ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում

13 սեպտեմբերի, 2015 | 12:24

2015 թվականի սեպտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության ականատես երջանկահիշատակ Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից» հայերեն-ռուսերեն գրքի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացավ «Հայկական գիտա-հետազոտական կենտրոն Վրաստանում» ոչկառավարական կազմակերպության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, և նվիրված էր Հայոց Ցեղասպանության նահատակների 100-րդ տարելիցին:

husher antsialits bookՆերկաների շրջանում էին նաև հեղինակի դուստրը, թոռներն ու հարազատները:

Բացելով շնորհանդեսը, «Հայկական գիտա-հետազոտական կենտրոն Վրաստանում» ոչկառավարական կազմակերպության նախագահ Էմմա Ախտյանը խոսեց այն պատասխանատվության և պատրաստակամության մասին, որով կենտրոնը կազմակերպեց գրքի խմբագրումը, թարգմանությունը և հրատարակությունը:

Ցեղասպանությունը վերապրած հայը լավ է հասկացել ականատեսի իր հուշերը գրքի միջոցով սերունդներին և լայն հասարակությանը հասցնելու անհրաժեշտությունը և հաշվապահի իր գործունեությանը համընթաց, մատիտով ամրագրել է իր հուշերը, մանրամասն նկարագրելով իր տունը, Էրզրումն ու հարակից գյուղերը, հայ հերոսներին, ստեղծելով ձեռագիր մի գիրք: Հաստատ համոզված լինելով, որ խորհրդային տարիներին անհնար է այն հրատարակել, նա ողջ կյանքի ընթացքում սրբությամբ պահել է ձեռագիրը, մահից առաջ դստերը՝ նախկին ուսուցչուհի Իզաբելա Դիլբարյանին կտակելով անպայման հրատարակել ու հանրությանը հասանելի դարձնել այն:

vrastan book

Ցավոք, դուստրը չի կարողացել ի կատար ածել հոր պատգամը և ահա նրա ծոռ Լևոն Ռշտունու հովանավորությամբ գիրքը դրվեց ընթերցողի սեղանին՝ հայերեն և ռուսերեն:

 

Գրքի շնորհանդեսին ներկա Լևոն Դիլբարյանի թոռնուհի Ռիմմա Ռշտունին ներկաներին հանգամանալից պատմեց այն դժվարին ճանապարհը, որն անցել է պապի ձեռագիրը մինչև գիրք դառնալը հատկապես Ցեղասպանության 100-ամյակի տարում: Նա նշեց, որ իր մայրը մտատանջվելով հոր խնդրանքը չկատարելու համար, Լևոն Դիլբարյանի գերեզմանից անմոռուկ ծաղիկ էր բերել ու փակցրել ձեռագրի առաջին էջին, որը չորանալով ասես ձուլվել էր թերթին՝ դառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան անմոռուկի նմանօրինակը:

Տիկին Ռշտունին իր խոնարհումը բերեց Վիրահայոց թեմին և նրա առաջնորդին, «Հայկական գիտա-հետազոտական կենտրոն Վրաստանում» ոչկառավարական կազմակերպությանը, նախագահ Էմմա Ախտյանին, կենտրոնի անդամ Գիսանե Հովսեփյանին, խմբագիր Աննա Սարիբեկյանին, թարգմանչուհի Վերոնիկա Հարությունյանին՝ կարճ ժամանակամիջոցում գիրքը հրատարակելու գործը իրականացնելու համար:

vrastan mirzachanyan Իր խոսքում Ենոք Թադևոսյանը արժևորեց հեղինակի ստեղծագործությունը մազապուրծ փրկված հայերին իրենց նախնիների ընտանիքի պատմությունը, Էրզրում քաղաքը, շրջակա գյուղերը, տեղի դպրոցն ու ուսուցիչներին, հայ հերոսներին այդքան վառ նկարագրելու համար, ինչը բազմաթիվ էրզրումցիների տալիս է նախնիների կյանքը պատկերացնելու և վերապրելու հնարավորություն: Արժևորելով Դիլբարյան և Ռշտունի ընտանիքի կատարած նվիրական գործը, նա կարևորեց լավ հայ լինելու հետ միասին նաև հայ երեխաներ դաստիարակել հանգամանքը:

Այնուհետև ելույթ ունեցան Միքայել Թադևոսովը, Իննա Դիլբարյանը, Իվան Տարխանովը և այլոք:

Իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց հեղինակի՝ որպես ականատեսի Հայոց ցավի, կորցրած հայրենիքի մասին պատմածը, ընդգծեց պատմելաոճի պարզությունը, Արևմտյան Հայաստանի քաղաքների ու գյուղերի, կենցաղի վառ նկարագրությունը, տեղ տալով թուրքերի ու հայերի, քրդերի ու հայերի պարզ ու շիտակ մարդկանց բարեկամության պատկերմանը: Թեմակալ առաջնորդն առաջարկեց Ախալցիխեում, որտեղ մեծ թիվ են կազմում պատմական Կարին գավառից, Էրզրումից տեղահանվածների սերունդները, նույնպես կազմակերպել այս գրքի շնորհանդեսը:

Վերջում ներկաներին բաժանվեց Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից» գիրքը հայերեն և ռուսերեն տարբերակներով:


Առնչվող նյութեր
1. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
2. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
4. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
5. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
8. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
9. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
10. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: