ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օտարազգի նկարիչները ճանաչեցին Հայաստանի գույները

22 սեպտեմբերի, 2017 | 21:17

Լոռու մարզի Օձուն գյուղում շարունակվում է «Լոռվա ձոր» հայերնակցական միության նախաձեռնած, ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող բացօթյա նկարչության «Համագործակցության և բարեկամության» ներկապնակ խորագիրը կրող  փառատոնը: Մեր թղթակիցը հանդիպեց նրանցից մի քանիսին և կարծքիներ լսեց փառատոնի մասին:

Միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած նկարիչները Լոռու չքնաղ  բնաշխարհի ժամանակավոր բնակիչներ են դարձել: Նրանք հնարավորություն են ունենում լինելու մարզի տարբեր տեսարժան վայրերում` մի օր Արդվիում ու Օձունում, մյուս օրը Ալավերդիում, Հաղպատում ու Ախթալայում: Եվ այսպես ամեն օր` լի նոր բացահայտումներով ու տպավորություններով: Նկարիչներից ոմանք առաջին անգամ չէ, որ Հայաստանում են:

Ռուս գեղանկարիչ  Յուրի Վասիլևը Հայաստան է եկել Սանկտ Պետերբուրգից  և ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա, հիացած է Հայաստանի բնաշխարհով: «Ես շատ լավ եմ հիշում այն բոլոր վայրերը, ուր եղել եմ, որովհետև Հայաստանը մոռանալ հնարավոր չէ: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, բնությունը շնչում է ու կենդանի է ամեն բան»,- ասում է նկարիչը:

Իսկ բելառուս նկարիչ Անտոն Վիրվոն առաջին անգամ է Հայաստանում և նշում է, որ այստեղ ոչ միայն բնությունն է գեղեցիկ, այլև մարդիկ են հյուրընկալ ու բարի: «Ամեն անգամ, երբ  որևէ երկիր ես այցելում, հետաքրքիր է ծանոթանալ նրա մշակույթին և սովորույթներին: Ինձ շատ հմայեցին ճարտարապետությունն ու հինավուրց վանքերը: Ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ 4-8-րդ դարերի ճարտարապետությամբ: Այստեղ  ամենուրեք կարելի է դա տեսնել, ինչը թույլ է տալիս խորանալ ձեր պատմության մեջ և որոշ ժամանակով տեղափոխվել անցյալ: Որպես գեղանկարիչ ես միշտ եմ հետաքրքրվել հայկական գեղանկարչության դպրոցով: Դեռևս ուսանողական տարիներից ես ուսումնասիրում էի Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի աշխատանքները: Իսկ Զարդարյանի «Գարուն» կտավի վերարտադրանկարը իմ արվեստանոցի պատից է կախված: Ես շատ ուրախ եմ Հայստանում լինելու և ստեղծագործելու համար: Բացօթյա նկարչության հարթակում աշխատելը բազմազան դարձրեց իմ ներկապնակը»:

Բելառուսից է եկել նաև Միխայիլ Կրոտը, որը ևս տպավորված է Հայաստանով: Նա Հայաստանը մինչ այս այցելությունը տեսել էր միայն կտավների ու քարտեզի վրա, լուսանկարներում ու  հեռուստացույցով: «Գիտեի, որ մայրաքաղաքը Երևանն է, լեռնային երկիր է, որն ունի հարուստ պատմություն և դարավոր մշակույթ: Երազում էի տեսնել Արարատը: Եվ երջանիկ պատահականությամբ ինձ բախտ վիճակվեց  հայտնվել այստեղ և այն իրականում տեսնել: Իհարկե, իմ պատկերացումները շատ համեստ էին` ի համեմատ նրա, ինչ ես տեսա և զգացի. տաք արևն օդանավակայանում ու Արարատի` կեսօրվա մշուշի մեջ հազիվ նշմարվող ուրվագիծը, երկար ճանապարհը մինչև Լոռի ու պատուհանից բացվող տեսարանը: Ասես մի ուրիշ մոլորակում լինեի: Երբ գնացինք նկարելու, նոր տեղանքներ, լեռնային նոր տեսարաններ ու հարթավայրեր, ընդարձակ տարածություններ, գունային բազմազան երանգներ տեսա, որոնց Բելառուսում երբեք չես հանդիպի: Փոքրիկ փողոցները, Օձունի  տներն ու տնակները, ցախատներն ու հինավուրց քարե վանքը, սրտաբաց, բարի ու հյուրընկալ մարդիկ. այս ամենը ոգեշնչում է, և ուզում ես ամեն բան կտավին հանձնել կամ  լուսանկարել: Չնայած այս բացօթյա նկարչության փառատոնը կարճատև է, բայց հնարավորություն է տալիս իրական դարձնել մտահղացումները և նոր էջ բացել ստեղծագործական կյանքում: Լիահույս եմ, որ ապագայում մի անգամ չէ, որ կայցելեմ Հայաստան, քանի որ շատ բան դեռ չեմ տեսել»:

Ղազախ նկարիչ Նուրջան Սաուտբեկովի այցը Հայաստան  ևս բացահայտումներով լի է եղել: Նա նույնպես ուսանողական տարիներից ուսումնասիրել է  հայ նկարիչների ստեղծագործությունները և նրանց վերագտել Հայաստանի արևոտ գույներում: «Տեսնելով Հայաստանի բնությունը` ես հասկացա Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Բաժբեուկ Մելիքյանին:Լեռները, գյուղերը, տեղանքները ամենուրեք հիշեցնում են Սարյանի «հնչեղ» բնապատկերները: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին ջերմ ընդունելության և Հայաստանի չքնաղ ու սուրբ վայրերում լինելու հնարավորությունն ընձեռելու համար: Ամբողջ գեղեցկությունը բառերով նկարագրել հնարավոր չէ, բայց որպես նկարիչ փորձում եմ ներընկալել բնապատկերների հյութեղ միջավայրը: Ես վստահ եմ, որ այս ուղևորությունը դրականորեն կազդի իմ ստեղծագործության վրա»:

Էստոնացի նկարչուհի Աննա Պարմաստոն չի կարողանում մոռանալ այն հուզումնալից պահը, երբ առաջին անգամ տեսավ Արարատը: Նա այնպես է պատմում իր տպավորությունների մասին, որ չես կարող համակ ուշադրության չդառնալ:  «Ամեն բան հիասքանչ է: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե որքան ուրախ եմ: Աշխատանքային մթնոլորտը տրամադրող է, մարդիկ` հրաշալի: Շատ հետաքրքիր է նկարիչների հետ այս տարբերակով աշխատելը: Դու նկարում ես միայնակ, բայց երեկոյան մյուսների հետ քննարկում ես ու տեսնում նաև նրանց աշխատանքները, հարստանում գիտելիքներով ու ընկերներ ձեռք բերում: Հիանալի նախաձեռնություն է: Իմ զգացողությունները վառ գույներով են տպվելու հիշողությանս մեջ: Հինավուրց վանքերն ուղղակի  գեղեցիկ էին  ու տպավորիչ: Կարծում եմ նկարելու շատ բան կունենամ նաև ցուրտ ու մոխրագույն Էստոնիա վերադառնալուց հետո»:  Ես ինձ հետ շատ հայկական  ճեպանկարներ կտանեմ:

Նկարիչներն իսկապես հիացած են Հայաստանով, մարդկանց հյուրընկալ ու ջերմ վերաբերմունքով, և դա արտացոլում է նրանց վրձնահարվածներում ` Հայաստանի հատուկ  տաք ու պայծառ գույներով:

 

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
3. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
4. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
5. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
6. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
7. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
8. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
9. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
10. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: