ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

10 դեկտեմբերի, 2015 | 16:38

unԴեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից:

Միջոցառումը, որին ներկա էին ՄԱԿ անդամ-պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Մոգենս Լիկեթոֆտը, Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, որպես հիմնական բանախոս հանդես եկավ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: Քննարկման բանախոսներն էին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Դեվիթ Թոլբերտը, Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խթանման և հանցանքի չկրկնման հարցերով հատուկ զեկուցող Պաբլո դե Գրեֆը, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Էլիզա ֆոն Հոյդեն-Ֆորժին: Ելույթներով հանդես եկան նաև տարածաշրջանային խմբերում նախագահող անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները:

un zohrab mnatsakanianՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշեց, որ ԳԱ 69/323 բանաձևով հռչակված միջազգային օրը կոչ է անում հավաքական պատասխանատվություն դրսևորել ցեղասպանության ոճրագործության զոհերի առջև: Նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` աջակցելու 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նշանակության ամրապնդմանն ու կանխարգելման համակարգի համար կուռ հիմքեր կառուցելուն ուղղված միջազգային ջանքերին: Այս կապակցությամբ դեսպանի կողմից հիշատակվեց 2015թ. Հայաստանի կողմից նախաձեռնված և կոնսենսուսով ընդունված ԳԱ և ՄԻԽ համապատասխան բանաձևերը` երախտագիտություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցաբերված աջակցության համար: ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ նաև 2015թ. ապրիլին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումին:

Անդրադառնալով ԳԱ նախագահի և ԳՔ տեղակալի` ավելի վաղ հնչեցված խոսքերին, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցով միջազգային հանրությունը վերահաստատում է այդ սարսափելի ոճրագործությունը կանխելու իր հանձնառությունը, դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել անցյալում մարդկության կողմից ցուցաբերված անգործության զոհերի արժանապատվության հիշատակին: ՀՀ դեսպանը հավելեց, որ օրվա խորհուրդը նշանավորվում է ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից կարևորագույն փաստաթղթի ընդունման պատմական իրադարձությամբ, այլ նաև հանցագործությանը մարտահրավեր նետելու և ի վերջո այն կասեցնելու քաղաքական, իրավական ու բարոյական համընդհանուր պատասխանատվության պատգամով` որպես «բարոյական և քաղաքական հրամայական»:

«Նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն», – հիշեցրեց Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով ցեղասպանական միտումները արմատախիլ անելու համար անցյալի ոճրագործությունների խորքային պատճառներն ուսումնասիրելու կարևորությունը: Ըստ դեսպանի` «խտրականության յուրաքանչյուր դրսևորում, իրավունքի ամեն մի խախտում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումն ու ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաև բռնության հրահրումը վաղ նախազգուշացման հենց այն նշաններն են, որոնք կանխարգելման անհապաղ գործողություններ են պահանջում»:

Օրվա բանախոսներն անդրադարձան ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին, ցեղասպանական դրսևումների վերլուծությանն ու երկարաժամկետ կանխարգելման հետ դրանց առնչությանը, ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության կարևորությանը, զոհերի իրավունքի պաշտպանության միջոցներին ու փոխհատուցմանը, չկրկնվելու երաշխիքներին ու հաշվետվողականությանը, ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն այլ խախտումների փոխկապակցվածությանը, ոճրագործության կանխարգելմանն ու պատժին:

Միջազգային օրվա կապակցությամբ հատուկ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունը: Միջոցառումը, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ ՄԱԿ-ի սիմֆոնիկ նվագախումբը, ակտիվ լուսաբանվել է ՄԱԿ-ի շրջանակներում, ինչպես նաև ԱՄՆ ու միջազգային ԶԼՄ-ների կողմից` այդ թվում սոցիալական ցանցերում: Պատրաստվել և գործարկվել է միջազգային օրվա կայքեջը, որտեղ հասանելի է օրվա վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն`http://www.un.org/en/events/genocidepreventionday/:
Միջազգային օրվա միջոցառումը հեռարձակվել է ՄԱԿ-ի կայքի միջոցով և տեսագրությունը հասանելի է առցանց`
http://webtv.un.org/watch/mogens-lykketoft-ga-president-at-international-day-for-the-commemoration-and-dignity-of-the-victims-of-the-crime-of-genocide-and-for-the-prevention-of-this-crime/4653939423001:

Տեղեկանք: 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված A/RES/69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Նշենք, որ 1948թ. դեկտեմբերի 9-ին է ընդունվել Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումը գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:


Առնչվող նյութեր
1. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
2. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
3. Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի և Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագիր
4. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
5. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով
6. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7. Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: