ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

10 փետրվարի, 2009 | 00:04

70-ԱՄՅԱ ՄԱԵՍՏՐՈՆˋ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.
«Կոմիտասի նետած ձեռնոցը ոչ մեկս չկարողացանք գետնից վերցնել։ Դա ինձ հանգիստ չի տալիս։ Ես կուզենայի, որ ապագայում էլ անհանգիստ մարդիկ լինեն»։
Տ.Մանսուրյան, «Գարուն», 1989թ.

«Աստծո ինձ տրված նվերն ընդունել եմ սիրով»

Հակոբ Ասատրյան, Երեւան-Պրահա

Մեր ժամանակների ամենաճանաչված եւ սիրված հայ կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի հետ մեր հանդիպումները տեղի են ունեցել մի քանի անգամ, տարբեր տարիներին։ Նրա հետ զրուցելը հոգեկան բավարարվածության մի այնպիսի դաշտ է ապահովում զրուցակցի համար, որ երկար ժամանակ մնում ես այդ շփման թողած դրական հուզականության տակ։ 2009-ի հունվարի 27-ին Մաեստրոն դարձավ 70 տարեկան։

Նրա հոբելյանն արդեն նշվել է Լոս Անջելեսում կայացած համերգով, որտեղ նաեւ հնչել է լարային տրիոյի համար գրած նրա նոր ստեղծագործությունը, այնուհետեւ հայ անվանի երաժիշտին պատվել են Մյունխենի ակադեմիայումˋ նրա հոբելյանին նվիրված համերգով։ Իսկ Երեւանում նախապատրաստվում են հոբելյանական միջոցառումներ, որին ներկա կգտնվեն նաեւ քույրըˋ հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը Սիդնեյից եւ գեղանկարիչ եղբայրըˋ Մհեր Մանսուրյանը Փարիզից։ Կարիք չկա թվարկելու Մաեստրոյի կոչումներն ու պարգեւները, նրա ստացած մրցանակները։ Մենք ուղղակի ջերմորեն շնորհավորում ենք նրան, մաղթելով առողջություն եւ ստեղագործական ավյուն։

– Մեր զրույցը երեւի թե սկսենք ամենասկզբից։ Ինչպիսի՞ մթնոլորտում է ծնվել-մեծացել կոմպոզիտոր Մանսուրյանը, ի՞նչ ազդեցություններ է կրել իբրեւ անհատ։

– Ես ծնվել եմ Բեյրութում։ 1948 թվին ընտանիքով Բեյրութից եկել ենք Հայաստան։ Պետք է ասեմ, որ իմˋ իբրեւ երեխայի , միջավայրի այդ փոփոխությունը մեծ ցնցում էր, երբ մարդկային սովորական հունից հանում են երեխային եւ տեղափոխում էքստրեմալ իրավիճակ։ Չնայած դրան, ես արագ սովորեցի հայերենի տառերը։ Մինչ այդ Բեյրութում սովորում էի ֆրանսիական կաթոլիկ դպրոցումˋ հոգեւոր մթնոլորտում, ուր ուժեղ էր հոգեւորի ազդեցությունը։ Պարտադիր չէր, որ կաթոլիկ լինեիր։ Նրանք ներարկում էին ոգին։ Ֆրանսիական կաթոլիկ ոգին շատ ուժեղ, կայացած ուժ է։ Տարիներ հետո էլ, երբ լսում եմ ֆրանսիական հոգեւոր երաժշտություն, ինձ համար թանկ է, գեղեցիկ է այդ երաժշտությունը։ Օրինակˋ Ֆորեի «Ռեքվիեմը»։

– Կաթոլիկ դպրոցում նաեւ երգո՞ւմ էիք։

– Ոչ, բայց ամեն օրը «Հայր մերով» էր սկսվում եւ ֆրանսերեն էինք արտասանում։ Դպրոցի ամբողջ բակը, պատերը քրիստոնեական, Աստվածաշնչյան թեմաներով նկարներ ու արձաններ էին։

– Պարզ է, այդ պայմաններից հետո դժվար էր համակերպվել ստալինյան ժամանակաշրջանի Հայաստանում։

– Մենք մասնակից եղանք ներգաղթին, հայտնվեցինք Հայաստանում, եւ մեզ անմիջապես ուղարկեցին Արթիկ, ուր ես հաճախեցի տեղի դպրոցը։ Միաժամանակ երաժշտություն սովորելու առաջին փորձերս եղան այնտեղ։ Այն ժամանակ Արթիկում երաժշտական դպրոց չկար։ Ես ինքնուս սովորեցի։ Բարեբախտաբար Արթիկի բանվորական ակումբում Գերմանիայից բերված մի դաշնամուր կար, որ եղել էր գերեվարված իրերի շարքում։ Հիշում եմ, շատ լավ դաշնամուր էր, որ Արթիկում դարձավ իմ ընկերը մինչեւ 1956 թիվը, երբ տեղափոխվեցինք Երեւան, եւ ես ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանը, ուր չորս տարի սովորեցի։

– Ձեր քույրն էլ եկա՞վ։

– Չէ, Արաքսը դեռեւս դպրոցական էր, իսկ ես ուսումնարան ընդունվելուն պատրաստվել էի։

– Իսկ Ձեր ծնողները երաժշտական կրթություն ունեի՞ն։

– Չէ, չեն ունեցել, բայց մեծ երաժշտասերներ են եղել։ Հայրս շատ գեղեցիկ ձայն ուներ, եւ հաճախ էր երգում։ Մեր տանը միշտ երաժշտություն կար։

– Իսկ ի՞նչ մասնագիտությամբ էին աշխատում։

– Հայրս լուսանկարիչ էր, իսկ մայրս տարբեր տարիներին Արթիկի հացի փռում է աշխատել։ Օրվա հացը մայրս էր ապահովում։ Մենք շատ անապահով ընտանիք ենք եղել։ Այդ տարիներից բոլորս սովորել ենք ինքնուրյուն կազմակերպել սեփական ընտանիքները, տնօրինել ճակատագրերը եւ աշխատելˋ ապավինելով միայն աշխատանքին։ Դա է եղել յուրաքանչյուրիս ընտրությունը։ Հարկադրանք էր։ Դա լավ բան էրˋ ազնիվ աշխատանքով հասնել արդյունքի։ Քույրսˋ Արաքսը, որ հիմա Սիդնեյում է, գիտեք, այդպիսին էր։ Եղբայրսˋ Մհերը գեղանկարիչ է, հիմա Փարիզում է բնակվում, փոքր քույրսˋ Սոնան նույնպես այնտեղ է, տնային տնտեսուհի է։ Չորս երեխաներից ավագը ես եմ, եւ միայն ես եմ մնացել Երեւանում։

– Ինչպե՞ս ընդունեցին Ձեր ծնողները, երբ որոշեցիք երաժշտությամբ զբաղվել։ Չհակադրվեցի՞ն։

– Չէ, բարեբախտաբար հայրս ինձ ու քրոջս քաջալերեց երաժշտության մեջ մասնագիտանալու հարցում։ Ասեմ, որ երբ Բեյրութից Հայաստան էինք տեղափոխվում, իր երազանքն էր ինձ տեսնել իբրեւ կրթված երաժիշտ։ Եւ երբ որոշեցի երաժիշտ դառնալ, այնպիսի խրատներ չեղան, որ ավելի լավ է գնամ ու եկամուտ ապահովող գործով զբաղվեմ կամ արհեստ ձեռք բերեմ։ Ընդհակառակը, քաջալերեցին ինձ եւ շատ ուրախ էին։ Բացի այդ, տանը յուրաքանչյուրս շատ ինքնուրյուն ենք ապրել եւ հարկադրանք երբեւէ չի եղել։ Հավասարազոր անդամներ էինք, անշուշտ, ունենալով հայ ընտանիքի բարոյականության գիտակցությունը։ Բոլորս դա ժառանգել ենք եւ պետք է ասեմ, որ բավականին ամուր բարոյական չափանիշներ են եղել մեր տանը։

– Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս էին հայտնվել Բեյրութում։

– Մայրսˋ Աննան, երկու ամսականում հայտնվել էր ամերիկյան որբանոցում, որովհետեւ ծնողները թուրքական ջարդերի զոհեր էին։ Մարաշից էր մորս ընտանիքը։ Հորսˋ Եղիայի ընտանիքը գալիս էր Տիգրանակերտից։ Նրանք տեղափոխվել էին Հալեպ, եւ հայրս ծնվել էր Հալեպում։ Նրանք միայն հետո էին տեղափոխվել էին Բեյրութ։ Հայրս էլ որբանոցի զավակ էր։ Ծնողներս Հալեպի որբանոցում էին հանդիպել իրար։

– Ի դեպ, չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւլքի սարսափները» գրքում Հալեպի հայկական որբանոցների նկարներից կա։ Հեղինակը այդ որբերի օգնության կոմիտե էր ստեղծել դեռեւս 1920-ականների Չեխոսլովակիայում։

– Եթե տեսնեմ, միգուցե մորս դիմագծերով ճանաչեմ։

– Իսկ նրանք իրենց հիշողություններում հաճախ էին անդրադառնում այդ տարիներին։

– Մայրս էլ, հայրս էլ անընդհատ հիշում էին։ Մորս պատմությունները որբանոցի կյանքից անջնջելի հետք են թողել իմ հիշողության մեջ։ Ինչպես էին մանկավարժները երեխաներին վախեցրել թուրքերով, որպեսզի նրանք ժամանակին քնեն։ Նա աղջիկների որբանոցում էր մնում։ Մայրս ասում էր, որ վախից բոլորը ճչում էին եւ քիչ հետո բոլորը լռում էին ու քնում։ Դա ամեն օր չէր լինում, բայց երբ անկարգ էին պահում իրենց, նրանց վախեցնելու միջոցը թուրքի անունը տալն էր։ Մայրս մեր տան որեւէ անդամի հետ հաճախ էր այցելում Ծիծեռնակաբերդˋ  իբրեւ իր ծնողների գերեզման։

– Նրանք գոնե այնքան ապրեցի՞ն, որ Ձեր հաջողությունները տեսնեն։

– Երբ մայրս մահացավ, ես Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորն էի։ Նրա թաղմանը ողջ կոնսերվատորիան էր եկել ու նաեւ հայտնի երաժիշտներ։ Դա ինձ համար մեծ մխիթարանք էր, որ այդ որբ երեխայի կյանքի ավարտին այնպիսի նշանավոր երաժիշտներ էին եկել, ինչպիսիք էին Գոհար Գասպարյանը, Ալեքսանդր Միրզոյանը։ Շատ հուզիչ է ինձ համար, երբ հիշում եմ այս դրվագը։ Միգուցե Աստծո նախախնամությունը կար այս ամբողջի մեջ։ Հայրս ավելի վաղ մահացավ, երբ ես կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող էի։

– Ուսանողական տարիներին ո՞ր երաժիշտներից եք ավելի դրական լիցքեր ստացել։

– Ես ուսանել եմ Ղազարոս Սարյանին։ Նա կոնսերվատորիայի ռեկտորն էր եւ նաեւ իմ դասախոսը։ Հինգ տարի սովորեցի նրա մոտ։ Դա մեծ բարեբախտություն էր։ Այս ձեւով ես մուտք գործեցի Սարյանների ընտանիք, հաճախ էի նրանց տանը լինում, Մարտիրոս Սայրանի հետ զրուցումˋ առօրյա հարցերից մինչեւ մեր ճակատագրի ու պատմության տխուր էջերը։
Հիշում եմ, մի օր Ղազարոս Սարյանն ասաց, որ մի քիչ սպասեմ, մինչեւ ինքը կգա եւ կպարապենք։ Սեղանի շուրջ նստած էին Մարտիրոս Սարյանը, աղջիկըˋ Լուսիկը եւ փոքր քույրըˋ Կատարինեն։ Ես մի հարց տվեցի, թեˋ «Վարպետ, դուք երբեւէ առարկաներ չե՞ք նկարել, ինչպես Պիկասոն է սիրել ինչ-որ առարկաներ նկարել»։ Կատյան ասաց, որ միայն մի անգամ լուցկու տուփի պիտակն է նկարել։ Հետո նորից լռեց եւ ասաց, որ առհասարակ հրդեհից հետո Մարտիրոսը շատ ծուլացավ։ Դա մի զարհուրելի պատմություն էր։ Նրա նկարները Փարիզից վերադարձի ճանապարհին, նավի մեջ այրվեցինˋ շատ կասկածելի հանգամանքներում։ Պարզ չէր, թե ինչու էին վառվել։ Դա հոգեկան մեծ ցնցում էր, ճիշտ այնպես, ինչպես Մինասն ապրեց, երբ նրա նկարներն այրվեցին։ Մինչդեռ, Սարյանը Փարիզում նկարել էր իր ամենալավ գործերըˋ ստեղծագործելով ժամանակի կերպարվեստի հայտնի դեմքերի շրջապատում։

– Այդ շրջանի նկարներից ոչինչ չի՞ մնացել։

– Մեկ-երկու հատ մնացել են։ Կարծեմ Կարիկ Բասմաջյանը բերեց Հայաստան։

– Վերադառնանք նախորդ հարցիս, այսպիսով Ղազարոս Սարյանին համարում եք Ձեր ուսուցիչը։

– Նա հիմնականում տրվեց կոնսերվատորիայի կայացմանը, ղեկավարում էր ընդհանուր երաժշտական կյանքը, կադրերի պատրաստումը։ Քչերը գիտեն, որ նա մեծ ինտելեկտուալ էր։ Միշտ ստվերի մեջ ապրեց եւ երբեք ինքն իրեն չներկայացրեց։ Նա ե՛ւ ռեկտոր էր, ե՛ւ հոր զավակը, ով պարտականություն ուներ Մարտիրոս Սարյանի ողջ տնտեսությունն իր ուսերին տանելու։ Եվ իհարկե, մեծ կապեր ուներ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր մտնում էին այդ տուն։ Ղազարոս Սարյանը Մոսկվայում սովորել էր Շոստակովիչի դասարանում։ Հրաշալի երաժիշտ էր, բարձր ճաշակի տեր եւ միաժամանակ շատ բաց էր։ Նա չեղավ ակադեմիստ երաժիշտ, նրա հետաքրքրությունների շրջանակը բաց էր, եւ պատրաստ էր նորին հաղորդակցվելու։ Ես երջանիկ եմ, որ այդ մթնոլորտում երկար տարիներ եմ ապրել։

– Դուք էլ ռեկտոր աշխատեցիք, քանի՞ տարի։

– Մոտ 4-5 տարի։

– Իբրեւ նախկին ռեկտոր կանդրադառնա՞ք մեր կոնսերվատորիայի դերին։ Ովքեր Հայաստանում կամ արտասահմանում հաջողության են հասել, միշտ հիշում են իրենց ուսուցիչներին։ Ցավոք, հիմա ասում են կոնսերվատորիան այլեւս այն մակարդակը չունի, կամ այն բարձունքի վրա չի, ինչ ժամանակին էր։ Ձեր կարծիքով ի՞նչ փուլեր է անցել կոնսերվատորիան, ո՞րն է եղել նրա բեղուն շրջանը, եւ ինչո՞ւ է հիմա մտել ճգնաժամի մեջ, որո՞նք են պատճառները։

– Մինչեւ Ղազարոս Սարյանի ռեկտոր լինելը, պետք է հիշել Կոնստանտին Սարաջյանին, ով մի մեծ երաժիշտ էր, մեծ մտավորական, ով ժամանակին սովորել էր Եվրոպայում, մեծ թվով ռուսական հայտնի գործերի առաջին կատարողն էր։ Սարաջյանը մեծ հեղինակություն էր։ Ենթադրում եմ, որ այդպիսի անհատականությունը եզակի էր մեր կոնսերվատորիայի պատմության մեջ։ Մեր կոնսերվատորիան, կարելի է ասել մոսկովյան կոնսերվատորիայի մասնաճյուղն էր։ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաների շրջանավարտները գալիս էին մեզ մոտ։ Երբ ստանձնեցի ռեկտորի պաշտոնը, մտածեցի, թե ի՞նչ կաներ Կոմիտասը, եթե ինքը սկսեր այս գործը։ Ի՞նչ պիտի ուզեր տեսնել իր ծրագրի մեջ կամ դասավանդեր։ Ուստի պահպանելով մոսկովյան կոնսերվատորիայից բերած լավագույն ավանդույթները, ավելացրեցի այն, ինչը Կոմիտասը կուզեր իրականացնելˋ կոնսերվատորիա բերել հայ հոգեւոր երաժշտությունը։ Մեր երաժշտությունը եկեղեցու ներսում է գոյացել, դրանից դուրս երաժշտական տեսություն գոյություն չի ունեցել։ Եթե կար մեկ ուրիշը, ապա դա աշուղական արվեստն էր, որն, իհարկե, իր վրա կրում էր հզոր կնիքը հայ երաժշտական մտածողության, բայց նաեւ ուներ կապեր եւ ընդհանրություններ ընդհանուր արեւելյան երաժշտության հետ։ Հետեւաբար, հայ հոգեւոր երաժշտությունը պետք էր ներս թողնել, կոնսերվատորիա հրավիրել, եւ այս կարգի մի քանի բան ինձ հաջողվեց անել այն տարիներին։ Ես չգիտեմ, հիմա ի՞նչ է մնացել այնտեղ այդ ամբողջից։ Հիմա չեմ դասավանդում։ Մութ եւ ցուրտ տարիներին աշխատեցի, եւ իմ դրսի բարեկամների օգնությամբ փորձեցի օգտակար լինել մեր երաժիշտներին։ Մոսկվայի հետ բոլոր կապերը կտրված էին, նույնիսկ ամենատարրական բաներիˋ խեժի ու լարի կարիք ունեինք, որոնք ժամանակին ստանում էինք Մոսկվայից, եւ արդեն վերջացել էին։ Այդ դժվար ժամանակներին, ձմռան ցրտերին անհնար էր սառցակալած մատներով նվագել։ Ուսումնական պրոցեսը պետք էր վերակենդանացնել, նաեւ չթողնել, որ ինքնահոսի տրվի արժեզրկման ընթացքը։ Ուստի գարնանն արդեն մրցույթներ էի կազմակերպում, որպեսզի ձմռանը տներում պարապած գործերը ներկայացնեն։ Սփյուռքի մեր բարերարների օգնությամբ կազմակերպված այդ մրցույթները աշխուժություն էին մտցնում։

– Իսկ որո՞նք են այն պատճառները, որ ասում են, թե կոնսերվատորիան այն մակարդակը չունի։ Ինչի՞ պակասն է ˋ ուսուցիչների՞, թե՞ ուսանողների։

– Ինչքան էլ քննադատեն, միեւնույն է, լավ երեխաներ կան, ճիշտ է դրանց թիվն առաջվա պես մեծ չէ, բայց նրանք դեռ կպահեն այդ օջախը։ Իհարկե, դասախոսական կազմը փոխվեց ի վնաս որակի, եւ դա վերաբերում է բոլոր բնագավառներին։ Ենթադրում եմ, որ կոնսերվատորիայում սովորել ցանկացող դիմորդի նկատմամբ առաջվա խստությունը չկա։ Այժմ կոնսերվատորիան մի մեծ ուսուցչական կազմի պետք է պահի եւ դրա համար ուսանող է պետք։ Մի մասն էլ վճարովի համակարգով է ընդունվում։ Այս պարագայում դռներն ավելի լայն են բացվում, քան ժամանակին, եւ բնականաբար դրանից տուժում է նաեւ որակը։ Ուսանողությունը շատ քաջալերված չէ սովորելու, եթե դրա ներքին պահանջը չունի։ Կյանքը ցույց է տալիս, որ ավելի լավ բնագավառներ կան, որ կարող են ընտրել։

– Ձեր ամենահաջողված երաժշտական առաջին գործը ո՞րն եք համարում։

– Ես կոնսերվատորիան ավարտեցի 1965 թ-ին, եւ դիպլոմային աշխատանքս եղավ «Պարտիտա»։ Պարտիտան բազմամաս նվագախմբային գործ է, նաեւ սոլո կատարման համար, որը միջանկյալ ժանր է սյուիտի եւ սիմֆոնիայի միջեւ։ Դա իմ առաջին լուրջ գործն էր, որ հնչեց։ Այն ժամանակ Պարույր Սեւակն իմ վրա բարկացել էր, որ ես մի սիմֆոնիկ գործ եմ գրել, անունըˋ Պարտիա։ Չգիտեմ, ռադիոյով էին սխալ հաղորդել, թե իրեն էին սխալ հասցրել։ Հետո պարզվեց, որ թյուրիմացություն է եղել, ես պարտիտա եմ գրել եւ ոչ պարտիա։ Մենք մոտ էինք, ես իրեն շատ սիրում էի։

– Ի՞նչ արձագանքներ կային։

– Այն տարիներին մամուլը գրեց այս գործի մասին։ Ռացիոնալ կողմն արդեն կար այդ գործում։ Այն ռացիոնալը, որն արդեն հակադրվում էր մեզանում կայացած արեւելյան ինֆուզացիոն մտածողությանը։

– Մեր հասարակության լայն շերտերին հայտնի են հատկապես Ձեր այն ստեղածգործությունները, որոնք հնչել են կինոնկարներում։ Մինչդեռ ունեք ավելի ուժեղ ստեղծագործություններ, որոնք հայտնի են երաժշտասեր ավելի նեղ հատվածին։ Ինչպես Սեակը պոեզիայում, դուք էլ երաժշտության մեջ ժամանակի շունչը բերեցիք, ինչը նոր սերնդի ձգտումների մարմանացումն էր։ Այդ շունչը դուք Ձեր մեջ կրում էիք։ Ինչպե՞ս էր այն ժամանակների երիտասարդության ոգին, եւ ի՞նչ մթնոլորտում էին ծնվում նման ստեղծագործությունները, որոնք թե՛ պոեզիայում, եւ թե՛ երաժշտության մեջ կարող էին միլիոնավոր մարդկանց վրա ազդեցություն ունենալ։

– Գիտեք, Երեւանը այն տարիներին արվեստի տեսակետից շատ լավ քաղաք էր։ Արտակարգ հարուստ, մեծ անհատականություններով, եւ զարմանալի է, իմ բախտը բերել է, որ ես բոլոր շրջանակների համար ընդունելի մարդ եմ եղել։ Ես լինում էի Սարյանի տանը, բայց նույնքան հաճախ հանդիպում էի Քոչարի հետˋ իր արվեստանոցում կամ սրճարանում։ Սեւակի հետ ես բախտավորություն եմ ունեցել մտերիմ լինել։ Սեւակից տարիքով շատ ավելի փոքր էի, եւ ինքը ինձ նվիրում էր իր բայրացկամությունը, մեծ եղբոր իր վերաբերմունքը։ Մեր քաղաքում էր ապրում Մինասը, որի հետ նույնպես մտերիմներ էինք։ Այստեղ էր ապրում Կոստան Զարյանը։ Իր տունը մեր տնից ոչ հեռու էր։ Հաճախ էինք դուրս գալիս զբոսնելու։ Քանի՜- քանի՜ անգամ եղել եմ Ալիխանյանի տանը, արվեստի մեծ գիտակ էր եւ սիրահար, ֆիլմերի հրաշալի հավաքածու ուներ։ Այնուհետեւ առիթ եմ ունեցել աշխատակցելու մեր ռեժիսորներից շատ-շատերի հետՙ Մալյանի, Փարաջանովի, Վարդան Աճեմյանի։ Դա մի փառավոր կյանք էր։ Երիտասարդ մարդուն նախանձել կարելի է։ Աճեմյանը զանգահարում էր, եւ շտապ կանչում ներկայացման փորձերի։ Սիրում էր, որ ես նստեի ու ինքը 1-2 ամիս փորձեր, թեեւ ես դահլիճում անելիք չունեի։ Դրանից իմ երաժշտությունն ավելի լավ չէր գրվելու, բայց ինձ սիրում էր եւ ուզում էր, որ ներկա լինեի։ Շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը։
Ես մտերիմ եմ եղել իմ սերնդի երաժիշտների հետ, բայց ավագ սերնդի ոչ երաժիշտ արվեստագետների հետ իմ շփումների շարքն ավելի հարուստ էր։ Ուզում եմ հիշել Ռուբեն Ադալյանին եւ Լեւոն Ներսիսյանին։ Վերջինիս հետ իմ մտերմությունը համարում եմ իմ կրթության եւ զարգացման կարեւոր կետերից մեկը։ «Միջանցահովիկում» (Խմբ.-ժողովուրդն ասում էր Սկվազնյաչոկ) մեր ունեցած հանդիպումները, ուր ժամերով կարող էինք խոսել, իհարկե ապահովում էին յուրատեսակ մթնոլորտ։ Մի օր նույնիսկ Սեւակն եկավ ու ասաց շատ եմ ուզում ձեզ հետ նստեմ, բայց որ նստեմ, պիտի ասեն ձեւ է տալիս, թե ձերոնցից եմ։

Չէր նստու՞մ։

– Նստում էր։ «Միջանցահովիկի» մթնոլորտն ուրիշ էր։ Կատակով էր ասում։

– Ձեզ համար կարեւո՞ր է, թե ո՞ր լսարանի համար եք ստեղծագործումˋ սիմֆոնիա գրելիս կամ ֆիլմի համար երաժշտություն գրելիս։ Պատասխանատվությունն ինչպիսի՞ն է։

– Երբ ես մտա կինոստուդիա, սկսեցի աշխատել փաստագրական ֆիլմերի բաժնում եւ այնտեղ մեծ քանակությամբ ֆիլմեր նկարահանեցինք։ Այդ շրջանում ինձ համար մի հետաքրքիր միջավայր բացվեց։ Ես այն ժամանակ պարտիտուրաներ հանեցի, որ սովորական պայմաններում ես իմ կամ որեւէ մեկի նախաձեռնությամբ չէի կարող հնչեցնել։ Դրանք լրիվ փորձարարական գործեր էին, որոնց մասին տեղեկությունները ստանում էի դրսիցˋ գրքերի ու ձայնագրությունների միջոցով։ Բայց տեխնիկական հարցերը պրակտիկ ձեւով լուծելու, կենդանի նվագի վերածելու հնարավորությունը միայն փաստագրական կինոյում կար։ Ես մինչեւ առաջին մեծ ֆիլմս, որ 1969 թվին եղավ, Փարաջանովի «Նռան գույնը», եւ նույն տարում նաեւ «Մենք ենք, մեր սարերը», արդեն չորս տարի փաստագրական ֆիլմերի համար երաժշտություններ էի գրում։

– Այսինքն, փաստագրական ֆիլմերի վրա աշխատանքը Ձեզ համար նաեւ լավ փորձաշրջան է եղել։

– Այո, եւ իմ ֆիլմերի վրա աշխատանքի առումով, եւ իմ անձնական երաժշտական հարցերը ճշտելու ուղղությամբ, այնտեղ տեխնիկական խնդիրներ կային, որ ես չէի կարող փորձել, եթե չունենայի նվագողների այս կամ այն խումբը։ Իսկ կինոն հնարավորություն էր տալիս այդ երաժիշտներին հավաքելու այդ պարտիտուրաների շուրջը, եւ նրանք վճարվում էին, գալիս էին ու նվագում։ Նրանք նվագում էին եւ ֆիլմի պարտիտուրան, եւ իմ ստեղծագործությունը, որի մեջ ես իմ կոմպոզիտորական տեխնիկայի խնդիրներն էի ստուգում։ Դրանք լուրջ փորձեր էին։ Բայց այնպիսի երաժշտություն էր, որ այդպիսի երաժշտության փորձեր դեռեւս չէին արվել։ Դրանց մասին ես կարդում էի եւ նյութեր էի հավաքում Ֆրանսիայից եւ Գերմանիայից։ Մոսկվայից, Կիեւից իմ ընկերներն օգնում էին։

– Խորհրդային տարիները նշանավորվեցին ֆիլմերի համար գրված երաժշտությամբ, Ձեզ համարում էին 70-ականների հայկական կինոյի ֆենոմեն, իսկ անկախության տարիներն ավելի բացվեցին սիմֆոնիկ երաժշտության համար։ Համագործակցելու, աշխատելու հրավերներ եղան նաեւ արտասահմանից։ Ի՞նչ տվեցին այդ տարիները Մանսուրյան-կոմպոզիտորին։

– Երբ ես ֆիլմերի համար էի գրում, այդ փորձարարական շրջանը երկար չէր տեւում։ Իսկ երբ մտա գեղարվեստական ֆիլմերի մեջ, արդեն ես պետք է այլ երաժշտություն գրեի, ավելի կոմունիկատիվ, ուստի արեցի այդ փորձերը, ինձ համար հարթեցի երաժշտական մի նոր մակարդակ։ «Մենք ենք, մեր սարերում» կամ «Կտոր մը երկինքում» եւ Ալբերտ Մկրտչյանի մյուս ֆիլմերում տալիս էի մեր գավառի, փոքրիկ քաղաքի մթնոլորտը, որը ոչ միայն ինձ ծանոթ էր, այլեւ սիրելի։ Դա իմ Արթիկն է, դա իմ պատանեկություն էր, այնտեղի իմ զգացումները, ընկեր-ընկերուհիները, դասարան-ուսուցիչ կապը։ Երեւանում այդ տարիներին կոմունիկատիվ երաժշտության մեջ մեծ մասամբ երգի ինտոնացիաները շքեղ մայրաքաղաքայինն էր։ Ես անուններ չտամ, բայց դա շքեղ երաժշտություն էր, մինչդեռ ես բերեցի գավառնˋ առանց շքեղության եւ պարզ իրականությամբ, որի մեջ մենք էինք, բոլորս էինք ապրում։

– Ձեր երաժշտության մեջ նաեւ ջերմություն կար։

– Այն, որ մենք ուզում էինք լինել մեծ մայրաքաղաք, իրականում արհեստական էր։ Երբ Մոսկվայից չափանիշներ էին թելադրում երգի մեծության, խելացիության եւ այլնի մասին, դա իրականում Մոսկվայի չափանիշներն էին։ Եւ մեզանում դա կրկնվում էր նույնությամբ։ Ես դա չարեցի եւ չէի էլ կարող անել, քանի որ ես գիտեի իմ ճշմարտությունը, եւ պարզվեց, որ այդ ճշմարտությունը շատ ավելի հարազատ է, շատ ավելի մոտ է, ու նա էլ է ապրում իր շքեղությունը, նույնպես իր տեղն ունի, եւ մեր քաղաքը մի օր այդպիսին կդառանա կամ միգուցե դառնում է։ Ես բերել էի փոքր քաղաքի սերերը, ուրախությունները, տխրությունները, սա է որ գրավեց ունկնդրին, որովհետեւ նա դրան հավատում է։ Մինչդեռ մյուսը կարծես թե գեղեցիկ տեսիլք է։ Այս փոքրիկ բաժանումը կա։ Ես պետք է ներողություն խնդրեմ, որ իմ երաժշտությունն ինքս եմ ներկայացնում, քանի որ այս մասին խոսք չի եղել մեզանում։ Մեզանում չեն քննարկվել այս կարգի հարցերը, սրանք իմ հետեւություններն են։ Ես եմ փորձել պարզել, թե որոնք են տարբերությունները, եւ թե լսարանի կապը ինչու է այսպես։ Մենք ուղղակի սրա մեջ ապրում ենք։

– Իսկ Գերմանիայում ապրած տարիները անշուշտ մի այլ ազդեցություն ունեցան Ձեր ստեղծագործությունների ու աշխատանքի վրա։ Առաջին անգամ Հայաստանի կոմպոզիտորիˋ Ձեր ստեղծագործությունն ընդգրկվեց Գրեմմի մրցանակաբաշխության ցանկում։ Որո՞նք էին այդ տարիների հաճելի պահերը։

– Ես ութ տարի եղա Գերմանիայումˋ Ֆրանկֆուրտում, կնոջս հետ։ Իրոք, դա շատ նշանակալի շրջան եղավ իմ կյանքում։ Ճիշտ է, որ մինչ այդ իմ հասունացման ընթացքն իր ձեւավորումն արդեն ստացել էր, բայց մեծ բան է հաղորդակցվել լսարանին, համերգային կյանք մտնել, զգալ գերմանական դասական երաժշտությունըˋ լսելով Շտոկհաուզենի համերգը, լսելով Լուչիանո Բերիոյի համերգը։ Սրանք մարդիկ էին, որ ես երբեւէ կերազեի նրանց համերգներին ներկա լինել, շփվել նրանց հետ։ Մյուս կողմից, ես Գերմանիայում հնարավորություն ունեցա գնահատելու իմ ունեցածը, այն ամենը, որ ես ունեմ տանը, անցյալի խորքերում, այն ժառանգությունը, որ իմն է եւ ոչ մեկինը չէ, եւ որոնց շնորհիվ ես բոլորովին նոր դեմքով եմ ներկայանում այդ ամբողջ լսարանին։ Պետք էր այդ միջավայրին ծանոթանալ, իմանալ նրանց պահանջները եւ նորովի գնահատել քո հնարավորությունները։ Դա մեծ արժեք է, որ ես ստացա Գերմանիայում, հասկանալով, որ ինքդ քո արժեքները պետք է ճիշտ գնահատես։ Մենք վաթսունականներից մինչեւ այսօր մեր պատկերացումներն ունենք արեւմուտքի երաժշտության մասին։ Եվ ըստ դրա, արեւմուտքի երաժշտությունն անշարժ մի դաշտ է, որտեղ սա լավն է, իսկ սաˋ լավը չէ։ Իրականում դա շատ հետաքրքիր, հարուստ դաշտ է, որտեղ հարցը մեկի կամ մյուսի լավ կամ վատ լինելու մեջ չէ, նման չափորոշիչներով կողմնորոշվելն անտեղյակության արդյունք է։ Ես գիտեմ, որ մեր երաժշտական լսարանը միակողմանի սխալ պատկերացումներ ունի երաժշտական պրոցեսների մասին։ Դրանք շատ պակասավոր են, թերի են, եւ դրա պատճառով էլ մի մեծ անհստակություն կա առհասարակ գործունեության բնագավառում։ Անտեղյակության կամ չափանիշների բացակայության պայմաններում մեր լսարանը շատ դժվար է ինձ համար։ Եթե մի քիչ տեղյակ լիներ, կիմանար, թե այդ պրոցեսների մեջ ինչն է լավը, ինչըˋ վատը։ Այն, ինչ որ արեւմուտքում արդեն օրվա հրամայական է, որ պետք է մտնի երաժշտական աշխարհ, մերոնք դեռ համարում են, որ դա պատահականություն է կամ սխալմունք։ Պետք է գնալ այնտեղ, տեսնել, եւ քո տեղը ճշտել այդ ամբողջի մեջ, եւ դա քեզ միանգամից դարձնում է միջազգային երաժշտական շարժման պրոցեսներին մասնկից։ Այլապես դժվար է մասնակից դառնալ այն չափանիշներով, որոնցով մենք ենք կողմնորոշվում այստեղ։ Դա պրոցեսների մեջ չէ այլեւս։ Պետք է իմանաս, թե ամբողջի մեջից որն ես ընդունում, եւ որն ես մերժում։ Սա կարեւոր կետ է, որպեսզի առավել վստահ լինես քո ունեցածի վրա, քո ժառանգության վրա, որ քեզ հասցվել է։ Մենք իրականում շատ հարուստ ենք։ Մեր միջնադարյան հոգեւոր երաժշտությունը մեծ հարստություն է։ Այսօր տասներորդ դարի մեղեդին կարող է առաջ գալ իբրեւ ամենաակտուալ ավանգարդ երաժշտություն եւ որի մասին լավ պատկերացում չունենք։ Հետեւաբար, երբ ինքդ քեզ լավ ճանաչես, քո աշխատանքն էլ ավելի կհեշտանա։

Մենք ինքներս դեռ ինքնաճանաչման պրոցեսի մեջ ենք։ Օրինակ, մեր հոգեւոր երաժշտությունը դեռ շատ երկչոտ է մուտք գործել մեր գործերի մեջ։ Սովետական կոմպոզիտորական դպրոցն իր ամբողջ արհեստավորական հանդերձանքով այսօր շատ կասկածելի մի բան է։ Դա այլեւս երաժշտություն չէ։ Դա վարժանքներ են, աշխատանքներ են, որ ոչ պոեզիայի է հասնում, ոչ էլ թրթիռ ունի իր մեջ։ Պոեզիայի որոնման ուղիները բոլորովին ուրիշ ուղղությամբ են։ Ի վերջո, պոեզիայի որոնման խնդիրներն էլ երաժշտության մեջ են։ Մենք Կոմիտասից հետո կարիք ունեինք տեխնիկական կուտակումների, արհեստավորական միջոցների կուտակումների։ Այս պարագան ունեցավ թե՛ իր դրական, եւ թե՛ իր բացասական կողմը։ Մեր կոմպոզիտորական դպրոցը մի տեսակ դարձավ ընչաքաղց, տեխնիկայի նկատմամբ ծակ-աչք։ Արդյունքում մեզանում ամուր նստեց մի տեսակ սովետական երաժշտությունը, որից դեռ չենք ազատվել,դեռ գոյատեւում է։

– Իսկ եղել է դեպք, որ Ձեզ լենինյան թեմայով որեւէ գործ պատվիրեն։

– Ոչ, նման բան չի եղել։ Փառք Աստծո, ես իմ նյութական ապահովությունն ունեցել եմ ֆիլմերից, ինչն ապահովել է նաեւ իմ անկախությունը։ Իմ բոլոր ընկերները, ովքեր երաժշտություն էին գրում, դրանից զատ նաեւ ֆիլմերի համար էին գրում, որովհետեւ առանց դրա հնարավոր չէր ընտանիք պահել։ Մոսկվայում կոմպոզիտորը նորմալ չէր վարձատրվում։ Կարգին կոմպոզիտորական գործերի դեմ նույնիսկ կռիվ կար, մերժվում էին դրանք։ Իմ ընկերներըՙ Շնիտկեն, Դենիսովն այդ վիճակում էին, քանի որ սովետական ավանգարդը անհանդուրժելի էր։Դա գոյության կռիվ էր։ Դժվար տարիներ էին։ Ինձ պատվեր չեն տվել, ինձ օգնել է կինոն։ Իսկ կինոյի ռեժիսորներն անկախ էին։ Որեւէ նախարարություն չէր կարող ասել, թե այս հեղինակի փոխարեն մյուսին վերցրու։ Քանի որ ռեժիսորը պատասխանատու էր իր ֆիլմի որակի համար, նա ինքն էր որոշում է, թե ով պետք է լինի երաժշտության հեղինակը։ Ես երկար տարիներ ինտենսիվ աշխատել եմ կինոյում։ Բայց մի օր լրիվ թողեցի։

– Ինչու՞։ Ե՞րբ պատահեց դա։ Պատճառներ կա՞յին։

– 70-ականների վերջերին 80-կանների սկզբներին։Պատճառ չկար։ Այլեւս հոգնեցի եւ զգացի որ, ես նույնիսկ իմ երաժշտությունը գրելու պարագայում էլ, կարող եմ կայանալ իբրեւ կինոկոմպոզիտոր, եւ այս ձեւով ինքս իմ վրա խաչ կքաշեմ, առանց որեւէ մեկի օգնության։

– Այդ տարիներին Ձեր աջակիցն էր տիկին Նորան, ով ցավոք կյանքից անժամանակ հեռացավ։ Բայց հայտնի է, որ նա միշտ ոգեւորել է Ձեզ եւ դեմ է եղել կինոյի հետ կապին ։

– Դեռ ուսումնարանի տարիներից կնոջսˋ Նորա Ահարոնյանի հետ սովորել ենք միասին, հետագայում նաեւ կոնսերվատորիայում ենք ուսանել, ուր նույն կուրսում էինք, ինքը տեսաբան էր, իսկ ես կոմպոզիտորական բաժնում էի։ Մենք վաղ տարիքում ամուսնացանք, ես 21 տարեկան էի։ Նորան ճարտարապետի դուստր էր։ Հայրը շուշեցի էր, Շուշիի ջարդերից փախած։ Նա էլ իր պատմություններն ուներ։ Մենք 47 տարի ապրեցինք միասին։ Նա Աստծո ամենամեծ նվերն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքումˋ երաժշտությանը զուգահեռ։ Այնպես, ինչպես ինքն է հավատացել ինձ, եւ այնպես, ինչպես ինքն է նվիրվել իմ երաժշտությանը, երկրորդ նման մարդ ես առ այսօր չեմ ունեցել իմ կյանքում եւ կարծում եմˋ չի լինի։ Ինքն ամենաանշան մանրուքից մինչեւ ամենահիմնավոր կետերը աշխատել է միայն այն ուղղոթյամբ, որպեսզի ես բարձր չափանիշների երաժշտությամբ ապրեմ ու աշխատեմ։ Մեր տանը չէր կարող երբեւէ լինել բարձր ձայն, եթե ես այս սենյակում էի եւ աշխատում էի։ Դա անհնար էր։ Նա ամբողջությամբ ապահովում էր լռությունը։ Ճիշտն ասեմ, իմ երեխաները դժբախտ մարդիկ են եղել։ Այս տան մեջ ապրելը հեշտ չի եղել։ Անվերջ պարտադրվել է լինել զուսպ, լուռ եւ այս տանն ամեն ինչ ենթարկված էր իմ աշխատանքին։ Դա իմ կինն էր ապահովում։ Բայց միայն սա չէ։ Այն ամենը, ինչը կարող էր ինձ շեղել մեր որդեգրած երաժշտության իդեալներից, նա դրանց նկատմամբ ակտիվ մերժողական վերաբերմունք ուներ։ Այդպես էլ չընդունեց իմ ֆիլմերի երաժշտությունը, չուզեց, որ ես այդ ֆիլմերի վրա աշխատեմ։ Իր պահանջներն ինձանից ավելի մեծ էին, լուրջ էին։ Ասում էր, թե այդ կինոստուդիան պետք է մի օր պայթեցնի։ Նույնը պատահեց, երբ ես կոնսերվատորիայի ռեկտոր դարձա։ Ամեն օր հարցնում էր, թե երբ եմ դուրս գալու այնտեղից։ Իրեն չէր հետաքրքրում ոչ փառքը, ոչ պաշտոնը, ոչ փողը։ Իսկապես լուրջ չափանիշների էր հետամուտ։ Նա հավատում էր իմ այլ ուժերին եւ ամբողջությամբ իմ կողքին է եղել։ Եւ այսօր ես շատ բաներում պարտական եմ կնոջս։ Եւ՛ երաժիշտ էր, ե՛ւ զգայուն ոգի ուներ, իսկ ինչպիսի՜ մանկավարժ էր։ Դասավանդում էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Քանի անգամ առաջարկեցինք տեղափոխվել կոնսերվատորիա, չուզեց։ Մնաց երեխաների մոտˋ նրանց դասավանդելու։ Եւ իբրեւ մանկավարժ երեխաներն էլ իրեն էին շատ սիրում։ Այդ տարիների երեխաներից շատերն երաժշտությանը նվիրված մնացին նաեւ իրենց ուսուցչուհու պատճառով։

– Իսկ զավակները հետեւեցի՞ն Ձեզ։

– Կինս երկուսի հետ էլ երաժշտություն պարապեց, տղասˋ Եղյան կոնսերվատորիան ավարտեց, ընտիր երաժիշտ է, բայց ցավոք չտրվեց երաժշտությանը եւ չուզեց այդ ասպարեզում աշխատել։ Հիմա Երեւանում է եւ աշխատում է արտգործնախարարությունում։ Աղջիկս Լոս Անջելեսում է ապրում, հայկական նախակրթարանում երաժշտության ուսուցչուհի է։ Չորս թոռնիկ ունեմ։ Տիգրան թոռնիկս սաքսոֆոն էր նվագում, բայց թողեց։ Մեծ թոռնիկս էլ ֆրանսիական համալսարանում իրավաբանություն է սովորում։ Խելացի երեխաներ են։ Հնարավոր է, մեղավորը ես եմ, որ ինձ չհետեւեցին, որովհետեւ տեսել են այն զարհուրելի չարչարանքը, որ ես ապրել եմ երաժշտության մեջ,եւ որը ոչ ոք չէր ցանկանա ոչ տեսնել, ոչ էլ ապրել։

– Բայց դուք ափսոսու՞մ եք, որ նման կյանք եք ունեցել։

– Բոլորովին։ Ես առհասարակ որեւէ բանի համար չեմ ափսոսում։ Աստծո ինձ տրված նվերն ընդունել եմ սիրով։ Եվ աշխատել եմ խնամքով աճեցնել, գիտակցել եմ, որ դա պետք է գնահատել։ Հիմնականը նաեւ այն է, որ ես չեմ կարող ապրել առանց երաժշտության եւ երաժշտություն գրելու։ Եթե մի օր երաժշտություն չի գրվում, դա մահացած օր է, սեւ ածուխ օր է։ Երբ մի փոքր բան ստացվում է, ես այդ օրը երջանիկ եմ լինում, թագավորի պես եմ ինձ զգում։
Ես մի քանի պատվեր ունեմ, որոնք ծանր նստած են մեջքիս, չգիտեմ ոնց եմ դրանցից ազատվելու։ Երեւի չպետք է խոստանայի, բայց այնպիսի գայթակղիչ առաջարկներ էին, այնպիսի երաժիշտների հետ պետք է աշխատեի, որ չէի կարող մերժել։ Մեկի հետ աշխատում եմ, եւ անվերջ մյուսի հետ եմ, որ դեռ չեմ սկսել։ Երրորդ գործն էլ կա, որ պետք է մտածեմ։ Մի խոսքով, երբ ամեն ինչ պատրաստ լինի, կիմանաք։

Հ.Գ.- Շնորհակալություն ենք հայտնում սիրելի Տիգրան Մանսուրյանին ջերմ ընդունելության եւ անձնական արխիվի նկարները տրամադրելու համար։

Նկար 2. Կնոջ` Նորայի հետ

Նկար 3 եւ 4. Որդու եւ դստեր հետ

Նկար 5. Ընտանեկան ալբոմից

Նկար 6. Մարտիրոս Սարյանի տանը` ձախից աջ. Կ.Բասմաջյան, Հ.Փոթուրլյան, Մինաս, Տ. Մանսուրյան

Նկար 7. Քրոջˋ երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ

Նկար 8. Տիգրան Մանսուրյանը քրոջ դստեˋ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ

Նկար 9. Չեխ գրող Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գրքում տպագրված Հալեպի հայկական իգական որբանոցի լուսանկարը, որտեղ միգուցե կանգնած է նաեւ Տիգրան Մանսուրյանի մայրըˋ Աննան։

ՕՐԵՐ 1/2009


Առնչվող նյութեր
1. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
2. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին
3. Տիգրան Մանսուրյանին՝ Ոսկե մեդալ
4. Հասմիկ Պապյանը կազդուրվում է, իսկ Գյումրիի համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ
5. Հասմիկ Պապյանը հանդես կգա Գյումրիում՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին
6. «ՄՈԿԱՑ ՍԱՐԵՐ». Հայրիկ Մուրադյանի 111-ամյակին նվիրված ձայնասկավառակի շնորհանդեսը Երեւանում
7. Մանսուրյանի «Ռեքվիեմը» հոգեհարազատ էր ինչպես գերմանացիներին, այնպես էլ հայերին
8. Գերմանիա. Արցախի աջակցության ակցիաներ Բադեն-Վյուրթեմբերգում
9. Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
10. Արցախում նշում են Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: