ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը շուտով կազատվի, եւս երկու հայ արդեն ազատության մեջ են

13 հունվարի, 2013 | 14:08

ԹԲԻԼԻՍԻ. – Վրաստանի խորհրդարանի կողմից 2012 թվականի դեկտեմբերին ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, հունվարի 13-ին մյուս 190 կալանավորների հետ միասին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրից ազատվել են նաև Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը, տեղեկացնում Թերթ.am-ը՝ իր հերթին մեջբերելով  Վիրահայոց Թեմի մամլո դիվանից ստացված հաղորդագրությունը։ Վիրահայոց Թեմի մամլո դիվանից նաև տեղեկացնում են, որ մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:

Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

Սրբազան հայրը եկեղեցում աղոթել է և օրհնել Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր է գնահատել նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները, շնորհավորել և իր հոգևոր խոսքով բարեմաղթել է երիտասարդներին:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը ձերբակալվել էին և դատապարտվել 11 տարվա ազատազրկման: Իր խոսքում Արմեն Գևորգյանը քաղբանտարկյալների անունից երախտագիտություն է հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր 2 տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել:

Նա նաև իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին, և՜ հայ, և՜ վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր, նրա խոսքով, ջանք ու եռանդ չեն խնայել նրանց ազատման հարցում: Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին երեք հազար մարդու համաներում շնորհելու մասին օրենք է ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը, ավելի վաղ նախագահ Սահակաշվիլին վետո էր դրել փաստաթղթի վրա, սակայն խորհրդարանականներին հաջողվել էր հաղթահարել այդ որոշումը։ Խոսնակն օրենքը ստորագրել է ուղիղ եթերում՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտարարելով, որ ողջ պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Վրացական երազանք»-ը:

Համաներում ստացածներից 190-ը քաղբանտարկյալներ են: Համաձայն վրացական Սահմանադրությանը՝ վետոն հաղթահարվելուց հետո օրինագիծը ուղարկվել էր նախագահին, իսկ իր մերժումից հետո այն ստորագրելու իրավունք է ձեռք բերել խորհրդարանի խոսնակը: Խորհրդարանական ընտրություններից հետո Սաակաշվիլիի համակիրները կորցրեցին մեծամասնությունը խորհրդարանում:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կառավարությունը դռնփակ ռեժիմով քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը
2. Վացլավ Կլաուսի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով բողոքի հայցը կքննարկի Չեխիայի սենատը
3. Վիրահայոց Թեմը կոչ է անում նախագահ Սաակաշվիլուն և ՄԱՇ մյուս լիդերներին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից
4. Համաներմամբ ազատվածներից 101-ը կրկին հանցագործություն են գործում
5. Բանտերից ազատվածները նոր հանցագործություններ են անում
6. Նախագահ Կլաուսը սուր քննադատության թիրախում. համաներման ընդդիմադիրները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: