ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Փարաջանով,, ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում

05 հուլիսի, 2013 | 11:22

ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ. -Երեկ երեկոյան Կարլովի Վարիի 48 –րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ Փարաջանով ֆրանս-ուկրաինական-հայկական-վրացական համատեղ արտադրության ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի համառեժիսորներ Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան,համապրոդյուսերներ՝ Ֆրանսիայից Գորուն Ափրիկյանը, Երեւանից  ,,Պարադիզ,, ընկերությունից պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը, Կիեւից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Վոլոդիմիր Կոզիրը եւ պրոդյուսեր Ալեքսանդր Վարդանյանը։ Ֆիլմը ցուցադրվեց Կարլովի Վարիի քաղաքային թատրոնի շենքում, լեփ-լեցուն դահլիճում։ Ֆիլմն ընդգրկված է ,,Արեւլքից Արեւմուտք,, մրցութային ծրագրում։

Ողջույնի խոսքերով հանդես եկան Օլենա Ֆետիսովան եւ Սերժ Ավետիքյանը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին, որ ֆիլմն ընդգրկվել է փառատոնի մրցութային ծրագրում։ Իսկ Սերժ Ավետիքյանը նշեց, որ իրենք փորձել են ներկայացնել Փարաջանովի բաց մտածողությունը։ Ֆիլմի ավարտից հետո դահլիճը բուռն ծափողջյուններով արձագանքեց, շատերը մոտեցան կինոգործիչներին եւ կիսվեցին իրենց տպավորություններով։ Ստեղծագործական կազմին իրոք հաջողվել էր հասունացնել Փարաջանովի կերպարը եւ հուզել հանդիսատեսին։ Ամեն ինչ արված էր չափի ու էթիկայի սահմաններում եւ մատուցված բարձր ճաշակով։ Հատկապես տպավորիչ էր Սերժ Ավետիքյանի՝ Սերգեյ Փարաջանովի կերտած կերպարը։

Ֆիլմը ոչ միայն Փարաջանովի ստեղծագործական կյանքին էր նվիրված, այլեւ անձնականին, նրա հարաբերություններին իշխանությունների ու մտերիմների հետ։ Հատկանշական է, որ ֆիլմում պահպանվել է նաեւ փարաջանովյան կոլորիտը՝ իր բոլոր անսպասելի անակնկալներով։

Ֆիլմի ցուցադրությունից հետո Կարլովի Վարիի միջազգային փառատոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար,  այժմ գլխավոր խորհրդատու Եվա Զաարալովան նշեց, որ շատ հավանել է ֆիլմը եւ հատկապես Սերժ Ավետիքյանի խաղը, որն ազդեցիկ է։ Նա նաեւ նշեց,  որ դեռ երիտասարդ տարիքում դիտել է Փարաջանովի ֆիլմերը եւ իր համար հետաքրքիր էր այդ կապը։

Պրեմիերայից հետո Սերժ Ավետիքյանը նշեց, թե դահլիճում դիտելով ֆիլմը, զգաց, որ հանդիսատեսի ու ֆիլմի միջեւ ստեղծվեց այդ մագնիսական դաշտը։ ,,Փարաջանովի առավելությունն էր լինել եւ շատ տարբեր, եւ միաժամանակ նույնը,, ։ Այդպես էլ ֆիլմի ընկալումն ՝ ըստ այն հանգամանքի,  թե հանդիսատեսը որքանով է ճանաչում նրան։

Իսկ ֆիլմի սցենարիստ եւ համառեժիսոր Օլենա Ֆետիսովան մեզ հետ զրույցում ասաց, ,,Ես շատ երջանիկ եմ այսօր, քանի որ տեսա այն, ինչ ցանկանում էի։ Շատ սարսափելի է, երբ առաջին անգամ հանդիսատեսի ներկայությամբ նայում ես ֆիլմը։ Ես զգացի այդ ջերմությունը եւ հասկացա, որ Փարաջանովը դարձել է ընկալելի։ Ֆիլմից հետո մի քանի մարդ մոտեցավ ինձ եւ ասաց, որ Փարաջանովը հետաքրքրել է իրենց եւ շատ կցանկանային դիտել նրա ֆիլմերը,,։

Առաջիկայում Փարաջանով ֆիլմը կցուցադրվի նաեւ Երեւանում՝ ,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնի փակման ֆիլմն է,  իսկ հետո նաեւ Օդեսայի միջազգային կինոփառատոնում։

Հակոբ Ասատրյան

Սերժ Ավետիքյանի հետ  հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ-ի՝ կինոյին նվիրված հատուկ համարում։

Լուսանկարները՝ ՕՐԵՐ ամսագրի եւ   Karlovy Vary կինոփառատոնի

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
3. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
4. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
5. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
6. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
8. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
9. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
10. Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: