ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ. Չեխիան եւ Սլովակիան պատրաստ են իրենց հաջողությունները փոխանցել Հայաստանին

22 ապրիլի, 2013 | 18:37

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Տիգրան Սեյրանյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին

ՊՐԱՀԱ-22.04.2013

ՕՐԵՐ – Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան այցելեցին Չեխիայի եւ Սլովակիայի արտգործնախարարները։ Ո՞րն է այդ այցերի գլխավոր արդյունքը։

Տիգրան Սեյրանյան – Նախ թույլ տվեք ողջունել ՙՙՕրեր՚՚-ի ընթերցողին և շնորհակալություն հայտնել խմբագրական կազմին Պրահայում Հայաստանի դեսպանության հետ շարունակական համագործակցության և տեղեկատվական աջակցության համար:

Ինպես տեղյակ եք, ապրիլի 9-10-ը կայացավ Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի պաշտոնական այցը Հայաստան, իսկ ապրիլի 10-12-ը՝ Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի պաշտոնական այցը մեր երկիր:

ՙՙՕրեր՚՚-ում մանրամասն լուսաբանվել է այցերի ծրագրի և կայացած հանդիպումների մասին և ես կարծում եմ առավել հետաքրքիր կլինի խոսել այցերի բովանդակային բաղադրիչի մասին:

Երկու այցն էլ պաշտոնական Երևանը շատ դրական է գնահատում, քանի որ, նախ, երկու դեպքում էլ ապահովվեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակի շարունակականությունը :

Պարզաբանեմ. Հայաստանը 2012-2013թթ. շոշափելի արդյունք գրանցեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացում և մարտի 20-ին ավարտեց դրա բովանդակային մասը: Մոտենում են ավարտին նաև ազատ և համապարփակ առևտրի գոտի ստեղծելու մասին՝ ասոցացման համաձայնագրի մաս կազմող համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հայաստանը ծրագրում է այդ փաստաթղթերը նախաստորագրել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերին: Մեր սլովակ և չեխ գործընկերները չափազանց բարձր գնահատեցին այս առաջընթացը, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը Հայաստանին Եվրոպական ընտանիքին մերձեցման գործընթացում:

Այցերի արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ: Վերը նշված փաստաթղթերի ստորագրումը և ուժի մեջ մտնելն ինքնաբերաբար չեն նշանակում Հայաստանի ասոցացումը Եվրամիությանը և հայ արտադրողի առջև ԵՄ հեռանկարային շուկա մուտք գործելը: Այս ճանապարհին մեզ մեծ և քրտնաջան աշխատանք է սպասում: Անհրաժեշտ կլինի հազարից ավելի օրենսդրական ակտերի և հայկական արտադրանքի ԵՄ չափանիշներին համապատասխանեցումը: Ինչպես իրավացիորեն նշեց նախարար Լայչակը, գործադրման կամ իմպլեմենտացիայի փուլն ավելի ծանր է և կարևոր: Այստեղ է, որ անգնահատելի է մեր չեխ և սլովակ գործընկերների փորձը: Երկու պետությունն էլ այս ճանապարհն անցել են վերջին տարիներին, ունեցել են սխալներ և հաջողություներ և այժմ պատրաստակամ են իրենց փորձառությունը փոխանցել Հայաստանին, որպես հուսալի և հեռանկարային գործընկերոջ: Ավելին, սլովակյան կողմն առաջարկեց կազմակերպել հայաստանցի մասնագետների ուսուցումը Սլովակիայում, անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի տարածքում:

Բացի այդ, երկու պետությունները կաջակցեն Հայաստանի զարգացման դոնորների կոնֆերանսի կազմակերպման հարցում:

Չեխիան և Սլովակիան վերհաստատեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում իրենց սկզբունքային մոտեցումն առ այն, որ դրա լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդության ձևաչափով:

ՕՐԵՐ – Հայաստան-Չեխիա հարաբերություններում մեր համաքաղաքացիներից շատերին է հետաքրքրում, թե Երեւանում ՉՀ դեսպանությունը մոտ ապագայում արդյոք կտա Չեխիայի մուտքի վիզաներ։ Այս հարցը քննարկվե՞ց պարոն Շվարցենբերգի հետ հանդիպումներում։

Տիգրան Սեյրանյան– Չեխիայի հետ գործում է կանոնավոր ուղիղ չբերթ, ամեն տարի մեծանում է Չեխիա այցելող հայ զբոսաշրջիկների թիվը։ Ուստի այս հարցը բավականին արդիական է, ես կասեի նույնիսկ օրակարգային է։ Չեխական կողմի հետ այս խնդիրը քննարկվել է ինչպես նախկինում, այնպես էլ այս այցի ժամանակ: Առայժմ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին, բայց վստահ եմ, որ այն լուծում կստանա:

ՕՐԵՐ – Չեխ եւ սլովակ նախարարների այցերի շրջանակում տեղի ունեցան նաեւ գործարար համաժողովներ։ Ո՞ր ոլորտներում եղան կոնկրետ համագործակցության պայմանավորվածություններ։

Տիգրան Սեյրանյան – Գործարար համաժողովները բարձր մակարդակով կազմակերպել էր Հայկական զարգացման գործակալությունը, ինչի համար ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել: Արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն կարող եմ ասել, որ դրանք արդյունավետ են անցել: Սլովակների դեպքում գործարարների այցն ավելի ճանաչողական բնույթ էր կրում, երկու երկրների գործարարները ծանոթացան միմյանց հետ և նախանշեցին փոխադարձ հետաքրքրությունների շրջանակը: Մասնավորապես, սլովակ գործարարները հետաքրքրվել են Հայաստանի գյուղմթերքով և սննդարդյունաբերության արտադրանքով, առաջարկել համագործակցություն հիդրոէներգետիկայի և ենթակառուցվածքների շինարարության բնագավառներում: Նախարար Լայչակի այցը նշանավորվեց Երևանի կոնյակի գործարանի արտադրանքի (ՙՙ5 աստղ՚՚, ՙՙԸնտիր՚՚, ՙՙԱխթամար՚՚ և ՙՙՆաիրի՚՚ կոնյակներ) Սլովակիայի խոշոր ցանցային խանութներում վաճառքի մեկնարկով:

Գործարար մթնոլորտը խթանելու նպատակով կողմերը համաձայնության եկան մոտ ապագայում ստորագրել կրկնակի հարկումը բացառելու ու ներդրումները խրախուսելու և պաշտպանելու մասին համաձայնագրեր:

Չեխիայի արտաքին գերատեսչության ղեկավարն իր հետ բերել էլ գործարարների բավականին մեծ պատվիրակություն և այցի հենց առաջին օրը պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առողջապահության և արդյունաբերության ոլորտներում աշխատատող ընկերությունների միջև: Մեծ էր չեխ գործարարների հետաքրքորւթյունը հիդրոէներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների շինարարության, բանկային բնագավառներում համագործակցության նկատմամբ: Ի դեպ, հայկական կոնյակն արդեն շուրջ երեք ամիս է հաջողությամբ վաճառվում է Չեխիայի „Makro“ մեծածախ-մանրածախ առևտրի ցանցում:

Այցի շրջանակներում կայացած հայ-չեխական երկրորդ գործարար համաժողովի ընթացքում (առաջինը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերին Երևանում) Հայաստանի էկոնոմիկայի նախարարարության և Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց միջգերատեսչական համագործակցության հուշագիր ստորագրել և ստեղծել համատեղ աշխատանքային պլատֆորմ գործարար կապերը զարգացնելու նպատակով:

Կարծում եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք նոր պայմանավորվածությունների և դրանց գործնական իրականացմանը։ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանությունն այսուհետ նոր եռանդով է շարունակելու հետամուտ լինել այդ ուղղությամբ։

 

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: