ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանությունից հետո Թուրքիան վերադարձրել է որոշ եկեղեցական իրեր. մենք պահանջում ենք մնացածը

30 հոկտեմբերի, 2013 | 22:36

sassounianՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է:

Ըստ փաստաբան Լյուդվիգ Կույումջյանի «Հայ համայնքային անցուդարձեր. 1927-1950 թթ.» գրքի, որը հրատարակվել է Ստամբուլում 1950 թվականին` Թուրքիայի կառավարությունը Հայոց պատրիարքարանին էր վերադարձրել եկեղեցական իրերով լի 64 մեծ արկղ: Կույումջյանը եղել է Պատրիարքարանի ֆինանսական հանձնախմբի անդամ:

Վերադարձված առարկաների թվում էին` «սաղավարտներ զարդարված ադամանդյա քարերով և մարգարիտներով, բուրվառներ, քշոցներ, եպիսկոպոսական-քահանայական թանկագին զգեստներ, շապիկներ, բոլորն էլ ոսկեթել հյուսված և զարդարված արծաթյա խաչերով, որոնց մեջ գտնվում էր նաև Աբուշեխ եկեղեցու պատարագի գոտին՝ երկու ոսկյա ձեռքերով ամրացված և վրայի ձեռքը զմրուխտե, հակինթե և ադամանդյա թանկագին քարերով ագուցված», 72 գորգ, որոնք պատկանել են Կեսարիայի Սուրբ Կարապետ վանքին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Թալասի ու այլ գավառների եկեղեցիներին, ինչպես նաև մասունքներ ոսկյա տուփերի մեջ` ծածկված թանկարժեք քարերով: Մի արկղում եղել է Կոմիտաս վարդապետի զգեստները, նրա ոսկե ինքնահոս գրիչը և ծիսական արարողությունների դաշնավորված երաժշտական նրա արժեքավոր ձեռագրերը: Գևորգ արքեպիսկոպոս Արսլանյանը առաջին տեղապահության շրջանում ստորագրել է ստացագիր այդ առարկաներն իր կողմից ընդունելու մասին և ավագ քահանա Տրդատ Բոյաջյանին նշանակել է որպես դրանց հսկիչ:

Վերադարձված իրերի ցուցակը, որ նախապատրաստվել էր Պատրիարքարանի կողմից, ներառում էր «մագաղաթյա ձեռագրեր և հին գրքեր: Համաձայն հնությունների մասին օրենքի՝ գրքերը հանձնվել էին Ստամբուլի թանգարանին»:

Այս բացահայտումներն առաջացնում են մի շարք կարևոր հարցեր: Ի՞նչ եղան եկեղեցուն վերադարձված իրերը: Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ առարկաներից ոչ մեկն էլ այժմ չի գտնվում Հայոց պատրիարքարանի պահպանության ներքո: Դրանցից մի քանիսը հանձնվել էին հայ հոգևորականներին, մի մասն էլ ուղարկվել էր Էջմիածին: Ճնշող մեծամասնությունը, սակայն, պարզապես անհետացել է մի քանի տասնամյակ առաջ, հավանաբար գողացվել և վաճառվել է:

Իր գրքում պարոն Կույումջյանը պատմում է, որ 1920-ականների վերջին, Պատրիարքարանի վարչության ատենապետը` դատավոր Հարություն Մոսդիչյանը, հայտնել է ֆինանսական հանձնախմբին, որ նա լուրջ ապացույցներ ունի, որ վերադարձված արծաթե կտորներից մի քանիսը վաճառվել են Ստամբուլի ոսկերչական շուկայում: Մոսդիչյանը մեծապատիվ անձնավորություն էր, որը կարևոր պաշտոններ էր զբաղեցրել Թուրքիայի կառավարությունում: Ֆինանսական հանձնախումբն անմիջապես կնքել է այն սենյակը, որտեղ պահվում էին վերադարձված առարկաները: Հաջորդ օրը, արք. Արսլանյանը կոտրել է կնիքը և բաց թողել պահեստավորման սենյակի դուռը: Այնուհետև արքեպիսկոպոսը հեռացրել է հանձնախմբի անդամներին:

Հատուկ հետաքննչական հանձնախումբը, այդ թվում՝ պարոն Կույումջյանը, անցկացրել է մարակրկիտ որոնում և իր արդյունքները փոխանցել Ընդհանուր ժողովին: Վերջինս մեղադրել է ոչ միայն Մոսդիչյանին, այլ նաև արք. Արսլանյանին՝ վերադարձված եկեղեցական իրերի առնչությամբ իրավախախտումներ կատարելու համար: Արք. Արսլանյանն իր հերթին մեղադրել է պատրիարք Մեսրոպ Նարոյանին` որպես պատասխանատու կորած իրերի համար: Հետո, երբ պատրիարք Նարոյանը հանձնախումբ է ստեղծել մնացած եկեղեցական իրերի ցուցակը թարմացնելու համար, պարզել է, որ գրեթե ոչինչ չի մնացել 64 արկղերի պարունակությունից, որոնք Պատրիարքարանն ստացել էր ավելի վաղ:

Իր գրքում Կույումջյանը մեկ այլ տարօրինակ պատմություն է պատմում Թուրքիայի կառավարության կողմից Պատրիարքարանին հանձնված գորգերի մասին: 1924 թվականի մարտի 8-ին, երկու թուրք՝ Կեսարիայի մոլա Խալիլի որդի Հաջի Իսմայիլը և Մեհմեդը Թալասից, գրավոր պահանջագիր են ներկայացրել արք. Արսլանյանին, պնդելով, որ գորգերից ինը հատը կապ չունեն Հայոց եկեղեցու հետ և պետք է վերադարձվեն իրենց: Երբ Պատրիարքարանը մերժել է նրանց պահանջը, թուրքերը դատական հայց են ներկայացրել արք. Արսլանյանի դեմ՝ պնդելով, որ ինը գորգերի արժեքը կազմում է օսմանյան 1975 կտոր ոսկի:

1924 թվականի հունիսի 26-ին, փաստաբան Կույումջյանը պաշտպանել է Պատրիարքարանի շահերը դատարանում: Զարմանալիորեն Պատրիարքարանը համաձայնել է բավարարել հայցը` երկու թուրքերին վճարելով 500 կտոր ոսկի: Մի քանի տարի անց, երբ պարոն Կույումջյանը հետաքրքրվել է այդ գորգերի տնօրինման մասին, նրան ասել են, որ Պատրիարքարանում նման գորգեր չկան:

Թուրքիայի կառավարության կողմից եկեղեցական իրերի վերադարձի մասին այս նոր ձեռքբերված տեղեկության լույսի ներքո, Հայոց պատրիարքարանը պետք է այժմ մանրակրկիտ հետաքննություն անցկացնի իր արխիվներում՝ կորած առարկաների մասին իր գրառումները վերանայելու համար:

Առավել կարևոր է, որ Թուրքիայի կառավարությունը 64 արկղ վերադարձնելով, փաստացի ընդունել էր, որ Ցեղասպանության ժամանակ գողացել է Հայոց եկեղեցու ունեցվածքը: Դատական հայց պետք է ներկայացվի ոչ միայն Ստամբուլի թանգարանի դեմ՝ 1920-ական թվականներին հին գրքերը ապօրինի ձևով ստանալու համար, այլև ողջ Թուրքիայի թանգարանների և գրադարանների դեմ, որպեսզի Հայոց պատրիարքարանին վերադարձվեն հազարավոր հայկական եկեղեցիներից թալանված մեծաքանակ կրոնական իրերը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Մեծն Կոմիտասի արձանը Ակնալճի եզդիական սրբատեղիում
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: