ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի կյանքի դիպվածները. բացառիկ ցուցադրություն Երեւանի կենտրոնում

27 օգոստոսի, 2018 | 11:06

 

«Դիպվածներ կյանքից»

(Քանդակագործ Գևորգ Թադևոսյան)

Երևանի սրտում` Մոսկովյան փողոցում, Սանտա Ֆե սրճարանի մուտքի դիմաց Երևանի «Անտիկյան գալերեա»-ի նախաձեռնությամբ տեղադրվել է ժամանակակից քանդակագործ Գևորգ Թանդևոսյանի «Դիպվածներ կյանքից» եռաքանդակը:  

 «Դիպվածներ կյանքից» հուշարձանախումբը քանդակային համալիր է, բաղկացած երեք հորինվածքներից՝ «Կարդիոգրամմա» (310x540x40), «Պտույտ» (400x260x40), «Ընթացք» (340x110x40), որոնք ստեղծված են բրոնզից և երկաթից  ձուլման, զոդման և մակերեսի բազմապիսի մշակման եղանակով։

«Կարդիոգրամմա»-ն զիգզագաձև տարածական հորինվածք է, որի բարձր կետերը պսակված են վեց քանդակային՝ սիրող զույգի, թռչող մարդու, շեփորահարի, աղավնակրի, աղոթողի (oրանտի) և մտածողի կերպարանքներով։ «Պտույտ»-ը շրջանաձև հորինվածք է, որի անսկիզբ ու անվերջ ուրվագծի հանդիպակաց ներսի և դրսի ստորին և վերին կետերում տղամարդու և կնոջ քայլող քանդակային կերպարանքներն են։ «Ընթացք»-ը ուղղանկյուն ուղղահայաց թափանցիկ հորինվածք է, որի կենտրոնով անցնող ձողին քայլող մարդն է, նույն կերպարանքը՝ սակայն մագլցողի դիրքով, բռնվել է վերևից և ձողից կախված պարանից։ Այսպիսով ստեղծված են մարդու կյանքի պատկերավոր հիմնական բնորոշիչները՝ նրա գործունեության զարկերակի կորագիծը, մարդկության ապրած տարիների պտուտաձև անվերջ ռիթմը, ապրելու համար պայքարի ընթացքը։

Գևորգ Թադևոսյանը (1985թ.) արդի հայ քանդակագործության ամենատաղանդավոր, պրոֆեսիոնալ և նշանավոր ներկայացուցիչներից է։ Ակտիվ բեղուն ստեղծագործությունը, մասնակցությունը տարբեր ցուցահանդեսներին, մրցույթներին և գալերեաներին, մշտական կատարելագործումը հաղորդել են Գ.Թադևոսյանի տաղանդին հասունություն։ Ելնելով սեփական ներաշխարհի մղումներից, արվեստագետը ձևավորել է իր ուրույն ձեռագիրը, հարուստ գեղարվեստական լեզուն, որում միավորվել են 20-րդ դարի եվրոպական քանդակի նոր ձևերն ու արտահայտչամիջոցները ու հայկական միջնադարյան և 20-րդ դարի վերջին տասնամյակների քանդակագործության ավանդույթները։ Սա է պայմանավորել Թադևոսյանի արվեստում իրապաշտականի ու պայմանականի օրգանական միաձուլումը, ծավալայինի ու գծայինի խաղը, ամենակարևորը՝ բովանդակության և ձևի անքակտելի կապը։ Վերջին հատկությունը միշտ էլ բնորոշել է քանդակի իսկական վարպետներին և դա էլ տարբերում է Թադևոսյանի ստեղծագործությունը ժամանակակից հայ քանդակագործներից, որոնց արվեստում գերիշխում են կամ գաղափարականը, պատմողականը կամ նոր ձևերն ու արտահայտչամիջոցները։ «Դիպվածներ  կյանքից» եռաքանդակն իր մեջ խտացնում է Թադևոսյան քանդակագործի՝ մեր ժամանակակցի, մասնագիտական ձեռքբերումները, մտորումները մարդու կյանքի մասին առհասարակ և մեր օրվա մասին մասնակի, մեկնաբանելով վերջինը որպես առաջինի միասնական շղթայի օղակ։

Վերը նկարագրված հորինվածքներից յուրաքանչյուրն ունի իր սեփական կոնցեպտը, գաղափարը։ Միաժամանակ միավորվելով մեկ ընդհանուր տարածության և ամբողջության մեջ դրանք դարձել են մարդկային կյանքի անբաժան բաղկացուցիչների արտահայտությունը, արծարծելով մարդուն մշտապես հուզող երևույթներն ու հարցերը։ Հեղինակը օգտագործել է իր պլաստիկական տաղանդի լավագույն գծերը. մարդկային կերպարանքների ձևերը պլաստիկորեն լեցուն են, կուռ են, ընդգրկված են միասնական հավասարակշռված ուրվագծերի մեջ, համապատասխան դրանց դիրքին՝ գլխիկոր, կամ հաստատակամ, կամ պայքարող…։ Այդ ուրվագծված ծավալներից դուրս չի և ոչ մի հատված, երբեմն կերպարանքները չունեն անգամ ձեռքեր, ինչը նույնիսկ չի զգացվում դիտողի կողմից, բայց պայմանավորում է դրանց ներքին ուժը, կերպարային հագեցվածությունը «Պտույտ» և «Ընթացք» հորինվածքներում։ Այդ գերպլաստիկ «միաձույլ» կերպարանքների հետ մեկտեղ «Կարդիոգրամմայում» կարելի է տեսնել տարածության մեջ տարալուծվող ուրվագծերի մեջ ընդգրկված ծավալ-կերպարանքների, որոնց մերօրյա և մշտնջենական կրկնվող էությունները, ռիթմը և անցողիկությունը ավելի են շեշտված կարդիոգրամմայի զիգզագաձև կորագիծ թափանցիկ ուրվագծի մեջ։

Թադևոսյանի տաղանդի և պրոֆեսիոնալիզմի եզակի այդ գիծը՝ միավորել հուշարձանը տարածության հետ, հաղորդել պլաստիկորեն հագեցած ձևերին թեթևություն, ներառելով դրանք թափանցիկ բազմանշանակ ուրվագծերի մեջ, լիովին արտահայտված է ներկայացված քանդակախմբի «Պտույտ» և «Ընթացք» հորինվածքներում ևս։ Դրանց առաջին հայացքից շատ պարզ թվացող պտուտաձև ու ուղղանկյուն շրջանակները նոր հնարք են՝ կարևոր նոր իմաստներ հաղորդող այս համալիրի հորինվածքներին. շրջանը տղամարդու և կնոջ զուգահեռ շարժումը դարձնում է հավերժական կրկնվող շարժում, իսկ ուղղանկյունը մարդու պայքարը հանուն գոյատևման սահմանափակում է մի կյանքի կրկնվող ընթացքի մեջ։

Հարկ է արժևորել կերպարների բազմազանությունը և բազմանշանակությունը։ Դրանցից յուրաքանչյուրը հավերժական կերպար է՝ սեփական պատկերագրությամբ, որն իր քանդակային ձևով, բնութագրով, բնավորությամբ եզակի է, զուրկ է կենցաղայնությունից և մարմնավորում է որոշակի էություն, իսկ տեղակայմամբ, մյուսների հետ հարաբերակցությամբ դառնում է մարդկային գործունեության մասնակի արտահայտություն։ Կերպարները բնորոշված են բազմազան արտահայտչամիջոցներով. այստեղ օգտագործված են մակերեսի հարուստ ֆակտուրան, պատինացումը, կլոր քանդակային ձևի պլաստիկական հագեցվածությունը և դրա պարփակ ուրվագծումը։ Ինչպես նշվեց, քանդակագործը  կարողացել է ինքնատիպ ձևով միավորել եվրոպական եռաչափ քանդակի ավանդույթները հայկական միջնադարյան ռելիեֆային (գծային) քանդակի սկզբունքների հետ: Նա խորապես զբաղվում է նաև գրաֆիկայով, գծանկարով, այս ամենը հնարավորություն են տվել հեղինակին առավել արտահայտիչ եղանակով զուգակցել պլաստիկական ծավալը ուրվագծի հետ։

Մեր կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ Գևորգ Թադևոսյանի «Դիպվածներ կյանքից» քանդակախումբը նոր խոսք է հայ արդի արվեստում։ Իրար հետ փոխկապակցված, ինքնատիպ ոճով և խորը բովանդակությամբ, այն հետաքրքիր է մերօրյա մարդուն և նշանակալից ներդրում է ժամանակակից քանդակագործության մեջ:

Սեյրանուշ Մանուկյան

Արվեստագիտության թեկածու, դոցենտ

Երևանի պետական համալսարան,

Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոն,

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող


Առնչվող նյութեր
1. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
2. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
3. ԼՈՆԴՈՆ. Քանդակագործ Միքայել Օհանջանյանի փայլուն մասնակցությունը ,,Ֆրիզ,, Արվեստի տոնավաճառ-փառատոնին
4. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
5. Միքայել Օհանջանյանի ՙԴուրքը՚ Միլանում
6. «Արշիլ Գորկի» մեդալ՝ կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին
7. Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: