ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

15 փետրվարի, 2018 | 12:49

Փետրվարի 13-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տրվեց մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի մեկնարկը։


Ինչպես հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա հոբելյանի առթիվ.
«Հոբելյանական տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում նշվելու է մաեստրոյի 85-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է, որ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, որն իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»,- ասաց Արմեն Ամիրյանը։

ՀՀ մշակույթի նախարարը մեջբերեց նաև մի հատված Քշիշտոֆ Պենդերեցկու հարցազրույցից, որտեղ մաեստրոն ընդգծել է, որ իր ստեղծագործական աշխարհի վրա լրջագույն ազգեցություն են ունեցել երկու կոմպոզիտորներ՝ Բախը և Կոմիտասը։ Պենդերեցկին նաև ավելացրել է` զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է։

Ինքը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին ասաց, որ իր համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում նման փառատոն է տեղի ունենում. «Ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ ժամանում Հայաստան։ Հայաստան գալով՝ ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով, և ամենակարևորը՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես զգում եմ ինձ այստեղ՝ ինչպես տանը։ Ցավում եմ, որ միայն հայոց լեզվին չեմ տիրապետում»։
Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպոզիտորը նշեց, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն. 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Ամեն անգամ Հայաստանում ունկնդրում եմ իմ գործերը։ Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»,- ընդգծեց մաեստրո Պենդերեցկին, կոմպոզիտոր, որը տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում և խոստովանում է, որ ծրագրերը բավական շատ են։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Քշիշտոֆ Պենդերեցկու մամուլի ասուլիսը կայացավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Մինչ ասուլիսի մեկնարկը Պենդերեցկին եղևնի տնկեց երաժշտական դպրոցի բակում, այնուհետև շրջայց կատարեց կրթօջախում։
Պենդերեցկուն նվիրված փառատոնը տեղի կունենա փետրվարի 13-17-ը։

Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Փետրվարի 13-17-ը Երևանում անցկացվելիք փառատոնային չորս համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Ընդ որում, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Պենդերեցկու փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։

Փետրվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մշտապես ուրախ են նրանց հյուրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում և ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը:

«Հարգելի՛ պարոն Պենդերեցկի, մաեստրո՛,

Ես վստահ եմ, որ Դուք համոզված եք՝ այստեղ սիրում են Ձեզ և Ձեր արվեստը: Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված՝ Ձեր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է հենց Երևանից: Կարծում եմ, որ մեծ արվեստագետի կոչումներից մեկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջև բարեկամությունը, և Դուք դա շատ լավ եք անում»,-ասել է Նախագահ Սարգսյանը և հույս հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունը՝ հնարավորություն տալով հայ հանդիսատեսին մեծ բավականություն ստանալ մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի ստեղծագործություններից:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի Հայաստանը և Լեհաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ առավել սերտացնելով հայ-լեհական միջպետական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով Նախագահին ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկել է Հայաստանից: Առաջին անգամ չէ, որ նման հրաշալի փառատոններ են անցկացվում Երևանում: Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»,-ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և շնորհակալություն հայտնել փառատոնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում պետական մակարդակով մշակույթին ցուցաբերվող նման վերաբերմունքի համար:
ՕՐԵՐ-ի վերջին համարում կարադացեք Պենդերեցկու հարցազրույցը մեր ամսագրին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
4. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
5. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
6. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
7. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
8. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
9. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
10. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: