ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օհան Դուրյանի ծննդյան օրն է- Ես ձեռքերս թափ տվող դիրիժոր չեմ, ես ապրում եմ երաժշտությամբ

08 սեպտեմբերի, 2014 | 08:12

ohan duryanԱյսօր Մաեստրո Օհան Դուրյանը կբոլորեր իր 92 ամյակը։  Նրա ծննդյան օրվա առիթով ներկայացնում ենք դեռեւս 2002 թվականին Օրեր ամսագրում տպագրված հարցազրույցը՝ նվիրված տաղանդավոր երաժիշտի 80 ամյակին։ Հարցազրույցը վարել է ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։ 

Հանճարեղ Օհան  Դուրյանը

 Տաղանդներն իրենց ժամանակում չեն տեղավորվում

 Հակոբ Ասատրյան, Երեւան-Պրահա, մայիս, 2002թ.

 Օհան Դուրյան- Ես ձեռքերս թափ տվող դիրիժոր չեմ, ես ապրում եմ երաժշտությամբ

 Մաեստրո Օհան Դուրյանին հանդիպեցինք Նորքի իր առանձնատանը: Ինքն ընդառաջ եկավ մեզ ու բացեց դարպասի դուռը: Հոգնած էր երեւում: Հրավիրեց ներս ու միանգամից անցանք զրույցի: Ես միանգամից հիշեցի տարիներ առաջ ՙՀրազդան՚ կառավարական հյուրանոցում մեր առաջին հանդիպումը: Այն ժամանակ էլ հարգարժան մաեստրոն խնդիրներ ուներ օպերային թատրոնի հետ: Բոլորին է հայտնի, որ մաեստրոն բարդ ու խստապահանջ անձնավորություն է: Բայց դա թերեւս վերաբերում է աշխատանքին: Իսկ երբ մտերմիկ մթնոլորտում ես հանդիպում` նույնքան անմիջական է, համեստ ու բարի, շատ դեպքերում նույնիսկ անօգնական: Ներկա հանդիպումը մի քիչ այլ էր: Արդեն որերորդ անգամ նա ստիպված թողել է Հայաստանը եւ ղեկավարում է Ստաս Նամինի կենտրոնի մոսկովյան առաջին սիմֆոնիկ նվագախումբը: Մեր հանդիպումը կայացավ մայիսին, երբ արդեն հետեւում էին  մոսկովյան ՙառաջին՚ համերգները, իսկ առջեւում սեպտեմբերի 8-ի փառահեղ համերգն էր` նվիրված ամերիկյան ու ռուսական ահաբեկչության զոհերի հիշատակին: Հետեւաբար մեր զրույցն էլ սկսեցինք մոսկովյան համերգների ամփոփումից` վերջին համերգի մասին տպագրելով առանձին թղթակցություն: 

– Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճում փետրվարի 7-ին ներկայացրեցի Բեռլիոզ: Իհարկե, դահլիճը լիքը չէր, բայց դա իր բացատրությունն ուներ: Մոսկվայում ելույթ եմ ունեցել 30-40 տարի առաջ, եւ այն սերունդը, որն ինձ ճանաչել է, այլեւս չկա: Հիմա նոր սերունդ է գալիս: Ինձ չէին ճանաչում: Դրա համար էլ, առաջին համերգին դահլիճն այն տպավորությունը չուներ, ինչ որ պետք է լիներ: Իհարկե, իրենք ասում էին, որ դա իրենց համար լիքը դահլիճ է: Դրանից հետո փետրվարի 19-ին  Պյոտր Չայկովսկու անվան համերգային դահլիճում Բրամսի  1-ին եւ 2-րդ սիմֆոնիաները կատարեցինք: Այս համերգից հետո ժողովրդի հոսքն ավելացավ, մարտի 11-ին` 3-րդ համերգին` Չայկովսկու 3-րդ եւ 4-րդ սիմֆոնիաները ունկնդրել ցանկացողների թիվը էլ ավելի էր: Իսկ 4-րդ համերգին արդեն մեկ շաբաթ առաջ տոմս չկար:  Եզրակացությունն այն էր, որ մարդիկ սկսեցին ճանաչել եւ վերջին համերգին 1775 տեղանոց դահլիճում արդեն տեղ չկար: Սա ցույց է տալիս առաջին համերգների ընթացքը:

– Տասնամյակներ շարունակ բազմաթիվ բեմերում եք ելույթ ունեցել։ Ո՞ր հանդիսատեսն է իր ջերմությամբ ավելի տպավորվել:

– Այո,  100-ից ավելի նվագախմբերի հետ  եմ ելույթ ունեցել, բայց պիտի ասեմ, որ հանդիսատեսի ջերմությունը կախում ունի կատարողից: Հանդիսատեսը ջերմութուն ցույց չի տա, եթե գոհ չլինի: Պետք է գոհ լինի, որ ջերմություն ցույց տա: Ես եւ Բեռլինում եմ ելույթ ունեցել, եւ Փարիզում, եւ աշխարհի այլ նշանավոր բեմերում` հայտնի նվագախմբերի հետ, բայց այնպիսի ջերմ ընդունելություն, ինչպիսին մոսկովյան այս չորս համերգներին տեսա, ոչ մի տեղ չեմ տեսել: Թեեւ դա կարող է կախում ունի նաեւ ինձանից: Ես ավելի մեծ վարպետություն եմ ձեռք բերել, ժողովրդի վրա ավելի եմ ազդում: Ինչ խոսք այդ բոլորը նշանակություն ունեն: Ասել, թե ժողովուրդը մի տեղ ավելի ջերմ է, քան մի այլ տեղ, ճիշտ չէ: Դա կախված է միայն ու միայն կատարողի վարպետությունից: Կատարողի վարպետությունն է որոշում ջերմությունը: Մոսկովյան համերգները դրա վառ վկայությունն են: Այստեղ նաեւ շատ ջերմ շփումներ ունեցանք նվագախմբի հետ: Եվ դա տարածվեց: Ամեն մի երաժիշտ, եթե իր շրջապատին փոխանցի սեփական տպավորությունը, ամբողջ Մոսկվան կիմանա: Պիտի ասեմ որ Երեւանում էլ շատ ջերմ ընդունելություններ եմ ունեցել, Բեռլինում էլ, Վիեննայում էլ, Փարիզում էլ, ամեն տեղ, բայց այս անգամ ամենաուժեղն էր….

– Միգուցե ամենավերջինն էր, դրա համար էլ այդպես է թվում ձեզ:

– Ոչ, ոչ:

– Իսկ նվագախումբը:

– Իհարկե, Բեռլինի կամ Վիեննայի նվագախմբերը ավելի լավն են: Այստեղ պետք է ասեմ հետեւյալը: Նախկին սովետական կարգերում  սիստեմը մարդկանց մեջ սպանեց ինքնուրույնությունը, ինքնուրույն մտածելակերպը: Այն ժամանակ ամեն ինչ պետք է լիներ հրամանով եւ ղեկավարների թելադրությամբ: Դա ազդեց եւ դաստիարակեց Սովետական Միության մի զանգվածի, որի հոգին սպանվել է սիստեմի պատճառով: Մարդիկ սովորել էին միայն կարգադրությամբ աշխատել, չէին զգում, թե ինչ է նշանակում ինքնաբուխ լինել: Ես ձեռքերս թափ տվող դիրիժոր չեմ, ես ապրում եմ երաժշտությամբ:  Իրենք վարժվել են տեսնել լավ չափ տվող դիրիժորներ: Լինի դա Մոսկվայում, թե արտասահմանում, եւ թե՝ առհասարակ: Այժմ նախկին Խ.Միության մեջ, եթե մեկը կա, որ հոգով ղեկավարում է, դա Սանկտ– Պետերբուրգից Վալերի Գերգիեւն է:  Մյուս բոլոր դիրիժորները հիանալի տեխնիկա ունեն, լավ չափ են տալիս, բայց ոչ մի զգացմունք չեն փոխանցում ոչ երաժիշտներին, ոչ էլ՝ հանդիսատեսին: Բրամսի սիմֆոնիաները այնտեղ ամեն օր լսում են: Եվ կարծես թե իմ ելույթը պետք է որ նորություն չլիներ: Սակայն հանդիսատեսը զգաց, որ ինքնաբուխ մեկնաբանում կա: Դա է , որ տվեց այս արդյունքը: Եւ երբ ես փորձերը կատարում էի անգիր, առանց նվագարանի, դա իրենց համար նորություն էր, իրենք չէին տեսել կյանքում: Իհարկե, դա բոլոր երաժիշտների վրա ուժեղ ազդեցություն թողեց: Սա այն հանգամանքն է, որն իր ազդեցությունն ունեցավ: Իհարկե, նախկինում էլ այդպես եղել է, երբ Փարիզում կամ Բեռլինում փորձերն անգիր ղեկավարել  եմ, բայց այս անգամ մեկ ամսվա մեջ չորս համերգի փորձերը անգիր ղեկավարելը հերոսություն էր, անհամեստություն չլնինի ասել:  Երաժիշտները դրանով խանդավառվեցին եւ նրանց նվագի մեջ էլ դա զգացվում է, թե ինչպես են նրանք  սրտով ու հոգով  նվագում: Ես նվագելիս անմոռաց տրվում էի երաժշտությանը:

–Երաժիշտերն ավելի պատրաստվա՞ծ են, քան մեզ մոտ:

–Դրանում կասկած չկա: Ոչ միայն պատարաստված են, այլեւ իրենց որակը հիմքից շատ ավելի բարձր է, քան Հայաստանի երաժիշտներինը:

–Այսինքն, նրանց հետ աշխատելն ավելի հեշտ էր:

–Այստեղ երեք խմբի պետք է բաժանեմ` ըստ կատեգորիաների. Արտասահմանի նվագախմբերը, Մոսկվայի նվագախմբերը եւ Հայաստանի:  Տեխնիկապես Մոսկվայի երաժիշտները չեն զիջում արտասահմանի երաժիշտներին, բայց գործի ընկալման առումով զիջում են նրանց: Օրինակ, Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ես Փարիզում Քոլոնն նվագախմբի հետ ղեկավարեցի ընդամենը մեկ փորձով, նույնը 1947 թվականին՝ իմ սիմֆոնիաներից մեկը: Այդ նվագախումբը ստիպված չէր կրկին նվագել: Մեկ փորձ արեցի, եւ ես չգիտեի ինչ ասել: Ամեն ինչ իր տեղն էր` նոտաները տեղն էին, կերպարը տեղն էր, ինչ որ անում էի, մարդիկ անմիջապես ռեակցիան տալիս էին, մեկ փորձից հետո չգիտեի ինչ դիտողություն անեմ:  Հայաստանում Միխայիլ Մարությանը այդ նույն սիմֆոնիայի վրա 60 փորձ է արել:  Սա Երեւանի համար: Այստեղ նախկին սիսիտեմի մեղքն էլ է: Այն ժամանակ բթացնում էին երաժշտին:  Այնքան կրկնեն, կրկնեն, կրկնեն, մինչեւ որ երաժիշտը բթանա եւ նույնիսկ քնի մեջ նվագի: Ռեակցիան այստեղ մեռած է, արտասահմանում երաժիշտն անմիջապես արձագանքում է եւ ընկալում է կերպարը, նույնիսկ եթե նոր ստեղծագործություն է: Լենինգրադում(Սանկտ-Պետերբուրգ) եւ Մոսկվայում թեեւ ավելի լավ էր, քան Երեւանում, սակայն օրինակ Լենինգրադում հայտնի Մրավինսկին այնքան էր փորձում, Իվանովը՝ նույնը, որ երաժիշտներին բթացնում էին: Մարդիկ այլեւս անձնական ինքնուրույնությունից զրկվում էին: Մինչդեռ նույնիսկ վերջին փորձից հետո կարող է համերգի ժամանակ նոր մեկնաբանություններ ի հայտ գան: Արվեստը դպրոցի պես չէ, որ նույն բանը կրկնեն: Արվեստը սիրում է ստեղծագործել: Ամեն անգամ կարող է նոր մեկնաբանություն լինել: Արտասահմանում ոչ մի նվագախումբ դիրիժորին երեք փորձից ավել չի տալիս: Դու` իբրեւ դիրիժոր, պետք է հասցնես: Այնտեղ սովորեցնելու խնդիր չկա: Այստեղ` Երեւանում կար այդ բանը, որ պետք է անընդհատ սովորեցնես: Եվ ինչ խոսք, որ Մոսկվայի երաժիշտներն ավելի բարձր են, քան Երեւանինը: Երեւանում աշխատել եմ եւ ռադիոյի, եւ օպերայի եւ ֆիլհարմոնիկի նվագախմբերի հետ, եւ չկա մի փորձի օր, որ չասեի` ֆալշ, ֆալշ, ֆալշ: Այնտեղ մի անգամ չեմ ասել: Հակառակ որ երկու փորձում երկու սիմֆոնիա պատրաստեցինք: Եվ մարդիկ լավ էլ նվագեցին: Բայց ստեղծագործական նախաձեռնությունների իմաստով նրանք էլ զիջում են եվրոպական ու ամերիկյան երաժիշտներին:

– Մաեստրո իսկ ի՞նչն է պատճառը, որ մեր երիտասարդ երաժիշտները, ավարտելով Երեւանի կոնսերվատորիան, Հայաստանում իրենց տեղը չեն գտնում, եւ միայն դրսում են հաջողության հասնում` լինի դա դիրիժոր, թե երգիչ, դաշնակահար, թե ջութակահար: Եվ ասում են, որ թեեւ կրթվել են Եվրոպայում, բայց չեն կարող շնորհակալություն չհայտնել Երեւանի կոնսերվատորիային: Բազային գիտելիքներն այնտեղ են տրվում: Եթե բազային գիտելիքները լավն են, ապա միթե հնարավոր չէ Հայաստանում այնպիսի մի նվագախումբ կազմել, որը կատարյալ լինի:

– Այդպիսի բան լինել չի կարող, որովհետեւ դասատուներն իրենք կատարյալ չեն: Հիմա այդքան երաժիշտ դուրս եկավ Հայաստանից, քանի տոկոսը հասավ լիակատար հաջողության` առնվազն 2-3 տոկոսը: Շատերը գնացին եւ թողեցին իրենց գործը: Հիմա այնտեղ բանջարեղեն կամ կոշիկ են ծախում: Իհարկե, շնորհք ունեցողներ կան, եւ ոչ միայն Հայաստանից գնացածները:  Բոլոր երկերներից էլ դուրս են եկել, դրանց մեջ կան եւ ռուսներ, եւ վրացիներ, եւ ուկրաինացիներ, այլազգիներ, որոնք մեծ հաջողությունների են հասել: Այն,որ առաջին դասերը ստացել են Երեւանում, դա բնական բան է, եւ ցանկացած շրջանավարտ կասի, բայց դա չափանիշ չէ: Ինչ վերաբերում է երգիչներին, ապա լավ երգիչներն ամեն տեղ փնտրվում են: Պետք է նայենք թե քանի հոգի են ավարտում, եւ քանիսն են տեղ գտնում:

– Ձեր գործունեությունն առաջիկա հինգ տարում կապված է լինելու Ստաս Նամինի անվան Մոսկովյան առաջին սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ձեզ իրավունք տրվում է  այդ ընթացքում համերգներով հանդես գալ նաեւ այլ տեղերում:

–Այլ տեղեր էլ հրավիրում են: Արդեն համերգներ եմ տվել Ամերիկայում: Բայց Հայաստան չեմ գա: Արդեն հրավիրեցին եւ ես մերժեցի: Առանց ինձ ասելու համերգներ էին հայտարարել, եւ ես մերժեցի: Այդ էջն արդեն փակվել է:

– Այսինքն Հայաստանում այլեւս ելույթ չեք ունենա: Բայց նախ ձեր հանդիսատեսին եք զրկում չէ՞, այլ ոչ թե իշխանավորներին:

– Դա իմ մեղքս չէ: Ես չեմ զրկում: Նախագահն է զրկում, մշակույթի նախարարն է զրկում, որ այդպիսի բան որոշեցին:

– Ըստ Ձեզ ինչո՞ւ դա կատարվեց, եթե ամիսներ անց սառնասրտորեն վերլուծենք:

– Սա նախանձի բան է, ուրիշ հարց չկա: Որովհետեւ օպերայում ես այնքան համակրանք ունեի բոլոր երաժիշտների մոտ, որ Գեղամ Գրիգորյանին դուր չեկավ: Նույնիսկ նրանց այդպես էլ դիմեց. ՙԻնչու՞ եք սիրում Օհան Դուրյանին՚: Մի մարդ, որ այդպիսի հարց տա, այդ մարդուց էլ ինչ կարող ենք սպասել:  ՙՕպերան եք սիրում, թե Օհան Դուրյանին՚,-ահա նրա հարցումը: Գեղամ Գրիգորյանը Ռոլանդ Շառոյանի միջոցով նախագահին համոզեցին, որ ես պառավել եմ, աչքերս չեն տեսնում, ականջներս չեն լսում, եւ այլն եւ այլն, եւ նրանք դիմեցին այդ քայլին: Նախագահը պարտավոր չէ երաժշտություն հասկանալ, օպերա իմանալ կամ դասական երաժշտություն, բայց նա պարտավոր է մշակույթի նախարար ունենեալ, որը արվեստից բան է հասկանում եւ իրեն ճիշտ ինֆորմացիա է տալիս: Իսկ ինքը լսելով նախարարին, որն իր հեթին Գեղամ Գրիգորյանի ազդեցության տակ էր,  համաձայնեց իրենց արածին: Մի անգամ գոնե չցանկացավ անձամբ հանդիպել: Չասեց, լավ մի հատ Օհան Դուրյանին կանչեմ, տեսնեմ ինքն ինչ է ասում: Ահա այս վերաբերմունքն է, որ ինձ համար անընդունելի է: Մանավանդ ինքը քաջ գիտեր, թե ժողովուրդն ինձ ինչպես է սիրում:  Նույնիսկ ես դիմեցի, որ ընդունի, ոչ մի պատասխան չտվեց: Տարրական կուլտուրա չունեցան, որ ասեն այս մարդուն մի անգամ լսենք: Հիմա էլ Արմեն Սմբատյանին մեղադրել են, թե ինչու եք Օհան Դուրյանի համերգները կազմակերպել Մոսկվայում, այնինչ Արմեն Սմբատյանը ոչ մի կապ չուներ դրանց կազմակերպման հետ: Չես հասկանում, թե ինչ են ուզում դրանով ասել:

Ես կարող էի ինֆարկտ ստանալ, բարեբախտաբար չեղավ:

Չէի կարծում, որ Տրավիատայի փայլուն երեք ելույթներից հետո նման վերջաբան կլինի: Այնպիսի վիրավորանք, ինչպիսին ես ստացա, ոչ մի երաժիշտ չի ստացել:

–  Հուսանք, որ մի օր արդարությունը կհաղթանակի, եւ դուք կվերադառնաք Երեւան: Իսկ այժմ կրկին վերադառնանք Ռուսաստան: Մոսկովյան նվագախմբի հետ ի՞նչ պլաններ ունենք:

– Այս տարի նախատեսվում են հյուրախաղեր Հունաստանում եւ Ճապոնիայում:

– Մենք չխոսեցինք երաժշտական աշխարհի արձագանքի մասին:

– Իհարկե, եթե անհամեստություն չլինի ասելը,  իմ ելույթը Մոսկվայում ռեւոլյուցիա էր: Բնական է, այն երաժիշտները, որոնք տարիներ ի վեր այնտեղ են, զարմացան, թե այս մարդը ինչպես մի քանի համերգով կարողացավ վաստակել համընդհանուր զարմանք ու հիացում: Ուստի շատերը դժվարացան նույնիսկ արտահայտվել:

–Ձեր ամենասիրած ստեղծագործությունը  ո՞րն է:

– Այդպիսին չկա ,դժվար է ասել: Ամեն մի գործ լավ է` լինի Շտրաուս, Բեթհովեն թե Բախ, այն ինչ որ սրտից ելած գործ է:

– Քանի՞ այդպիսի գործ կա ձեր սրտում:

– Շատ: Մի մոռացեք, որ ես 110 նվագախումբ եմ ղեկավարել: Ի դեպ Ձեր ամսագրի ընթերցողների համար ասեմ, որ 1960 ականներին հանդես եմ եկել Պրահայում, Բռնոյում , Բրատիսլավայում ,Կարլովի Վարիում: Իսկ  վերջին տարիներին գնացի Պրահա եւ Օստրավա: Ի դեպ, այնտեղ մի կոմպոզիտորի կին ինձ բերեց վերջինիս գրած ՙՄուսա լեռան 40 օրը՚ օպերան, բերեցի Հայաստան, Տեր- Պետրոսյանի օրոք էր, բայց չուզեցին բեմադրել, վերջը կարծեմ Պրահայում բեմադրեցին:

Հ.. ՙՕՐԵՐ՚ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է տաղանդաշատ մաեստրոյին 80–ամյա հոբելյանի առիթով եւ մաղթում առողջություն ու արիություն` արվեստի աշխարհում դիմանալու եւ դիմակայելու համար:

2002 թ Պրահա

Duryan -Asatryan

Արեւմտյան մամուլը Օհան Դուրյանի մասին

Դուրյան փոքրամարմին հսկան` արվեստի մեծ նվիրյալը, ազնիվ  է ու անաչառ: Արվեստի հարցերում անհանդուրժող է միջակությունների հանդեպ: Նրա համար արվեստի միջին վիճակը բացառյալ է, փայլեցրած արհեստ:

Մելանյա Աբովյան, օպերային երգչուհի, Լոս Անջելես, ՙԱռագաստ՚

ՙՕհան Դուրյանը Արեւելյան Եվրոպայի Տոսկանին է՚:  

Շվեյցարիա

ՙՕհան Դուրյանի նվագավարի բացառիկ վարպետությունը հիշեցնում է Արթուր Նիկիշին՚:  

Լայպցիգ

ՙԴուրյանը անուն է, որ պետք է մնա համաշխարհային երաժշտության պատմության մեջ: Նա զտարյուն, անեղծ տաղանդ է՚:  

Փարիզ

ՕՐԵՐ ամսագիր ,2002 թվական (7-8)


Առնչվող նյութեր
1. Կոմիտասի անվան պանթեոնում բացվել է աշխարհահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանի կիսանդրին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: