ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տեղեկատվական պատերազմում Հայաստանը տանուլ է տալիս

28 փետրվարի, 2013 | 18:32

Բաքվի հրահանգով Մոսկվան փակում է ազատ խոսքի իրավունքը

ՊՐԱՀԱ.-  Ստացվում է, որ աշխարհը չի կարողանում  ստիպելով Ադրբեջանում ազատ խոսքի իրավունք ապահովել, բայց Ադրբեջանը կարողանում է ստիպելով ազատ խոսք կալանել Ռուսաստանում։ Ըստ որում, դա անել դիվանագիտական նոտայի միջոցով՝ մեջբերելով երկու պետությունների միջև բարեկամության մասին ստորագրված պայմանագրի մի կետը։

Ինչպե՞ս է պատահում, որ Մոսկվան հնազանդվում է Բաքվի պահանջներին։ Ինչպե՞ս է, որ  ռուս-ադրբեջանական կապերի վատթարացման սպառնալիքն այնքան է ազդում պաշտոնական Մոսկվայի վրա, որ պետական ,,ՌԻԱ նովոստին,,  հանում է իր իսկ քաղաքական մեկնաբանի հոդվածը, ինչի տակ պարզ գրված է, որ հեղինակի տեսակետը կարող է և չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։  Ավելին, ,,Կավկազսկի ուզել,, (Կովկասյան հանգույց) կայքէջի համաձայն, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինն  անձամբ տեղեկացնում է (զեկուցում է /խմբ./) Ադրբեջանի փոխարտգործնախարարին, որ հոդվածը հանված է կայքից ու ,,լրատվական գործակալության ղեկավարությունը հետաքննում է կատարվածի հանգամանքները,, ։  Հարցն ուրեմն դեռ չի փակվել, դեռ հետաքննում են, թե ինչպես է պատահել, որ ազատախոհ լրագրող Վադիմ Դուբնովը հանդգնել է ազատախոհ  հոդված   հրապարակել` «Ղարաբաղը 25 տարիների ընթացքում սովորել է լինել չճանաչված» վերնագրով։

Ակամա հիշեցի, որ օրեր առաջ  ,,Ռուսալի,,  երևանյան մասնաճյուղի բանվորների պահանջին՝ վճարել  առողջության համար արտադրության վնասակարության համար նախատեսված գումարները,  ինչ-ինչ մարդիկ պատասխանել էին, թե՝ սո՛ւս մնացեք, ձեր այդ պահանջը կարող է վնասել հայ-ռուսական կապերին… Փառահեղ ստրկամտություն է, խոսք չկա։  

,,Ռիա Նովոստիի,, պահվածքի մասին ավելի ուշ։ Այժմ պարզ մի հարց՝  իսկ ի՞նչ է  ի պատասխան մտածում Հայաստանի արտգործնախարարությունն ասել իր ռազմավարական գործընկերոջը՝ առնվազն Ռուսաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպանի միջոցով, գուցե նաև մեջբերելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության մասին պայմանագրի ինչ-որ կետ։  Չէ՞ որ պարզից էլ պարզ է, մարտական մեծ գործողություններն ավարտած պատերազմող երկու պետության տեղեկատվական պատերազմ է, ու այս պատերազմի հաղթողն է, որ վայելելու է դիվանագիտական հաղթանակը։ Կամ՝ Հայաստանը ԼԻՈՎԻՆ և ոչ թե կիսատ-պռատ միջոցներով  կգործի տեղեկատվական պատերազմի կանոններով ու կամրագրի մարտի դաշտում ձեռք բերվածը, կամ…  տանուլ կտա մեր լավագույնների արյան գնով ձեռք բերված հաղթանակը։  Այլընտրանք չկա։

Տարիներ շարունակ այս պարզ ճշմարտությունն անտեսելու ու կրավորական դիրք բռնելու արդյունքն է այսօր Խոջալուի դեպքերի համար այս ու այն խորհրդարանում հակահայ, Հայաստանին դատապարտող միակողմանի բանաձևերի ընդունումը։  Ինչո՞ւ է կրավորական կամ լավագույն դեպքում արձանգանքային դիրք գրավում Հայաստանը։

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի դեպքերը դատապարտող բանաձևն ընդունվեց փետրվարի 7ին։ Դրանից մի քանի ամիս առաջ,  հոկտեմբերի 29-31ը եռօրյա այցով Պրահայում էր Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։  Նա հանդիպումներ ունեցավ Չեխիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ, հանդիպեց  նորաստեղծ հայ-չեխական բարեկամության պատգամավորական խմբակցության անդամների հետ, ովքեր նաև մաս են կազմում հակահայ բանաձևն ընդունած հանձնաժողովի։ Հարց. ի՞նչ հարցեր էր քննարկում երեք օր շարունակ Հովիկ Աբրահամյանը,  Հայաստանի տեսակետներն ապացուցող ի՞նչ գրականություն կամ ֆիլմ տվեց իր չեխ  պաշտոնակիցներին։ ՈՉ ՄԻ։   Պատահական չէր, որ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի ջանքերով երկրի սենատում վերջերս կազմակերպված սեմինարից հետո (ցուցադրվեցին Ցվետանա Պասկալևայի և Լարիսա Ալավերդյանի ու Մարինա Գրիգորյանի ֆիլմերը) բանաձևը ստորագրած պատգամավոր Վացլավ Կուբատան ասաց՝ մենք տեղյակ չէինք, այսքան բան չգիտեինք։

Մի քանի ամիս առաջ էլ Հայաստանի մի այլ պատգամավորական խումբ ներկա է գտնվել Ֆրանսիայի սենատում կազմակերպված միջոցառմանը, ուր Հայաստանից ոչ մի բուկլետ կամ գրքույկ չի տարվել։ Այնպիսի տպավորություն է, որ պատգամավորական երկկողմ այցերը օգտագործվում են տուրիստական, առևտուր անելու կամ սեփական բիզնես դնելու հնարավորություններ գտնելու  նպատակներով։ Միայն դիվանագիտական ներկայացուցչություններն ի վիճակի չեն տեղեկատվական պատերազմ տանել։ Սա պետության բոլոր կառույցների խնդիրն է։  Ակտիվ պետք է գործի խորհրդարանական դիվանագիտությունը։ Արտասահմանյան այցերին պետք է մաս կազմեն օտար լեզուներ իմացող, բանիմաց եւ կապեր հաստատելու ընդունակ պատգամավորներ, ովքեր պետք է պարզապես ողողեն բոլոր խորհրդարանները հայկական տեղեկատվական նյութերով։

Այն, որ  տեղեկատվական պատերազմ է մղվում, անշուշտ Երևանում շատ լավ պատկերացնում են, սակայն այն, որ այդ պատերազմում էլ են հստակ ուղղորդված ջանքեր անհրաժեշտ, չգիտես ինչու անտեսվում է։

Վերադառնանք ,,Ռիա նովոստիին,,։ Ստալինյան ժամանակներում, 1941 թվականին հիմնադրված  Սովինֆորմբյուրոն  1961 թվականի խռուշչևյան ձնհալի ժամանակ վերանվանվեց ԱՊՆի,  1990ին՝ գորբաչևյան պերեսրոյկայի շնչով դարձավ ԻԱՆ, իսկ 2004ին Պուտինը կատարեց ևս մեկ շտկում ու այն վերանվանվեց Ռիա նովոստի, սակայն էությամբ այն այդպես էլ մնաց Սովինֆորմբյուրո։ Սովորաբար  որևէ լրատվական գործակալություն միշտ պաշտպանում է իր լրագրողին, բայց ՈՉ այս մեկը։ Այս կառույցն իր դեմքը ցույց տվեց դեռևս ղարաբաղյան պատերազմի սկզբում՝ հետին թվով աշխատանքից հեռացված հայտարարելով ադրբեջանական ուժերի մոտ գերի ընկած հայ լրագրող Վարդան Հովհաննիսյանին։  Ադրբեջանական հարցումին ի պատասխան, թե արդյոք վերջինս իրոք իրենց թղթակիցն է, գործակալությունը  հանգիստ պատասխանել էր, թե արդեն մի քանի օր է՝ ՈՉ,  հասկանալով,  որ դաժան ու անխուսափելի մահվան է դատապարտում իր  թղթակցին։   Պատմությունն այդպես էլ գուցե անհայտ մնար, եթե հայ լրագրողին ազատ արձակելու Ցվետանա Պասկալևայի բարձրացրած աղմուկի պատճառով այն ժամանակ ԽՍՀՄ – ԱՄՆ դիվանագիտական մակարդակի բարձրացած հարցի դրական լուծում ստանալուց հետո, գործակալության ղեկավարությունը չփորձեր նաև իրեն վերագրել Վարդանի գերությունից բարեհաջող ազատելու դափնիները։  Ահա սա է այն գործակալությունը, որ հանում է իր էջից հանրահայտ Վադիմ Դուբնովի հոդվածը՝ դրանով ավելի մեծ ուշադրություն հրավիրելով նյութի վրա։

Այսօր այդ հոդվածը նաև մեր կայքէջն է հրապարակում։ 

Աննա Կարապետյան

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: