա հավատացյալներին ու լյութերական հոգևորականներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր փառք և գոհություն ենք մատուցում առ Բարձրյալ Տերը, որ կրկին առիթ ընծայեց Մեզ այցելելու ձեր գեղեցիկ երկիրը՝ հրավերով Ձեր և Ֆինլանդիայի Օրթոդոքս Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի և համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի` իբրև մեր Եկեղեցիների միջև հաստատված սիրո և եղբայրական հարաբերությունների վկայություն:

Մենք խորին գոհունակությամբ ենք վերհիշում տասներեք տարի առաջ կատարած մեր այցը Ֆինլանդիա, և փառք ենք բարձրացնում առ Բարեգութն Աստված, որ մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները շարունակում են զորանալ ու ամրապնդվել: …Այսօր, երբ  աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով: Այդ տարածաշրջանում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում:

Հայ Եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին: Մեր Եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի Մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը և անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաև՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը:

…Մեր հանդիպման և միասնական աղոթքի առիթով գնահատանքի և շնորհակալության Մեր խոսքն ենք ուղղում Ֆինլանդիայի Լութերական և Ուղղափառ քույր Եկեղեցիներին՝ հանձինս Ձեր, սիրեցյալ եղբայր, և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Լեո արքեպիսկոպոսի, Ֆինլանդիայի բարեխնամ իշխանություններին մեր ժողովրդի զավակների հանդեպ դրսևորվող բարյացակամության ու բարեկամության համար, որ արտահայտությունն է մերձավորի հանդեպ տերունապատվեր սիրո պատգամի՝ վկայված ֆին բարեպաշտ ժողովրդի ողջ պատմության ընթացքին և մարդասիրության, որն առաջնորդել է Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու միսիոներական առաքելության աշխարհի տարբեր երկրներ:

Այս հոգենորոգ պահին Մենք աղոթք ենք բարձրացնում քաղաքական ու տնտեսական խնդիրներից ու հակամարտություններից ալեկոծվող աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդկությունը կարողանա կառուցել իր բարօր ու ապահով ապագան: Թող Երկնավոր Տերն ամրապնդի ու զորացնի եղբայրական ազնիվ զգացումներն ու սերն Իր Սուրբ Եկեղեցում, շնորհ և օրհնություն բաշխի Իր Անվանը հավատացող բոլոր քրիստոնյաներին` ի պայծառություն Ընդհանրական մեկ և միասնական Սուրբ Եկեղեցու, այժմ և հավիտյանս. Ամեն»:

Աշխարհում և մասնավորապես Մերձավոր Արևելքում ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար միջեկեղեցական աղոթքից հետո Մայր Տաճարի սրահում տեղի ունեցավ նաև երկու եկեղեցապետերի պաշտոնական հանդիպումն ու նվերների փոխանակումը:

Հանդիպմանը ներկա էր նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

veh filandia


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Հայ-գերմանական ֆորումի նախագահը Մայր Աթոռում
4. Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված
5. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
6. Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման. Վահրամ քահանա Մելիքյան
7. Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ
8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր վարչապետին
9. Ֆինլանդիայի հայերը աջակցում են համաժողովրդական շարժմանը
10. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: