ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» հայերեն գրքի շնորհանդես Գյումրիում

05 օգոստոսի, 2018 | 13:33

Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը թարգմանվել է հայերեն

Օգոստոսի 4 էր մի քանի լրագրողներով ուղևորվեցինք Գյումրի, որտեղ պետք է տեղի ունենար հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը:

Լեփ-լեցուն էր Գյումրիում տեղադրված սիրված բարերար, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի արձանին հարող տարածքը: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ,մասնակցելու նրա մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսին և այսպես կոչված #ՔըրքԱրշավի մեկնարկին,որը կազմակերպվելու է գրեթե բոլոր մարզերով,իսկ հիմնական միջոցառումը նախատեսվում է սեպտեմբերին մայրաքաղաք Երևանում:

Միջոցառումը կազմակերպել էին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և Գյումրու համայնքապետարանը: Շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված,քանի որ սա համարվում է մեծ հարգանքի տուրք մատուցել անվանի բարերարին և հայ ազգին սիրված զավակին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած Ուիլյամ Չ. Ռեմփելի գիրքը թարգմանվել է հայերեն։

Գիրքը հայ ընթերցողին ներկայացվեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ. վերջինս ձեռք է բերել գիրքը հայերեն թարգմանելու և հրատարակելու բացառիկ իրավունքը: Գրքի թարգմանիչներն են՝ Ալինա և Աննա Միրզոյանները։

Քըրք Քըրքորյանին նվիրված այս գրքում ի հայտ են գալիս բազում փաստեր, դրվագներ, որոնք մինչ այդ հայտնի չէին որևէ մեկի և որոնց մասին արժե իմանալ: Միջոցառումը վարում էր «Էդիթ Պրինտ» հրատարակչության PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը:

Ելույթներով հանդես եկան «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը,կոմերցիոն տնօրեն Արեգ Կարապետյանը,Գյումրու համայնքապետի խորհրդական Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, «Դպիր» հրատարակչության  տնօրեն Էդիկ Կարապետյանը:

Հրատարակչությունից հայտնում են, որ «Խաղացողը. Թե ինչպես անփող, անուսում Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին:

Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար:

Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում:

Ուիլյամ Չ. Ռեմփելն իր գրքում փաստում է՝ Քըրքը շատ փակ մարդ էր: Հազվադեպ էր հարցազրույներ տվել, երբեք հանրության առջև ելույթներ չէր ունեցել և իր անձնական տարածքի պահպանումն ամեն ինչից վեր էր դասում:

Նրա բիզնես խորհրդատուներից և գործընկերներից շատերը դեռ համոզված են, որ նրա այդ մեկուսացվածությունը անգամ հետմահու էր պետք պահպանել: Սակայն Ռեմփելին հաջողվել է գիրք հեղինակել: Ի դեպ, սա փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Մեծ բարերարը. Այսօր Քըրք Քրքորյանի ծննդյան օրն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: