ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տիգրան Համասյան. Հայկական ժողովրդական երաժշտությունն ինձ համար առաջին տեղում է

23 փետրվարի, 2014 | 23:20

hamasian cover26 ամյա տաղանդավոր դաշնակահար Տիգրան Համասյանը 2012-ի ապրիլին մասնակցեց չեխական ՋազՖեստԲռնո միջազգային երաժշտական փառատոնին, ուր արժանացավ չեխ հանդիսականի աննախադեպ ջերմ ընդունելությանը, իսկ այս տարի ապրիլին նա երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասընթացներ անցկացրեց Երեւանում, Գյումրիում եւ Շուշիում։ Համասյանի կատարումները հեռարձակվում են ֆրանսիական, ամերիկյան, անգլիական եւ միջազգային այլ լրատվամիջոցնրով։ Նրա մասին հիացական հոդվածներ են տպագրում հեղինակավոր ամսագրերն ու թերթերը, նրան համերգների են հրավիրում ամենահեղինակավոր փառատոների։ 3 տարեկանից դաշնամուր նվագող Համասյանը եվրոպական փառատոներին սկսել է մասնակցել արդեն 13 տարեկանից։

hamaaaaasyaaaaa111987-ին Հայաստանում ծնված եւ 2003ից Լոս Անջելես տեղափոխված հայորդին 2006-ին դարձավ հեղինակավոր Thelonious Monk jazz դաշնամուրային մրցույթի հաղթող։ 2011-ին հրատարակած Universal ալբոմը Փարիզում արժանացավ ֆրանսիական Գրեմմիի։ Մի այլ թարմություն բերեց այս տարի հրատարակած Shadow Theater ալբոմը, որը մեծ ընդունելության արժանացավ։ Այս տարի Տիգրան Համասյանն աժանացավ ժամանակակից երաժշտության 2013-ի Vilcek Prize for Creative Promise մրցանակին։

hamasyan2Մեր զրույցը Տիգրանի ստեղծագործության, ինչպես նաեւ Բռնոյի ջազային փառատոնում ելույթի մասին է։

-Գյումրիից դուրս գալով եւ առաջին անգամ մասնակցելով ջազային փառատոնին, միանգամից աչքի ես ընկել, ճանաչում ստացել, այնուհետեւ տեղափոխվելով Միացյալ Նահանգներ կարողացել ես բավականին կարճ ժամանակաընթացքում մեծ զարգացում ապրել եւ միջազգային հեղինակություն վաստակել։ Ինքդ ինչպե՞ս ես գնահատում անցած ճանապարհդ, որոնք էին ամենաբարդ պահերը։

-Ճանապարհը կարելի է ասել նոր է սկսվել, եւ եթե շատ բարդ լիներ, միգուցե հիմա չէի նվագի։ Ինձ համար առանց երաժշտության կյանք չկա։ Նույնիսկ առօրյա չարչարանքներն՝ ամբողջ օրը ճանապարհներին, գնացքների կամ ինքնաթիռների մեջ, արվում է երաժշտության համար։ Քանի որ ես երաժշտություն շատ եմ սիրում, մնացած դժվարությունները կարեւոր չեն ինձ համար։

-Այսինքն, երաժշտությունը կարեւոր տեղ է գրավում քո կյանքում։

tIGRAN cd-Անպայման։

-Հարցազրույցներում միշտ նշել ես, որ Վահագն Հայրապետյանն է եղել քո ուսուցիչը, բայց եւս երկու ուսուցիչներ ես ունեցել։

-Նախքան Վահագը, Դավիթ Մարգարյանն է ինձ հետ պարապել, սակայն առաջին անգամ ջազ ես հասկացել եմ Վահագի միջոցով։ Մոտ մեկ տարի Վահագի մոտ եմ սովորել, հետո շարունակել եմ ինքնուրույն։ Բայց շատ ուրախ եմ, որ երեք շատ լավ ֆենոմենալ դասատուներ եմ ունեցել, որոնք ճիշտ են ինձ ուսուցանել, ճիշտ ուղղություն են տվել։

-Ազգայինն ու ժողովրդականը մեծ տեղ են գրավում քո ջազային իմպրովիզացիաներում։ Ինչպե՞ս է քեզ հաջողվում ժողովրդականը համատեղել դասականի եւ ջազի հետ։ Բռնոյում տեղի ունեցած համերգը դրա վառ վկայությունն է։ Շատ սահուն անցումներ ես անում։

-Պարզապես պետք է ժողովրդական երաժշտությունը իմանալ եւ հասկանալ, իսկ ջազն ինձ համար նման է ազատության գործիքի, եւ ջազի եվրոպական բառապաշարը ես փոխարինել եմ հայկական բառապաշարով։

Hamasayan1 -Դու արդեն հասցրել ես ոչ միան տարբեր երկրների հեղինակավոր բեմերում ելույթներ ունենալ, այլեւ հանդես գալ հանրահայտ երաժիշտների հետ։ Քո զգացողությունն ինչպիսին է՝ օտար հանդիսատեսը ինչպե՞ս է ընկալում հայկական ազգային երաժշտությունը՝ ջազի սահմաններում։

-Տարբեր երկրներում տարբեր է ընկալումը։

-Ամենալավը ո՞ր ազգն է ընկալում։

-Հայերը։

-Բացի հայերից, ես օտարներին նկատի ունեմ։

-Բոլորն էլ սիրում են տարբեր կերպ, վերաբերում են ավելի որպես էկզոտիկ երաժշտության։ Այս համերգին սկզբում թվում էր, թե հանդիսատեսը քնած է, հետո կամաց զարթնեց։ Քանի որ առաջին անգամ էի այստեղ, երեւի դեռեւս ծանոթ չէին իմ երաժշությանը։

-Մի շատ հետաքրքիր համարով հանդես եկար այստեղ, որն իր մեջ ներառում էր տարբեր գործիքների կիրառում, ձայնագրություն, երաժտության ստեղծում եւ կառուցում։ Դա ո՞ւմ մտահաղացումն էր եւ ընդհանրապես քո բոլոր ստեղծագործությունները հեղինակային են, թե ունես նաեւ այլ հեղինակների գործեր։

hamasyan3-Իհարկե, մշտապես սովորելու ընթացքի մեջ եմ, եւ նայած ժամանակահատվածի, բայց վերջերս եմ անցել անգլերեն այդ լյուպեր-դիլեյներին։ Այսինքն շերտերով իրար վրա ձայնագրվում է երաժշտությունը, դրանով մանիպուլյացիաներ են արվում եւ տարբեր էֆեկտներ են ավելանում։

-Ի դեպ, ինչպես քո մոտ հասունացավ երաժշտական գործը, այնպես էլ դահլիճի մոտ ընկալումն աստիճանաբար հասավ իր գագաթնակետին։ Իսկ համերգային ծրագիրը դու ես ընտրում, թե կազմակերպիչներն իրենք են առաջարկում։

-Ես եմ ընտրում։ Երբեք որեւէ մեկը ոչինչ չի պարտադում։

-Չեխական մամուլից հարցրել էին քեզ, թե արդյոք քո կատարումներում օգտագործում ես չեխ կոմպոզիտորների գործեր։

-Չէ, ճիշտն ասաց դեռ չեխականին չեմ հասել։ Բայց սկանդինավյան, հնդկական մեղեդիներն իմ համար շատ մեծ կարեւորություն ունեն։

-Տիգրան, արդեն չորս ձայներիզ-խտասալիկ ես թողարկել, ինչպե՞ս ես գնահատում, ո՞րն ես առավել հաջողված համարում։

-Մի քիչ կատակով՝ ոչ մեկն էլ հաջողված չեն, բայց կարող եմ ասել, որ դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ մի ժամանակահատվածի երաժշտություն է, ինչ որ մի էմոցիոնալ փուլ։ Այդ ժամանակահատվածում այդպես էի տեսնում հարմոնիաները, ռիթմերը, ձեւերն ու մշակումները։ Բայց ամեն ինչ փոխվում է եւ զարգանում, եւ չես կարող ասել այս մեկը լավն էր, մյուսը վատ էր։ Նայած թե խտասալիկի թեման ո՞րն է։

hamasyaaaaannn10-Դու ստեղծագործում ես, հետո ես ձայներիզ թողարկում, թե թեման որոշում ես, հետո՝ ստեղծագործում։

-Ընդհանրապես շատ եմ ստեղծագործում, մոտ 15 ալբոմի համար ստեղծագործություններ ունեմ գրած։ Բայց երբ ճշտվում են ձայնագրման օրերը, արդեն ուրվագծվում են, թե ինչ բնույթի երաժշտություն պետք է ընդգրկեմ, երբեմն նորն եմ ալբոմի համար գրում կամ էլ արդեն գրվածը մշակում։ Իսկ անունները վերջում եմ դնում։ Արդեն նոր ալբոմ եմ ձայնագրում։

-Քեզ համար ե՞րբ է ավելի դյուրին՝ իբրեւ մենակատար ելույթ ունենալիս, թե նվագախմբերի հետ։

-Եվ մենակ եմ սիրում նվագել, եւ որեւէ խմբի կամ անսամբլի հետ, հատկապես իմ խմբի հետ։ Նրանք շատ լավ երաժիշտներ են, իմ համար դա շատ կարեւոր է։ Իրենց հետ նվագելն ինձ համար մեծ երջանկություն է։ Իմ կատարման նպատակն է, որ ամեն անգամ մի դուռ բացվի եւ մի նոր տեղ տանի երաժշտությունը։ Կարեւորը ոչ թե հեշտ լինելն է այս հարցում, այլ որ նոր ուղղությամբ գնա։

-Ջազում ո՞ր ուղղությունն է քեզ համար ավելի հետաքրքիր։

-Տարբեր ուղղություններ։ Ճիշտն ասեմ, ես շատ ջազ չեմ լսում։

hamasyan9– Իսկ ի՞նչ ես լսում։ Արմենչիկ հաստատ չես լսում։

-Այո, հաստատ չեմ լսում։ Տարբեր։

-Ինձ թվաց, թե իմպրովիզներում Սերժ Թանկյանից ինչ-որ մի մեղեդի կար։

-Չէ, չկար։ Թերեւս ռոքային մեղեդիներեն եք նմանեցնում։ Սերժ Թանկյանի հետ մտերիմ ենք։ Ընդհանրապես ռոք եւ մետալ շատ եմ լսում։ Իհարկե, ոչ բոլոր խմբերին։

-Հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության իմպրովիզացիաներով ես շատ տպավորվեցի։ Փայլուն աշխատանք էր։

-Ճիշտն ասած ժողովրդական եւ ընդհանրապես հայկական երաժշտությունն ինձ համար առաջին տեղում է։ Ես մի այլ մեծ, հսկայական հաճույք եմ ապրում մեր ժողովրդական երգ-երաժշտությունը լսելիս։

-Կոմիտաս, Եկմալյան։

-Եվ դա եւ իրենց քաղած ժողովրդական երգերն ու խաղիկները։ Դրանք հայ երաժշտության գանձերն են։ Հայկական հոգեւոր երաժշտությունը շատ խորն է, շատ հին է եւ իր մեջ կրում է նաեւ հեթանոսական եւ ժողովրդական երաժշտության տարրեր, եւ ինձ թվում է, այդ հոգեւոր մեղեդիները եկել են ժողովրդական երաժշտությունից։ Նարեկացին հայկական երաժշտություն է, իսկ Կոմիտասն ու Եկմալյանն արդեն երգչախմբերի համար ֆենոմենալ մշակումներ են արել։ Ես մի նախագիծ ունեմ, որ ուզում եմ շուտով ավարտեմ՝ դաշնամուրի եւ երգչախմբի համար ալբոմ թողարկեմ։

-Ընտանիքն ի՞նչ դեր է ունեցել, քույրդ որքան գիտեմ նկարչուհի է, ինչքանո՞վ են նրանք աջակցել քեզ։

-Ընտանիքն ամենակարեւոր բանն է։ Ամեն ինչ ընտանիքից է գալիս։ Ծնողներս երաժիշտ չեն, բայց շատ են սիրում երաժշտություն։ Քեռիներս երաժիշտ են, նրանցից մեկը ռոք-կիթառիստ է։

aznavur and hamasian-Դու ապրում ու ստեղծագործում ես Նյու Յորքում, բայց հաճախ ես լինում Երեւանում, վարպետության դասեր տալիս Հայաստանում եւ Արցախում։

-Ճիշտ է Նյու Յորքում եմ ապրում, բայց այս վերջին երկու տարիներին ավելի շատ ճանապարհներին եմ՝ Նյու Յորքի ու Փարիզի միջեւ։ Այժմ ՙՅունիվերսալ Մյուզիքի՚ հետ ալբոմի թողարկման պայմանագիր ունեմ, որում տեղ կգտնի ավելի դասական-ջազային երաժշտություն։ Համերգներ ունեմ Եվրոպայում եւ մի շարք ձայնագրություններ, սրանք են առաջիկա ծրագրերս։

Հակոբ Ասատրյան,

Բռնո-Պրահա

Լուսանկարները` ՋազՖեստԲռնո փառատոնի

1-2/ ORER  2013 թվական 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
6. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
7. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
8. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
9. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
10. Հավակնոտ համաձայնագիր, որ կստորագրվի նոյեմբերին. Լուկ Պիեռ Դեվինի բացառիկ հարցազրույցը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: