ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ

12 նոյեմբերի, 2018 | 11:49

Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ու տնօրինությամբ նոյեմբերի 11-ին Բուխարեստում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված տեղի առաջնորդանիստ Մայր Տաճարի կառուցման 103-րդ և Ամենայն Հայոց Հայրապետ երջանկահիշատակ Վազգեն Ա-ի ծննդյան 110 ամյակներին:

 

Օրը սկսվեց տոնական Սուրբ Պատարագի մատուցմամբ՝ ձեռամբ Ռումանիոյ առաջնորդի և մասնակցությամբ փոխառաջնորդ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկայի և Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի:

Սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Ռումին Օրթոդոքս եկեղեցու պետ Դանիելի Պատրիարքի փոխանորդ Վառլամ արքեպիսկոպոս Պլոիեշտիանուն, ով ընթերցեց Պատրիարքի խոսքը` նվիրված Վազգեն Ա-ին, Վատիկանի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Միգել Մաուրի Բուենդիան, Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Կոռնելիու Դամիանը, Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքության ներկայացուցիչ, Ռումինիայում ուղղափառ արաբների համայնքի առաջնորդ Քայս Սադիք եպիսկոպոսը, Հունակաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Անդրեյ Մարկուսը, Թեմի հոգևոր դասը, արժ. Տ. Թորգոմ քահանա Մանդալյանը Սուչավա քաղաքից և արժ. Տ. Ավետիս քահանա Մանդալյանը Ֆոկշան քաղքից, հարյուրավոր ուխտավորներ Ռումինիայի մի շարք քաղաքներից՝ Կոնստանցա, Պիտեշտ, Գալաց, Բըրըիլա, Բաքըու, Թուլչա, Թրկու Օկնա, Բայիա Մարե և այլն:

Իր քարոզի ընթացքում Տաթև Սրբազանն անդրադարձավ  երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի կյանքին և առաքելությանը` մասնավորապես նշելով. ,,Անգնահատելի է այն վաստակն ու գործունեությունը, որ ծավալել է Վազգեն Պալճյանը թե Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդության տարիներին (1948-1955), թե Լուսավորչի գահին բազմած ժամանակ (1955-1994թթ.): Ապրելով ու ծառայելով դժվարին ժամանակներում, չնայած խորհրդային իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին ու հավատքի բռնաճնշումներին, Վազգեն Վեհափառը կարողացել է իր իմաստնությամբ ու տաղանդով Հայ Եկեղեցին դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից, պահպանել հայկական եկեղեցիները և բավարարել հայ ժողովրդի հոգևոր կարիքները: Ավելին, կարողացել է բարձրացնել Հայ Եկեղեցու հեղինակությունը միջազգային ասպարեզում և ճանաչելի դարձնել: 1962թին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։ Խորհրդային իշխանությունների առաջ և միջազգային ատյաններում բարձրաձայնել է նաև Արցախի հարցը և լսելի դարձրել արցախահայության ձայնը: Թե իբրև հոգևորական, թե իբրև մտավորական գործիչ, Վազգեն Ա-ն իր ողջ ներուժը գործածել է ի ծառայություն իր ժողովրդին, Հայրենիքին ու Եկեղեցուն, և պատահական չէ, որ անկախ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի առաջին կոչումը ստանալու բարձրագույն պատիվը հենց Վեհափառին էր վերապահված,,:

Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան պաշտոն երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի, ինչպես նաև Ռումանիոյ Հայոց Թեմում ծառայած հոգևորականաց դասի և եկեղեցու բոլոր բարերարների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում, հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված Խաչքարի առջև:

Պատարագի ընթացքում ներկա հավատավոր բազմությանը բաժանվեցին նախապես Ռումինահայոց թեմի կողմից պատրաստված ու տպագրված բրոշուրներ` նվիրված Վազգեն Վեհափառին և առաջնորդանիստ Մայր Տաճարին:

Գլխավորությամբ Ռումանիոյ հայոց առաջնորդի և ներկա քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների հետ միասնաբար Եկեղեցու բակում կատարվեց մատաղի օրհնություն, որը բաժանվեց բոլոր ներկաներին:

Մատաղի օրհնությունից հետո Ռումանահայոց թեմի Դուդյան մշակութային կենտրոնում տեղի ունեցան Վազգեն Վեհափառի ծննդյան 110 ամյակին նվիրված միջոցառումներ` ցուցահանդես, համերգ և գրքի շնորհանդես:

Ցուցահանդեսում ընդգրկված էին Ռումանահայոց թեմի արխիվում, Դուդյան թանգարանում և գրադարանում պահվող, Վազգեն Վեհափառի գրչին պատկանող և Վեհափառին նվիրված աշխատություններ, նամակներ, լուսանկարներ, ամսագրեր, թերթեր: Որոշ նյութեր առաջին անգամ էին ցուցադրվում և մեծ հետաքրքրություն էին ներկայացնում մասնակիցների համար:

Խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը` անդրադառնալով Վազգեն Ա Պալճյան Ամենայն Հայոց Հայրապետին:

Ցուցահանդեսի ավարտին ելույթ ունեցավ սոպրանո Արմինե Խաչատրյանը Կոնստանցա քաղաքից` նվագակցությամբ դաշնակահար Կարմեն Ասադուրյանի (Բուխարեստ): Ծրագրում ընդգրկված էին երջանկահիշատակ Վեհափառի սիրելի ստեղծագործություններից, տաղեր, մեղեդիներ, այդ թվում` ,,Սուրբ Սուրբ,, (Մակար Եկմալյան), ,,Խնկի ծառին,, (Տաղ Աստուածածնայ), ,,Ավե Մարիա,, (Կաչինի), ,,Նոր ծաղիկ,, (Ներսես Շնորհալի, Տաղ Յարութեան) և այլն:

Երաժշտական մասի ավարտից հետո տեղի ունեցավ Վազգեն Վեհափառին նվիրված Սուրեն Քոլանջյանի ,,Երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի կյանքն ու գործը, հանգիստը և հուղարկավորությունը,, աշխատության ռումիներեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է առաջին անգամ 1996թ., Լոս Անջելեսում, որից երկու տարի հետո, 1998թ., այն հրատարակվել է արդեն ռումիներեն թարգմանությամբ, Բուխարեստում: Հայերենից ռումիներեն թարգմանությունը կատարել է գրող, լրագրող, մշակութային գործիչ, Հայ Եկեղեցվո նվիրյալ և արժանավոր զավակ տիկին Մադլեն Գարագաշյանը: Վեհափառի ծննդյան 110 ամյակի առիթով վերոնշյալ աշխատությունը վերահրատարակվեց դարձյալ Բուխարեստում, Ռումինիայի հայոց միության ,,Արարատ,, հրատարակչությունում: Գիրքը ներկայացրեց տիկին Մադլեն Գարագաշյանը:

Միջոցառումների ավարտից հետո բոլոր ներկաները մասնակցեցին սիրո ճաշին՝ կազմակերպված Ռումանահայոց Թեմի, Ռումանահայոց միության և Բուխարեստի ծխական խորհրդի կողմից, որին մասնակցեցին ավելի քան 250 ուխտավորներ:

Վերջում Առաջնորդ Սրբազանն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը և կատարի բոլորի բարի խնդրվածքները, միասնական ու անսասան պահի Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստան և Արցախ աշխարհները, Ռումինիայի Հանրապետությունն ու ռումին ժողովրդին և համայն ռումինահայությանը:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Վազգեն Առաջին , Ամենայն Հայոց կաթողիկոս
Catholicos Vazgen I


Առնչվող նյութեր
1. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում
2. Բուլղարիա. Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին 190 տարեկան է
3. Ռումինական բանակի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի հիշատակի արարողություն
4. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Ազգային Պաշտպանության նախարարությունում
5. Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ին
6. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
7. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
8. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
9. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
10. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: