ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

14 սեպտեմբերի, 2018 | 08:21

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մարդկության խղճի վրա մեկ անգամ եւս ծանրանում է այն փաստը, որ ցեղասպանությունը քաղաքական նպատակահարմարությանը պատանդ չդարձնելու գործընթացը հաջողությամբ չի պսակվում: Արդի ժամանակներում ցեղասպանությունը հարմար միջոց կամ գործիք է դարձել բնաջնջելու բնիկ ժողովուրդներին, տիրանալու նրանց բնակեցրած տարածքին, ունեցվածքին եւ հարստությանը, հատկապես երբ քաղաքական պայմաններն, իրենց հերթին, թույլ են տալիս նման հանցագործություն կատարել:

Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի օրերին: Կամբոչիայում, Ռուանդայում, Բալկաններում եւ Դարֆուրում տեղի ունեցածները բոլորն էլ ունեին իրենց բնորոշ առաձնահատկություններն ու քաղաքական հանգամանքները, որպեսզի զանգվածային սպանությունները շարունակվեին անխափան: Այսօր, մարդկությունը ականատես է լինում մեկ այլ ցեղասպանությանՙ Մյանմայում. դարձյալ քաղաքական նպատակահարմարությունն իր գործը կատարում է:

Հիլարի Քլինթոնի, Կոնդոլիսա Ռայսի եւ Սամանթա Փաուերի սրտերն արյունոտվում էին տեսնելով լիբիացի ժողովրդի դեմ Մուամմար Քադդաֆիի կիրառած բռնատիրական վերաբերմունքը, եւ նրանք ամեն ջանք գործադրեցին տապալելու նրան, քարուքանդ անելու Մերձավոր Արեւելքում գործող ամենաիրավահասար վարչակազմի հիմքերը: Այսօր, սակայն, Մ. Նահանգների պետքարտուղարությունը տատանվում է Ռոհինջա ժողովրդի դեմ կիրառվող էթնիկական զտումները ցեղասպանություն որակել, թողնելով որ Մյանմայի զինվորականությունը ավարտին հասցնի իր սարսափելի գործողությունները:

Սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ը զեկուցագիր հրապարակեց Ռոհինջա փոքրամասնության դեմ իրականացված գազանությունների վերաբերյալ, որոնց թվում նշվում էին գյուղացիների զանգվածային մահապատիժները, կանանց հրապարակային բռնաբարությունները, գյուղերի ամբողջական հրդեհումն ու ավերումը եւ ողջ մնացածներին դեպի Բանգլադեշ աքսորումը:

Վերջին ամիսներին 720 հազար ռոհինջացիներ բռնագաղթել են Բանգլադեշ եւ «Քոքսի շուկայում» (Cox՛s bazar) միացել իրենցից առաջ այնտեղ քշված 200 հազար հայրենակիցներին:

ՄԱԿ-ի հրապարակած զեկուցագրում նշված գազանությունները հար եւ նման են Հայոց ցեղասպանության պատմության էջերում նկարագրվածներին: Զեկուցագիրը կոչ էր անում հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն եւ պատերազմական այլ հանցագործություններ իրականացրած բարձրաստիճան զինվորական սպաներին: ՄԱԿ-ում Մ. Նահանգների դեսպան Նիքի Հեյլին համամիտ լինելով զեկուցագրում նշվածներինՙ ավելացրեց, որ պետքարտուղարության փաստահավաք զեկույցը համապատասխանում է դրանց: Նա կատարվածը ցեղասպանություն չանվանեց, որովհետեւ գիտակցում էր, որ դրանով մեկ այլ իրավաբանական հարթակ կտեղափոխվեր: Հետագայում պետքարտուղարության խոսնակՀիթեր Նաուրեն զգուշացրեց, որ չպետք է այդ եզրույթը օգտագործել շտապողականությունից դրդված: «Սովորական մարդկանց համար, անշուշտ, այդ գործողությունները անհավատալիորեն սարսափելի են եւ թվում է, թե մենք պարզապես պարտավոր ենք պիտակավորել դրանք: Իրականում, դրանք շատ բարդ են: Իրավական բնորոշումները իրավաբանական իմաստ եւ կշիռ ունեն աշխարհի դատարաններում», ասաց նա:

Այդ պատճառով է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զայրույթախառն պոռթկումների տեղիք է տալիս ամեն անգամ, որ որեւէ երկրի ղեկավարը «ցեղասպանություն» եզրույթով է բնորոշում հայերին պատուհասած աղետը եւ այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան այցելության օրերին խուսափեց այդ բառից, չնայած իր կառավարությունը որոշում էր ընդունել այդ հարցի վերաբերյալ: Այո, այդ եզրույթը հագեցած է պատասխանատվության ենթարկելու հետեւանքներով, որոնք կարող են առաջնորդել մինչեւ պատժամիջոցների գործադրում եւ փոխհատուցում: ՄԱԿ-ի եւ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում համամտություն կա նաեւ «կանխամտածվածություն» եզրույթի դեպքում: Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի հաստատած կոնվենցիայում հատուկ նշանակություն է տրվում կանխամտածվածության գործոնի առկայությանը: Այնպես որ, որեւէ պատմաբան, որ Հայոց ցեղասպանության հարցում, հակառակ առկա բազմաթիվ փաստերի, հարցականի տակ է դնում կանխամտածվածության գործոնը, նպաստում է ժխտողականության տարածմանը: Բոլոր ցեղասպանություն իրագործողներն անխտիր օգտվում են միեւնույն սցենարից, ոչ միայն համապատասխան մթնոլորտը ստեղծելու եւ հանցագործությունները ի կատար ածելու, այլեւ հետագայում դրանք արդարացնելու պատճառաբանություններ հորինելու նպատակով:

Այսօրվա վայրագությունների սցենարը վաղուց էր պատրաստ: Ռոհինջա մահմեդականների դեմ խտրականության դրսեւորումը օրինականացվեց 1982-ին, երբ Մյանմայի (այդ ժամանակՙ Բիրմա) զինվորական կառավարությունը օրենքի ուժով երկրի քաղաքացիներ ճանաչեց ութ տարբեր էթնիկական խմբավորումներ, որոնց մեջ չէր մտնում մինչ այդ հավասար իրավունքեր վայելող Ռոհինջա խմբավորումը: Հետո, 2012-ին սկսվեցին լուրջ հետապնդումներն այդ խմբավորման դեմ: (Դրանից առաջ բռնաբարել էին բուդդայակնություն դավանող մի կնոջ): Վայրագությունների հետեւանքով 140 հազար ռոհինջացիներ բռնի արտաքսվել էին դեպի ներքին տեղահանման ճամբարներ:

Քաղաքացիությունից զրկելուց հետո հեշտ էր նրանց պիտակավորել որպես բենգալացի փախստականների, որոնք եկվոր էին եւ ոչ թե այդ երկրի բնիկները: Իսկ երբ հետապնդումները պատճառ դարձան, որ ինքնապաշտպանական ջոկատ ստեղծվի «Arakan Rohingya Salvation Army» (ARSA) անունով, դեմագոգիան գլուխ բարձրացրեց եւ ծառայեց որպես պատճառաբանություն, թե իբր զինուժը փորձում է ճնշել երկրում իսլամական ապստամբությունը:

Օսմանյան կառավարությունը հայերի դեմ որդեգրել էր տեղահանության քաղաքականությունը, որպեսզի նվազեցնի բնակչության համամասնությունը ի շահ թուրքերի կամ ընդհանրապես մահմեդականների, քանի որ այդ ժամանակ թուրքերը համագործակցում էին նաեւ քուրդերի հետՙ որպես դավանակիցների: Հետո երբ հուսահատությունից դրդված հայերը դիմեցին ինքնապաշտպանության, թուրքերը օգտվեցին առիթից եւ հայտարարեցին, որ պայքարում են ֆիդայիներիՙ զինված ապստամբների (այսօրվա շաբլոնովՙ ահաբեկիչների) դեմ:

Ներկայիս, քուրդերը մոտ 25 տոկոսն են կազմում Թուրքիայի բնակչության, եւ նրանք մշտական հետապնդումների տակ են: Եվ քանի որ PKK-ն (քուրդ բանվորական կուսակցությունը) պայքարում է հանուն քուրդերի ազգային իրավունքների, նրան ահաբեկիչ են պիտակավորում, եւ Մ. Նահանգներն ու Եվրոպան հարմար են դատում որդեգրել միեւնույն քաղաքականությունը քուրդերի իրավունքների հանդեպ:

Մյանմայում նույն սցենարն է խաղարկվում: Բացի մեկ միլիոն տեղահանված փախստականներից մոտ 392 գյուղական ավաններ հյուսիսային Ռախին նահանգում աբողջապես կամ մասամբ ավերվեցին, 37,700 շենքեր քանդվեցին, հրո ճարակ դարձան դրանց 70 տոկոսը:

Հակառակ Բանգլադեշի հետ կնքված համաձայնության, Ռոհինջա էթնիկական խմբավորումից ոչ մի ընտանիք չի վերադարձել Մյանմա, որտեղ զինվորական կառավարությունը մերժում է անվտանգության պայմաններ ստեղծել նրանց համար:

ՄԱԿ-ի զեկուցագիրը կոչ է անում դատի տալ մասնավորապես վեց բարձրաստիճան զինվորականների` Մյանմայում ցեղասպանություն կատարելու համար: Այն նաեւ երկրի ղեկավար Աուն Սան Սու Քիյին է մեղադրում վայրագությունները չկարողանալ դադարեցնելու համար: Երկար ժամանակ, երբ տնային կալանքի տակ էր, երկրի կին ղեկավարը աշխարհի կարեկցանքին էր արժանանում որպես ժողովրդավարության կուռքի: Նրան նույնիսկ խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեցին: Բայց այսօր նա լուռ է մնում երկրի բնակչության մի մեծ հատվածի ոչնչացման դիմաց եւ նույնիսկ պաշտպանում է զինվորական խունտայի գործողություններն ընդդեմ «ահաբեկիչների»: Նրա պարագան շատ նման է Ասիայում մեկ այլ ղեկավարիՙ Ռաշմավատի Սուկառնոպուտրիիՙ նախագահ Սուկառնոյի դստեր պարագային: (Հիշեցնեմ, որ նախագահ Սուկառնոյին պաշտոնազրկեց գնդապետ Սուխարտոն, որ կազմակերպեց Ինդոնեզիայում ապրող մեկ միլիոն էթնիկ չինացիների ցեղասպանությունը): Հենց որ Սուկառնոյի դուստրը նախագահ դարձավ, միացավ զինվորականներին, ովքեր Աչե շրջանում եւ արեւելյան Թիմորում հետապնդում էին էթնիկ փոքրամասնություններին:

Զինվորական խունտան ժխտում է, որ ցեղասպանություն է կատարել: Ավելին, իր ամբարտավան կեցվածքն ավելի առաջ տանելով, կառավարությունն անցյալ շաբաթ բանտարկեց «Ռոյթըրզ» գործակալության համար աշխատող երկու լրագրողներիՙ Քյաու Սո Ուին եւ Վա Լոնին երկրին դավաճանելու եւ ռազմական գաղտնիքներ բացահայտելու մեղադրանքներով: Իրականում լրագրողները պարզապես փաստագրում էին զինվորական ջոկատների կողմից Ռոհինջա խմբավորման անդամների սպանությունները:

Այս միջադեպը ճշգրիտ կրկնողությունն է նախագահ Էրդողանի գործողությունների, երբ նա բանտարկեց այն թուրք լրագրողներին, ովքեր փաստագրում էին, թե ինչպես է Թուրքիան գաղտնի զինում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին:

ՄԱԿ-ի կողմից խիզախություն էր հետազոտել Ռոհինջայի պարագան եւ հանդես գալ զինվորական բարձրաստիճան ղեկավարներին պատասխանատվության կանչելու պահանջով: Սակայն այդ պահանջի իրագործումը հարցականի տակ է, նախ որովհետեւ նման պահանջը կարիք ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությանը, որտեղ վետոյի իրավունք ունեցող Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են, որ ճնշում գործադրվի Մյանմայի կառավարության վրա: Մյուս կողմիցՙ եթե նույնիսկ ԱԽ-ի համաձայնությունը ձեռք բերվի, դարձյալ իրագործումը կասկածելի կլինի, քանի որ Մյանման անդամ չէ միջազգային քրեական դատարանին:

Ցեղասպանությունը որեւէ երկրում եւ որեւէ էթնիկական խմբավորման դեմ իր անմիջական արձագանքն է գտնում բոլոր հայերի սրտերում եւ մտքերում: Այդ առումով արդարացի էր, որ հայերից շատերը իրենց ձայնը բարձրացրեցին հօգուտ տուժողների: Բարեբախտաբար, գտնվեց մի կազմակերպություն, որ կարողացավ համակարգել բոլորի զգացմունքները: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության վարչությունը վերջերս հայտարարեց, որ միջազգային երեք կազմակերպություններՙ Բժիշկներ առանց սահմանների (MSF), Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (ICMC) եւ ՄԵՐՍԻ Մալայզիան (MERCY), հանձն են առել 2018-ի 1 միլիոն դոլարի գրանտըՙ տրված «Ավրորայի» կողմից Չո լա Աունին, հատկացնել 375 հազար Ռոհինջայի փախստականների օգնությանը:

«Ավրորա» մրցանակի համահիմնադիրներից դոկտ. Վարդան Գրիգորյանն այդ առիթով նշել է. «Մենք հիշում ենք այն սարսափներն ու վայրագությունները, որոնց ենթարկվեցին հայերը, հատկապես կանայք եւ երեխաներ, ցեղասպանության ժամանակ, եւ համոզված ենք, որ մեր մրցանակին արժանացած Չո լա Աունի այս մարդասիրական ծրագրերը դրական երկարաժամկետ ազդեցություն կունենան Ռոհինջայի բնակիչների վրա Մյանմայում եւ դրանից անդին»:

Ավելի դիպուկ, երեւի, հնարավոր չէր արտահայտվել:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
8. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
9. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
10. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: