ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վրաստանի կառավարության հետ բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ. Կարեն Կարապետյանը հանդիպել է վիրահայ համայնքին

25 փետրվարի, 2017 | 11:08

ԹԲԻԼԻՍԻ. Փետրվար 23-34. Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

karen karapetian vrastan
Այնուհետև Կարեն Կարապետյանն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կարեն Կարապետյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել հայազգի անվանի զորավարների և Սայաթ Նովայի շիրիմներին: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք և վարչապետ Կարապետյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով: Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ հավատում են Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջողությանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման ու առաջընթացի:

karen karapetian hushakotoghՀՀ վարչապետը եղել է նաև Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում տեղադրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, շրջայց կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ և նշել, որ այն գնահատում է առարկայական, կառուցողական, ջերմ և բովանդակալից: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարաբերություններին:

karen karapetian vrastan 3«Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է այցի արդյունքներից և այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգևորում է և պարտավորեցնում»,– նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր:

karen karapetian vrastan 4Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բացի տնտեսական հարաբերություններից, բանակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել նաև երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, ընդգծել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանք: «Մենք ունենք գալիք սերունդների միջև կապերի հաստատման խնդիր և պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաև վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե տարիներ անց ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն լինելու է մի պետություն, որով յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հպարտանալու է: «Մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք: Պետք է մեր առջև դնենք ամբիցիոզ խնդիրներ և եթե բոլորս համախմբվենք՝ դրանք իրագործելի կլինեն: Պետք է ուղղակի հավատալ, օգնել մեկս մյուսին, որպեսզի գնանք առաջ»:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ առավոտյան հանդիպել է վիրահայ գործարարների հետ, լսել նրանց առաջարկները, հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն առաջիկայում կարձագանքի:
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, այցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել գործադիրի ղեկավարին հայ-վրացական սահմանը վրացական համարանիշերով հատող մեքենաների հետ կապված 1000 դրամ գանձելու որոշումը չեղյալ համարելու համար:
Այցի ավարտին վարչապետը եղել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, ծանոթացել առկա վիճակին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը հատկացնելու է 3,5 միլիոն լարի՝ թատրոնի հիմնանորոգման նպատակով: karen karapetian varstan 2 karen karapetian vrastan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցիների համագործակցությունը կառուցվում է ջերմ և բարիդրացիական կապերի հիման վրա: Երկու երկրների կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը զարգացնելու և ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար: Ուրախ ենք, որ այսօր հայկական մշակույթը ծաղկում է, միաժամանակ, չպետք է բավարարվենք անցյալով, այն ամենով ինչ արել ենք նախկինում, այլ պետք է մտածենք ինչ անել՝ ապահովելու մեր ժողովուրդների բարօրությունը»,– նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: Վարչապետը գոհունակություն է հայտնել այցի շրջանակում վրաց գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքներից և նշել, որ քննարկվել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային հարաբերությունների խորցամանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Երկու եղբայրական պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ ունենք, որի իրացման համար պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- նշել է վարչապետը: ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի և հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում:
karen karapetian varst patriark3 karen karapetian varts pariark 1 karen karapetian vrats patriark 2

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ karen karapetian vrast naxagah

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

karen karapetian vras varchapetՎրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ բարեկամ Կարեն Կարապետյանին: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մի շարք հարցեր մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: Մենք կկարողանանք ձևավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով և նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ 2017 թվականը կարևորվում է նրանով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան:
Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին և ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում:
ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Վրաստան այցելելու համար: Կարծում եմ, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Շնորհակալություն:

karen karapetian vras varchapet2ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Շնորհակալ եմ հարգելի վարչապետ: Ցանկանում եմ մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ջերմ՝ բոլոր առումներով, և՛ առարկայական զրույցի, և՛ արևոտ եղանակի: Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ:

Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել:

Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջը հրավիրել Երևան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն այսօր դրվում է մեր հարաբերությունների հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

 

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
2. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
3. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
4. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
5. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
6. Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
7. Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
8. Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
9. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին
10. Սերժ Սարգսյան. Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
2.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
3.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
4.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
5.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
6.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
7.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
9.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
10.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: