ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում

04 մայիսի, 2018 | 10:18

Լոնդոնում Թեքեյան մշակութային միության, Թեքեյան հիմնադրամի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի Հայ ուսանողների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

Դասական համերգը, որին ներկա էին ՄԲ-ում Հայաստանի դեսպանորդ Արմեն Լիլոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմից Հայր Շնորք Բաղդասարյանը,  այլ հոգեւորականներ, հասարակական, մշակութային գործիչներ, ՄԲ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ոգեկոչում էր 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում սրի մատնված 1.5 միլիոն զոհերի հիշատակը, հատկանշում էր հայ ժողովրդի ոգու ուժը, տոկունությունն ու արժանապատվության զգացումը:

 

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի օրհներգով՝ Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարմամբ: Այնուհետեւ, ելույթով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար, «Կոմիտաս» կամերային երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը, մասնավորապես նշելով, որ Սփյուռքը պետք է ջանք չխնայի, որպիսի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր շարունակությունն ունենա եւ ընդունվի Թուրքիայի կողմից: Նա նաեւ կոչ արեց ողջ հայությանը սատար կանգնել Հայաստանին եւ մասնավորապես Արցախին՝ հզորացնելու բանակը եւ դիմակայելու ագրեսոր Ադրբեջանին: «Քանի դեռ մենք պահպանում ենք մեր մշակութային ժառանգությունը, մեր հավատը դեպի Հայ Առաքելական եկեղեցին, սերը հայոց լեզվի, Հայաստանի եւ Արցախի հանդեպ, մեր ազգը կշարունակի  բարգավաճել»: Նա նաեւ հույս հայտնեց, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն էլ ավելի կամրապնդի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը Հայրենիքում: Ելույթի վերջում Վ. Ուզունյանը ներկաներին հրավիրեց մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում, Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբաթում նահատակված բոլոր հայերի հիշատակը:

 

Vartan Ouzounian

Լոնդոնի թագավորական քոլեջի Հայ ուսանողների միության համահիմնադիր եւ ԹՄՄ վարչության անդամ Վահե Ասատրյանն իր խոսքում եւս մեկ անգամ ընդգծեց, որ ձեռնարկը վկայում էր հայ ժողովրդի միասնության, տոկունության ու կենսունակության մասին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցում սուրբ նահատակների հիշատակին: Նա նաեւ կարեւորեց ԼԹՔ Հայ ուսանողների միության նպատակը տարատեսակ ձեռնարկների միջոցով պահպանել եւ տարածել հայկական մշակույթը, ավանդույթները, լեզուն ու պատմությունը եւ միավորել հասարակության տարբերի շերտեր ներկայացնող երիտասարդ հայերին: «Մենք հավատացած ենք, որ ուժեղ երիտասարդ սերունդը, եռանդուն ուսանողները ազգի բարեկեցիկ ապագան կերտողն են: Մեր միասնական նպատակն է Հայաստանի եւ Արցախի հզորացումը, պայծառ ապագան»:

Vahe Asatryan

Միջոցառումը շարունակվեց մշակութային ծրագրով՝ երաժշտություն, երգ ու ասմունք: Ելույթներով հանդես եկան մեցցո-սոպրանո Անայիս Հեղոյանը /կատարեց Կոմիտասի ստեղծագորություններից/, երաժիշտներ Արկադի Անտոնյանը, Արա Պետրոսյանը եւ Հարություն Մելիքյանը /ակորդեոն, դհոլ, դուդուկ/, երգչուհի Միգանուշ Բաղրամյանը, EOS տրիոն /Անժել Նաջարյան՝ ջութակ, Փոլ Էվերնդեն՝ կլարնետ, Թոմաս Էնգ՝ դաշնամուր/, Վանուհի Պետրոսյանը /ասմունք/, երգիչ Գրիգոր Նաջարյանը։

Հաջորդիվ եղան Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարումները ջութակի, դաշնամուրի եւ կլարնետի նվագակցությամբ: Դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ երգչախումբը կատարեց մասնավորապես մեծն Կոմիտասի ստեղծագործություններից: Հարկ է նշել, որ «Կոմիտաս»-ը, որը ստեղծվել է 2013թ., Մեծ Բրիտանիայում առաջին հայկական պրոֆեսիոնալ երգչախումբն է. ունի 15 անդամ. երգացանկը բազմազան է. ընդգրկում է ազգագրական, դասական, հոգեւոր երգեր:

Ձեռնարկն ավարտվեց Հայր Շնորք Բաղդասարյանի օրհնությամբ: Հոգեւորականը բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի Թեքեյան մշակութային միության ազգանվեր գործունեությունը եւ կազմակերպությանը մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հայապահպանության դժվարին գործում:

Նշենք, որ 1947թ. Բեյրութում հիմնված Թեքեյան մշակութային միությունը մշակութային-կրթական կազմակերպություն է, որը նպատակ ունի պահպանելու հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ստեղծելու դպրոցներ եւ ուսուցանելու հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, երաժշտությունն ու արվեստը: ԹՄՄ մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում. Լոնդոնի մասնաճյուղը ստեղծվել է 1975թ.: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, Լոնդոնի ԹՄՄ իր քույր կազմակերպության՝ 1979թ. հիմնված Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է զանազան մշակութային ձեռնարկներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ եւ այլն: Երկու կազմակերպություններն էլ զբաղվում են դպրոցաշինությամբ, ինչպես նաեւ կրթական, մշակութային, մարզական, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով աջակցում են կարիքավոր աշակերտությանը:

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
2. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
3. Լոնդոն. Թեքեյան մշակութային միության 70-ամյակը նշվեց մեծաշուք հանդիսությամբ
4. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
5. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
6. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
7. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
8. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
9. ԼՈՆԴՈՆ. Սոնա Ռուբենյանի եւ Անդրե Սիմոնյանի ելույթը Անկախության տոնին
10. Լոնդոնաբնակ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
2.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
3.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
4.«Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5.Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը. կոչ է անում հայ հոգեւորականությունը
6.Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները՝«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից
7.Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
8.Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր
9.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում
10.Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: