ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տեղի ունեցավ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով փակման միջոցառումը

11 հունիսի, 2018 | 06:02

Հունիսի 10ին  Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով փակման միջոցառումը, որին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Միջոցառումը վարում էին լրագրող եւ գրող Դեյվիդ Իգնաթիուսը եւ Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու Դալյա Աթալլահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը  հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է.

««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ:
Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք: Եվ իհարկե, որեւէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության:
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, դարձավ խարան աշխարհի ճակատի վրա:

Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովուրդը զգաց, թե ինչ մեծ արժեք ունեն օգնության ձեռքը, գթասրտությունը, մարդասիրությունը եւ անկախ նրանից, թե ով է այդ ձեռքը մեկնում, անկախ այդ մարդու ազգությունից, կրոնից եւ, իհարկե, ձեռքի գույնից։

Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել, այլեւ՝ վերստեղծել իր հայրենիքը եւ, իհարկե, չմոռանալ անցյալը:
Իրոք, ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ապրելու, վերածնվելու, պայքարելու եւ հանդուրժող լինելու ուժ է գտնում:

Սիրելի՛ բարեկամներ

Գնահատելի է, որ այս մրցանակի հիմնադիրները ներդրում են կատարում հումանիզմի տարածման գործում: Հիշենք, որ այդպես են վարվել նաեւ մեզ հետ նաև նրանք, ովքեր ավելի քան մեկ դար առաջ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Ֆրանսիայիում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում ապաստան եւ օգնություն են տվել ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովրդի զավակներին: Եվ ահա այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք ավելի քան 100 տարի առաջ:

Այսօր արշալույսին «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հնչեց բիբլիական Արարատի հայացքի ներքո:

Դրանով իսկ մենք մեր հայկական ուղերձը տարածում ենք աշխարհով մեկ եւ այս է ուղերձը՝ մենք մեր պատմությամբ ու կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որն այսօր կրկին երկխոսելու, միմյանց լսելու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության կարիք ունի»։

Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին տարբեր դասական ստեղծագործություններ՝ օպրեայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

Ելույթներ են ունեցել ջութակահար Դիանա Ադամյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, »Հովեր» կամերային նվագախումբը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, սոպրանո Անահիտ Մխիթարյանը, Շարաֆյանի տրիոն, Իռեն Հովհաննիսյանը եւ այլք։

Նաեւ մրցանակը հանձնվեց այս տարվա Ավրորայի դափնեկիր Չո Լա Աունին։  Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանից, հայ ժողովրդից եւ ժյուրիից նման մրցանակի արժանանալու համար։

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: