ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տիգրան Խզմալյանի «Արմին Թ. Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը ցուցադրվեց Գերմանիայում

01 հոկտեմբերի, 2013 | 10:10

Filmi qnnarkman jamanak1ԲՈԽՈՒՄ- Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Բոխում քաղաքում ցուցադրվեց Սարդարապատ շարժման և Նախախորհրդարանի հիմնադիր անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Թ. Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ներկայացման ու Արմին Թ. Վեգները, Կայսերական Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը թեման գերմանացի և այլազգի մտավորականների հետ Բոխում համալսարանական քաղաքում քննարկելու համար անվանի ռեժիսորին Բոխում էին հրավիրել <<Քվերենբուրգ գրադարանի ընկերներ>> (Համալսարանական կենտրոնի գրադարան) կազմակերպությունը, <<Արմին Թ. Վեգներ ընկերությունը>> և Գերմանիայի <<Հայ Ակադեմիականների Միություն-1860>> գիտամշակութային միությունը: Ֆիլմի ցուցադրման համար իր դահլիճը սիրով տրամադրել էր Բոխումի պատմության կենտրոնական արխիվը: Խզմալյանի այս ֆիլմը արդեն թարգմանվել է բազում լեզուներով: Այն 2012 թ. Եվրոպայի Հայկական Համագումարի կողմից (պատասխանատու` Ժիրայր Քաջավյան) թարգմանվեց նաև գերմաներենի և ցուցադրվեց Քյոլնում և Մայնի Ֆրանկֆուրտում: Այնպես որ ֆիլմն արդեն մեծ արձագանք էր գտել Գերմանիայում, որի վառ ապացույցն էր Բոխումի լեցուն դահլիճը: Բոխում կատարած հայ մտավորականի այցին և քաղաքային արխիվի փաստագրական ֆիլմերի դահլիճում ֆիլմի ցուցադրմանն ու քննարկմանը լայնորեն արձագանքեցին քաղաքային ու մարզային թերթերը (Westdeutsche Allgemeine Zeitung, WAZ 19.09.2013, 25.09.2013; Ruhr Nachrichten 24.09.2013 և այլն), ինչպես նաև Բոխումի ռադիոն (Radio Bochum -98.5, 25.09.2013) և համացանցային բազմաթիվ լրատվամիջոցներ: Ցուցադրմանն ու դրան հաջորդող քննարկմանը ներկա էին Բոխումի և Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի զանազան քաղաքներից ժամանած հայ, գերմանացի, լեհ, ռուս, պարսիկ, ասորի, պաղեստինցի արաբ, քուրդ, լազ, դերսիմցի և հրեա մտավորականներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Բելգիայից:

Երեկոյի բացումը կատարեց Արմին Թ. Վեգներ ընկերության նախագահ Ուլրիխ Քլանը:

Filmi qnnarkman jamanak-4+Ֆիլմն ավելին քան հուզիչ է: Այն պատմում է գերմանացի զինվորական բուժաշխատող, լիրիկ, գրող-հրապարակախոս և լուսանկարիչ Արմին Թ. Վեգների մասին: Հայոց Ցեղասպանության ականատեսն ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանը չնայած Օսմանյան կայսրության արգելքներին, վտանգելով իր կյանքը, լուսանկարում է հայ ժողովրդի դաժան ոչնչացման տեսարանները և ինչպես ինքն է գրում, <<ուզում է իր լուսանկարներով գոնե ինչ որ չափով օգտակար լինել հայ ազգին>>:

Ֆիլմը պատմում է, թե ինչն էր առաջին համաշխարհային պատերազմի իրական պատճառը: 20-րդ դարի սկիզբը բնորոշվում է գիտության թռիչքներով և տեխնիկական նոր նվաճումներով: Այս ամենը պահանջում էր նոր վառելիքի աղբյուրներ: Օսմանյան նավթը Գերմանիա ներմուծելու համար Գերմանիային հարկավոր էր Բեռլին-Բաղդադ երկաթուղին, որն էլ կառուցելու համար հարկավոր էին հարյուր հազարավոր բանվորներ, գերադասելի էին հայերը: Այն Օսմանյան կայսրության ամենաաշխատունակ և գյուղատնտեսապես զարգացած ազգն էր: Գերմանիան ծրագրում է ճամբարների կառուցում բանվորների և նրանց ընտանիքների համար: Օսմանյան կայսրությունն ընդունում է Գերմանիայի այս առաջարկն իհարկե այլ նպատակներով: Մեծ Բրիտանիան մտահոգվելով գերմանա-թուրքական համատեղ գործունեությունից դադարեցնում է թուրքերի նկատմամբ իր ջերմ քաղաքականությունն ու սկսում է աջակցել Սերբիայի, Հունաստանի և Բուլղարիայի ազատագրմանը: Օսմանյան կայսրությունը իր ողջ չարությունը թափում է երկրի քրիստոնեական փոքրամասնությունների՝ առաջին հերթին հայերի վրա: Թուրքերն օգտագործում են առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես նաև Գերմանիայի կողմից մշակված հայերի տեղահանման պլանները, բայց ոչ թէ Գերմանիայի մեծ երազանքը կատարելու, այլ հայերի զանգվածային կոտորածը կազմակերպելու համար: Հայերի տեղահանումները վերածվում են դաժան ցեղասպանության: Ցեղասպանություն, որը մինչ այսօր Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլոց կողմից դեռ չի ճանաչվել:

Ֆիլմը ցուցադրում է Արմին Թ. Վեգների լուսանկարները, որոնք այս ցեղասպանության անհերքելի փաստարկներն են: Ֆիլմում ընթերցվում են նաև գերմանացի գործչի հայտնի բաց նամակն ամերիկյան նախագահին, թեմային առնչվող նրա գրական աշխատանքները… Ռեժիսորի գնահատմամբ Արմին Թ. Վեգների գործունեությունն անգնահատելի է հայ ժողովրդի համար:

«Արմին Թ. Վեգները փրկեց Գերմանիայի և ողջ աշխարհի պատիվը: Ես ստեղծել եմ այս ֆիլմը ոչ թե հայերի այլ Գերմանիայի և ողջ աշխարհի համար: Արմին Թ. Վեգները, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը փրկեցին իրենց սերունդը»- ասում է Տիգրան Խզմալյանը ֆիլմի ցուցադրումից հետո: Ֆիլմում հնչում է Արամ Խաչատրյանի հանրահայտ երաժշտությունը: Այս առումով ռեժիսորն ասում է- «Արամ Խաչատրյանի երաժշտությունը պատասխանն է հայերի, որ հայերը վերապրեցին:»

Ֆիլմից հետո հյուրերը վայելեցին Կոմիտասի «Կռունկը» Հայաստանի Հանրապետությունից ժամանած ջութակահարուհի և երգչուհի Անի Պիվազյանի փայլուն կատարմամբ:

-Սա այն տխուր մեղեդին էր, որը Հայոց ցեղասպանության զոհերն ու վերապրողները հաճախ երգում էին,- դահլիճին մեկնաբանում է Խզմալյանը:

Ֆիլմը իրոք ցնցեց հյուրերին: Շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Ազդվելով ֆիլմում ներկայացվող սահմռկեցուցիչ տեսարաններից, գերմանահայ ներկաներից ոչ ոք ֆիլմից հետո չկարողացավ ստանձնել թարգմանչի գործը: Հյուրերը ստիպված էին ռեժիսորի հետ քննարկումներները վարել անգլերենով :

«Ես չեմ ընդունում գերմանական մեղք հասկացությունը,-ասում է ռեժիտորը, սա մեծ հոգեբանական խնդիր է: Սա բարոյական խնդիր է: Դա շատ ցավագին է ընդունվում գերմանացիների կողմից, որովհետև նրանք գիտակցում են իրենց դերը: Ես նախընտրում եմ խոսել ոչ թե գերմանական մեղքի մասին, այլ այն մարդկանց, ովքեր փրկեցին Գերմանիայի պատիվը»:

Տիգրան Խզմալյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոսության մասին: «Գենոցիդը կրկնվեց այն պարզ պատճառով, որ մենք հայ ենք: Մինչ այդ ես չէի հասկանում, թէ ինչ է հայ լինելը: Հասկացա, որ ես էլ կարող էի սպանվել»: Այն հարցին, թե կգա արդյոք այդ օրը, երբ աշխարհի տարբեր հեռուստատեսություններ կցուցադրեն Վեգների մասին ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց` «Այդ օրը եկել է: Կառավարությունը կորցրել է մենաշնորհը տեղեկատվության վրա: Մենք անցնում ենք հեռուստատեսային դարից համացանցային դար: Նայում են այն, ինչ ուզում են և այնտեղ, որտեղ ուզում են: Ֆիլմն ապրում է իր սեփական կյանքով:»

Տխուր երեկոն ավարտվեց լավատեսական նոտայով. Անի Պիվազյանը գերմաներենով կատարեց Շտրաուսի «Mein Herr Marquis»-ը: Այս շնորհակալական կատարումը նվիրվեց Վեգների հիշատակին:

Սեպտեմբերի 27-ին Տ. Խզմալյանի երկու այլ ֆիլմեր`<<Արարատ-73>> և <<Շախմատը կամ արքայի մահը>> ցուցադրվեցին Համբուրգում, որոնց ցուցադրումը համատեղ կազմակերպել էին <<Կիլիկիա>> Հայ երիտասարդական միությունն ու Համբուրգի Հայ համայնքը: Ֆիլմերի դիտումից հետո հանդիսատեսները համացանցային կապով մտերմիկ զրույց ունեցան այս օրերին Փարիզում գտնվող կինոռեժիսորի հետ:

Այժմ Տիգրան Խզմալյանը պատրաստում է իր հաջորդ «Թագուհիներ հայոց» ֆիլմը, որը կներկայացնի հայ կանանց կերպարները պատմության մեջ: Այս առիթով նա պատմաբան Ազատ Օրդուխանյանի ուղեկցությամբ այցելեց Քյոլնի Սուրբ Պանթալիոն եկեղեցում ննջող, ազգությամբ հայ, 10-րդ դարի Գերմանիայի թագուհի Թեոֆանուի գերեզմանը, ով իր իմաստուն քաղաքականությամբ մեծ դեր է խաղացել Գերմանիայի և առհասարակ Եվրոպայի պատմության մեջ:

Այն հարցին, թե որն է իր նկարահանած ֆիլմերից իր համար ամենահարազատը, նա պատասխանեց,- «Այն ինչ հիմա եմ անում: Կանայք ցանկացած ազգի մեջ վերնախավ են: Բայց, քանի որ մենք յուրահատուկ ազգ ենք, մեր կանայք եզակի երևույթ են»:

Ֆիլմը պատրաստ կլինի արդեն 2013-ի վերջին: Հավանական է Տիգրան Խզմալյանի այցը Գերմանիա 2014 թվականին, այս անգամ, բնականաբար, հայ կնոջը մեծարող իր նոր ֆիլմով:

Զինա Գյուրջյան-Վայլլանտ

Բախում, Գերմանիա

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը
2. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
3. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
4. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
5. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
6. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
7. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
8. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
9. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
10. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: