ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը սկսել է բողոքարկման գործընթացը

14 ապրիլի, 2017 | 09:41

2017 թ․ ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։

ditordԲողոքարկման գործընթացը տարածքային ընտրական հանձնաժողովներում

Ապրիլի 3-ին և 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։

Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ և տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով։

Օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները հետևյալներն են․

1․ բողոքները փոստով ուղարկելու արգելք և դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ,

2․ բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում․ քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչև ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն,

3․ լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետևանքները,

4․ դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։

Այս պահանջների պատճառով անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։

Տարածքային ընտրական հանձնաժողովները ևս խոչընդոտել են բողոքների ընդունման և քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։  Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա ևս արված չէ։

Բողոքարկման որոշ արդյունքների մասին

Թվով 4 ՏԸՀ-ներ բավարարել են դիտորդների իրավունքների սահմանափակումների վերաբերյալ  բողոքներից մի քանիսը:

Ներկայացված դիմում–բողոքների հիման վրա թիվ 26, 14, 16, 17 տարածքայինհանձնաժողովները կայացրել են մեկական որոշում, որոնցով անհրաժեշտ են համարել դիմել ԿԸՀ՝տեղամասային հանձնաժողովների նախագահներին արտոնագրերից զրկելու պահանջով։ Ընդորում՝ թիվ 26 ընտրական հանձնաժողովի դեպքում խոսքը 3 հանձնաժողովների նախագահներիմասին է։

Թիվ 5 և թիվ 12 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշումներ, որոնցովհամապատասխան գործերի նյութերը ուղարկել են ստուգման դատախազություն ևոստիկանություն։

Բողոքարկման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։  Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում  այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ։

Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին

Քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է մեզ և ասել, որ իր փոխարեն քվեարկել են։ Նա լրացրել է հայտարարությունն այդ մասին և տարել ԿԸՀ, սակայն հաջորդ օրը այցելելով մեր գրասենյակ՝ հայտնել է, որ լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այնուամենայնիվ որոշել է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն կատարվել է քվեարկություն, և գործն ուղարկել դատախազություն։ Այս դեպքի մանրամասների մասին տես «Քաղաքացի դիտորդ»-ի հայտարարության տեքստը այս հղումով՝ https://citizenobserver.am/hy/news/view/dkpt2017-04-12-11-50 ։

Ֆեյսբուքի և էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով 3 անձ հայտնել է, որ իրենց ազգականների փոխարեն կատարվել է քվեարկություն։  Նրանց ուղարկել ենք հայտարարության ձևը՝ այն լրացնելու և համապատասխան մարմին ներկայացնելու համար։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ մահացած քաղաքացու անվան դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն և դրա մասին հայտարարություն տալու պատրաստակամություն հայտնել, սակայն այնուհետև զանգահարել է և հրաժարվել  ստորագրել հայտարարությունը։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ իր հարևանի տան հասցեում (վերջինս արդեն 25 տարի է՝ Հայաստանում չէ) նկատել է գրանցված անծանոթ մարդկանց, որոնց անունների դիմաց կան ստորագրություններ։ Այս քաղաքացին ևս հրաժարվել է դեպքի մասին հայտարարություն ստորագրել։

Դիտորդ Հայկ Տիգրանյանը հայտնել է, որ 7/12 տեղամասում ստորագրությունների թիվը 905 է, այնինչ պաշտոնական թիվը 917 է։

Ուշագրավ դեպքերի մասին են հայտնել ընտրության մասնակցած 3 անձ։ Նրանցից 2-ի անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, իսկ մեկն ասել է, որ իրեն չեն առաջարկել ստորագրել իր անվան դիմաց։

Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից մեկը, ում անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, դեպքի կապակցությամբ հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ից նրան հայտնել են, որ նա սխալվում է՝ իրականում նա ստորագրել է ընտրողների լրացուցիչ ցուցակում, որը չի սքանավորվել և հրապարակվել, և խնդրել են հետ վերցնել հայտարարությունը։ Դիմողը, սակայն, ասել է, որ ինքը հիշում է՝ ստորագրել է ընտրողների հիմնական ցուցակում, և հետ չի վերցրել իր հայտարարությունը։

Այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ևԺողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թխորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միությանև  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները:

«Քաղաքացի դիտորդ»


Առնչվող նյութեր
1. 2300 դիտորդից 310-ը սփյուռքահայ են. խորհրդարանական ընտրություններ Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: