ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տաթեւի երկխոսությունը աշխարհի հետ

31 մայիսի, 2013 | 23:27

Ժամանակակից լուսանկարչության նոր սերնդի լավագույն ներկայացուցիչ, նկարիչ-դիզայներ Տաթեւ Ազատուհի Մնացականյանի հարցազրույցը ,,Օրեր,,ին

,,Վերջին 10 տարիներին Հայաստանում հատուկ չեմ ներկայացվել, հիմնականում մասնակցում էի դրսում կազմակերպվող ցուցահանդեսներին, կամ ես էի մեկնում, կամ նկարներս էի ուղարկում,, ,- այսպես սկսվեց մեր խոսակցությունը Տաթեւ Ազատուհի Մնացականյանի հետ, ով արդեն 15 տարի է ստեղծագործում է լուսանկարչության ոլորտում, լինելով նաեւ նկարիչ-դիզայներ։

Տաթեւն ավարտել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը, ուսանել է նաեւ հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի Լուսանկարչության ստուդիայում, մասնակցել ,,Մագնում,,-ի սեմինարին՝ Մագնումի անդամ լուսանկարիչ Լարի Թաուելի մասնակցությամբ։ 1998 թվականին առաջին իսկ ցուցահանդեսային մասնակցությունն արժանացել է առաջին կարգի մրցանակի։ Այնուհետեւ արտասահմանյան շատ երկրներում ու քաղաքներում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների, ExLibris-ների, Վենետիկի, Ֆլորենցիայի, Չինաստանի, Չեխիայի բիենալեների, Անգլիայի թագուհու գահակալման 60 ամյակին նվիրված միջոցառուման ընթացքում պատրաստել է Եղիսաբեթ II-ի թագը, որը կազմակերպված էր Երեւանում անգլիական դեսպանատան կողմից, բազմիցս ստացել մրցանակներ, դիպլոմներ եւ արտոնագրեր,(Տուրինի օլիմպիադային նույնիսկ կրկնակի մրցանակի է արժանացել): Վերջինըՙ 2012-ի Տաշքենդի միջազգային լուսանկարչական բիենալեում նրա աշխատանքն արժանացավ ,,Լավագույն էքսպերիմենտալ լուսանկար,, մրցանակին եւ Ոսկե մեդալի։

Երեւի այս հաղթանակն էր առիթը, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան հրավիրեց նման մի ցուցահանդես էլ Ազգային Ժողովում բացելու։ Ցուցահանդեսը, որը դիտելու առիթը նաեւ մենք ունեցանք, շատ տպավորիչ էր։ Թեեւ պետք է նշեմ, որ նման մասշտաբի լուսանկարները պետք է ավելի մեծ դահլիճում ցուցադրվեին եւ ավելի լայն հասարակության համար։

Մեր հարցերը տվեցինք ե՛ւ ցուցասրահում, ե՛ւ հետո հեռակա կարգով։

-Ինչո՞ւ Ազգային ժողովում։

-Ոսկե մեդալիս մասին իմացան, ԱԺ նախագահը գնահատեց եւ հրավիրեց ցուցահանդես բացել։ Ազգային Ժողովի ցուցասրահում տեղի ունեցավ իմ գործերի ցուցադրությունը, որում տեղ էր գտել ոչ միայն Տաշքենդում Ոսկե Մեդալ շահած գործս, այլեւ երեք տարիների իմ աշխատանքի արդյունք հանդիսացող, հայ արվեստի երախտավորներին նվիրված գործերի շարքից մի ստվար շարք: Այս նախագիծն այստեղ շատ կարեւոր էր։ Ես տարիներ շարունակ անընդհատ հետեւում էի Երեւանում բացվող ցուցահանդեսներին։ Նկատեցի, որ բացվում ու փակվում են ցուցահանդեսները, եւ դրանք որեւէ հետք չեն թողնում։ Այդ տասը տարիների մտածումների արդյունքը բերեց նրան, որ անեմ մնայուն մի բան, որն էլ արտահայտեցի Ազգային ժողովի սրահում բացված ցուցահանդեսում։

-Քո այս ցուցահանդեսի ,,հերոսները,, արվեստագետներ են։ Նրանց ընտրությունն ինչպե՞ս ես կատարել։

– Հիմնական նպատակի ուղվածությունն արժանին հատուցելն է հայտնի եւ ներկայումս ապրող այն մեծահասակ արժանապատիվ նկարիչ-քանդակագործերին, ովքեր հարգանքի եւ գնահատանքի են արժանի հենց հիմա, իրենց կենդանության օրոք, այլ ոչ միայն մահից հետո: Արվեստագետների աշխարհում հիմնականում հենց նրանք են ամենաանտեսվածը, նրանք, ինչպես դերասաններն ու երաժիշտները, չունեն բեմ, որտեղ կարողանան ներկայացնել իրենց արվեստը։ Փոխարենն ունեն ընդամենը արվեստանոց, որտեղ էլ դրսեւորում են իրենց տաղանդը, կամ էլ շատ երկար ընդմիջումներով նրանց գործերը կարճ ժամկետով ցուցադրվում են ցուցասրահներում, եւ դիտումն էլ սահմանափակվում է իրենց իսկ ընկերական միջավայրի այցելությամբ: Շատերն էլ բառիս բուն իմաստով վիրավորանքից փակվել են իրենց արվեստանոցներումՙ հույսը կորցնելով, որ իրենց նկատմամբ որեւէ լավ փոփոխություն կլինի:

Ես հասակ եմ առել խորհրդայինից անկախության անցման շրջանում, եւ կարող եմ համեմատել։ Մի ժամանակ խորհրդային տարիներին գոնե մի թվաքանակ կար, ըստ որի պետք էր Հայաստանից արվեստագետներ ներկայացվեին դրսում։ Հիմա այդ խնդիրը ոչ ոք չի լուծում։ Դրսում մարդիկ Հայաստանի արվեստը ճանաչում են Մարտիրոս Սարյանով։ Չգիտեն, որ ունենք Լեւոն Կոջոյան, Ելենա Աբրահամյան, Թերեզա Միրզոեւա, Իսկանդարյան, Միրիջանյան եւ շատ ուրիշ տաղանդավոր նկարիչներ։ Նման նախաձեռնությունը դեռեւս չի ունեցել իր նախադեպը: Հայտնի մարդկանց դիմանկարների շարք ներկայացվել են տարբեր ժամանակներում, սակայն զուտ նկարիչ -քանդակագործների, եւ այն էլ ոչ հետմահուՙ չի եղել երբեք:

-Կան մարդիկ, որոնց լուսանկարելուց հետո, նրանք արդեն հրաժեշտ են տվել կյանքին։

– Ելենա Աբրահամյանը։ Նա եւ վաստակաշատ գեղանկարիչ էր եւ դասախոս։ Ամբողջ կյանքը սպասել էր իր ամուսնուն, որը պատերազմից չէր վերադարձել։ Երեք տարեկան հասակում Ցեղասպանության միջով էր անցել, եւ շատ լավ հիշում էր իր ծանր մանկությունը։ Մահացան նաեւ գեղանկարիչ Վոլոդյա Սահակյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։ Վերջերս էլ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը մահացավ։ Ցավալի է։ Շտապում եմ նախագիծն իրականացնել, քանի որ կյանքն իրենն է առնում, եւ մեր արվեստի նահապետների ցանկը կամաց-կամաց նոսրանում է: Իմ ցանկությունն է, որ նրանք իրենք իրենց տեսնեն թեկուզ եւ այսպես մեծարված: Նախագծիս իրականացումը մի յուրատեսակ հարգանքի տուրք կլինի մեր ազգի մեծությունների հանդեպ:

-Ինչպե՞ս ես պատկերացնում շարունակությունը։

– Դա միջազգայն ծրագիր կլինի ՙ Մշակութային երկխոսություն,, , որի մի մասն արդեն իրականցրեցի հայ-եգիպտական նախագծով։ Այս հարցում ինձ աջակցեց Հայաստանում Եգիպտական դեսպանատունը, եւ Եգիպտոսի Արտաքին գործերի ու Մշակույթի նախարարությունների կողմից հրավիրվեցի Եգիպտոս: Եգիպտոսում ինձ շատ օգնեց Պերճ Թերզյանը, ով Կահիրեի հայկական կենտրոնում կազմակերպեց եգիպտահայ մտավորականների հետ հանդիպումը։ Այցելությունը Եգիպտոս հնարավորություն ընձեռեց հայաստանյան նյութերին ավելացնել նաեւ եգիպտացի (ղպտի) ու եգիպտահայ արվեստի գործիչներին, մոտ քսան հոգու, այդ թվում հատուկ սրտդողությամբ ու հարգանքով վեր հանելով Պողոս բեյի (Յուսուֆեան) եւ Նուպար փաշայի ազգանվեր դիմագծերը:

Առաջին ցուցահանդեսը կբացենք Եգիպտոսում, իսկ հետոՙ նաեւ Հայաստանում։ Ինձ համար կաեւոր է հայերին ոչ միայն ներսում, այլեւ դրսում ներկայացնելը։ Այնտեղ էլ կան հայ նկարիչներ, որոնց պետք է այստեղ ցույց տալ։ Պետք է փոխհարստացնենք միմյանց, ճանաչենք։ Այս ծրագրի նպատակն է վեր հանել, ի մի բերել եւ հասարակությանը հասու դարձնել մեր երախտաշատ արվեստի գործիչներին, ովքեր իրենց ողջ կյանքը բոլորանվեր մատուցել են մեր երկրի եւ ազգի բարօրությանը, նրա արվեստի զարգացմանը:

-Քո հերոսներին լուսանկարելիս ծանոթացե՞լ ես նրանց կյանքին, թե բավարարվել ես մեխանիկական լուսանկարչությամբ։

-Բոլորի մոտ նոր բան եմ բացահայտել եւ շատ բան եմ սովորել։ Նախ հեշտությամբ չեն ստացվել այդ հանդիպումները։ Շատերը լրագրող բառը լսելիս արդեն իսկ հրաժարվում էին հանդիպել։ Բայց հետո զրուցելով, մտերմանում էինք, եւ ես լսում էի նրանց պատմությունները։ Ամեն մի հանդիպումից հետո, տուն վերադառնալիս, ինձ թվում էր, թե մի հաստափոր գիրք եմ կարդացել։ Նրանցից շատերը իրենց կյանքի փորձից էին պատմում, թե ինչ դժվարությունների միջով են անցել։ Ոչ մեկին հեշտությամբ ոչինչ չի տրվել։ Այդ պատմություններով ես կրկնակի հարստանում էի։ Ամենադժվարը մեծահասակներից Լեւոն Կոջոյանին լուսանկարելն էր։ Բայց հետո, երբ մտերմացանք, ես տեսա, թե նա ինչպես է ապրում։ Երբ տեսնում ես, թե ինքը պատշգամբում ինչպես է գունավոր մատիտներով աղավնիներին նկարում եւ ինչպիսի բերկրաք է ապրում, հասկանում ես, որ մարդը չի ծերացել։ Կամ ասենք Խաչիկ Իսկանդարյան քանդակագործը հրաշալի կյանք է ունեցել, այն առումով, որ հանդիպել է բազմաթիվ նշանավոր մարդկանց, ում ասես չի հանդիպել, եւ միաժամանակ լինելով քանդակագործ, հրաշալի գունանկար ունի։

-Ի՞նչ ընթացք է ունենալու այս շարքը։

-Կամենում եմ ծրագրին միջազգային բնույթ տալ եւ այն ներկայացնել նաեւ Հայաստանից դուրսՙ ընդգրկելով այլ երկրներում ապրող ինչպես հայ, այնպես էլ օտարազգի արվեստագետների: Նախածրագրված է ընդգրկել Արեւմտյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի այն երկրները, որտեղ հայահոծ համայնքներ կան, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլ երկրներ, որտեղ հայերը լուրջ ներդրում ունեն այդ երկրների տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Արդեն հասցրել եմ լուսանկարել 100-ից ավելի արվեստագետների իրենց աշխատանքային միջավայրում: Առայժմ կարողացել եմ իրականացնել այդ ստվարածավալ աշխատանքի քառորդ հատվածը միայն: Մնացած մասը կարոտ է հոգածու ձեռքի, որ կարողանամ ծրագիրն ամբողջական դարձնել ու ներկայացնել արվեստասեր լայն հասարակությանը:

Այս շարքը ներկայացված է ՀՀ նախագահի կողմից տրվող 2012 թվականի արվեստի բնագավառի մրցանակին, եւ մրցութային այլ նկարների հետ ցուցադրվում է ,,Ակադեմիա,, պատկերասրահում։ Նախագահի մրցանակի մրցույթին ներկայացվող նախագծի իրականացումը հնարավորություն կընձեռնի լուսանկարների միջոցով ի մի բերել, մեկտեղել Հայաստանի եւ Սփյուռքի գաղթօջախներում ապրող հայ վաստակաշատ ու տարեց արվեստագետներին՝ ի մասնավորի նկարիչ -քանդակագործներին եւ ցուցադրությունների միջոցով ներկայացնել հասարակությանը ոչ միայն Հայաստանում, այլեւ այն երկրներում, որտեղ ապրում ու ստեղծագործում են նրանք, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ մենք մեկ ենք, միասին ենքՙ անկախ աշխարհագրական տարածքային հեռավորություններից

Զրույցը վարեց Հ. Ասատրյանը

10-12-2012  ORER

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: