ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օտտավայում բացվեց կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը

10 հունիսի, 2017 | 11:15

Հունիսի 9-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացավ կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշարձանի բացումը կատարեցին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և հուշարձանի հեղինակ, հանրահայտ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը:

Բացման արարողությունից հետո Օտտավայի կենտրոնում գտնվող «Շատո Լորիե» հյուրանոցի «Կանադական» սրահում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ կայացավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին, ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրը, կանադացի սենատորներ և պատգամավորներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի և ժառանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր, լրագրողներ:

Միջոցառմանն ունեցած իր ելույթում դեսպան Եգանյանը նշեց, որ Օտտավայի կենտրոնում Յուսուֆ Քարշի արձանի առկայությունը մշտապես հանդիսանալու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը: Դեսպանն ընդգծեց, որ հատկանշական է արձանի բացումը Համադաշնության պուրակում հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Իր խոսքում ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին և կանադահայ համայնքի անդամներին ու կազմակերպություններին, ովքեր իրենց ավանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում:

Կանադայի կառավարության անունից ելույթով հանդես եկավ Կանադայի ժառանգության նախարարի խորհրդարանական քարտուղար Արիֆ Վիրանին, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը և հայ համայնքին` իրականացրած մեծածավալ աշխատանքի և Համադաշնության 150-ամյակի առթիվ Կանադային արված այս բացառիկ նվերի համար:

Ձեռնարկի ընթացքում Արմեն Եգանյանը հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ դեսպանության պատվոգրերով պարգևատրեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրին և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գլխավոր տնօրեն Էլիսոն ԼեՔլերին: ՀՀ դեսպանության պավտոգրեր հանձնվեցին նաև Յուսուֆ Քարշի հուշարձանի հիմնման գործում առանձնահատուկ ներդրում ունեցած կանադահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների:

Երեկոյի ընթացքում հայկական ազգային երաժշտությունն ու պարարվեստը ներկայացնող կատարումներով հանդես եկան կանադահայ համայնքի մի շարք շնորհաշատ ներկայացուցիչներ:

Տեղեկանք: Յուսուֆ Քարշը (1908-2002թթ.), ում նաև անվանում են «Օտտավայի Քարշ», կանադահայ լուսանկարիչ է, ով հայտնի է հանրաճանաչ անձանց, քաղաքական և մշակութային գործիչների իր լուսանկարներով: 1965թ. Քարշը պարգևատրվել է Կանադայի Խորհրդի մեդալով, իսկ 1968թ.` Կանադային մատուցած ծառայությունների համար պատվո մեդալով: 1990թ. լուսանկարիչը ստացավ Կանադայի բարձրագույն պարգևը` Կանադայի Պատվո Շքանշանը: 2015թ. Կանադայում ՀՀ դեսպանի տիկին Մարիա Եգանյանը նախաձեռնել էր «Քարշ» նախագիծը: Կանադայի ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցությամբ բացված Քարշի հուշարձանը նվեր է հայ ժողովրդից Կանադային` հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ: Քանդակի հեղինակը դոկտոր Մկրտիչ Տարագճեանն է: Հուշարձանի ինժեներական նախագիծը կատարվել է Սուրէն Հաճեանի կողմից:


Առնչվող նյութեր
1. «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում
2. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
3. Առաջնագիծը՝ Արմեն Ենգոյանի աչքերով -ցուցահանդես Շուշիում
4. Ալեքսանդր Պետրոսյան. Հաջողված լուսանկարը բարեբախտություն է
5. Հայտնի լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանի 55 ամյակը եւ նոր ցուցահանդեսը` նվիրված Հնդկաստանին
6. Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Հերման Ավագյանի «Born After Death» ցուցահանդեսի բացմանը
7. «Բարև Ձեզ»… Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելը «առավելություն» է
8. Լուսանկարչուհի Թինա Պալուի առաջին ցուցահանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: