ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք

24 օգոստոսի, 2018 | 22:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Մեծարգո´ տիկին կանցլեր,
Հայաստանի Հանրապետության մեծարգո´ նախագահ,
Գերմանիայի դաշնային հանրապետության պատվիրակության հարգելի´ անդամներ,
Հայաստանի Հանրապետության պետական այրեր,
Հարգելի հյուրեր,
Այսօր հիրավի հիշարժան օր է Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների պատմության համար, որովհետև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը պատմության մեջ առաջին անգամ այցելում է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի մամուլն արդեն հասցրել է այցը որակել որպես պատմական և ես համաձայն եմ այդ որակման հետ: Դրա հետ համաձայն եմ որպես կանխավարկած, բայց հիմա՝ բանակցություններից հետո, համաձայն եմ նաև որպես արդյունք, որովհետև մենք չափազանց կարևոր և արդյունավետ բանակցություններ ունեցանք տիկին կանցլերի հետ: Եվ համոզված եմ, որ հետևողականորեն և սկզբունքորեն մեր բոլոր պայմանավորվածությունները կետ առ կետ իրականություն կդարձնենք, ինչը կնշանակի նոր էջ մեր երկրների հարաբերությունների համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջպետական հարաբերություններն այս այցի արդյունքներով հնարավորություն ունեն ամրապնդվել մարդկային հարաբերություններով, որովհետև տիկին կանցլերն իր փորձով և մարդկային հատկանիշներով դրական մթնոլորտ էր ստեղծում և տրամադրում բաց ու անկեղծ խոսակցության: Այդ ոճն առավել արդյունավետ է և առավել հաճելի: Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Այդ ներուժը գալիս է մեր երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքից, նաև ավելի երկարաժամկետ պատմության ընթացքից և ես համոզված եմ, որ մեր կառավարությունն ամեն ինչ կանի, որ մինչ այս եղած պոտենցիալը բազմապատկվի և մենք ունենանք առավել մեծ, առավել տպավորիչ արդյունքներ ու մեր հարաբերությունները զարգանան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում Գերմանիայի նկատմամբ առանձնահատուկ, էմոցիոնալ և քաղաքական վերաբերմունք է ձևավորվել այն բանից հետո, երբ 2016 թվականի հունիսին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց:

Ողբերգական ցնցումների միջով անցնելով, մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբևէ և ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը և Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը և պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում և մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ: Ուզում եմ բաժակ բարձրացնել հայ-գերմանական հարաբերությունների նոր էջի համար, այդ հարաբերությունների մեջ լավատեսության մեծացող պաշարի համար և այն վճռականության համար, որ մենք ունենք մեր երկրների հարաբերություններում նոր էջ բացելու իմաստով: Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունը սիրով սպասում էր Ձեզ, և հույս ունեմ, որ այդ սիրո և լավատեսության մթնոլորտը մեզ կուղեկցի ոչ միայն Ձեր՝ այստեղ գտնվելու ընթացքում, այլև Ձեր հեռանալուց հետո՝ երկար ու երկար տարիներ, և նոր հիմք կստեղծի մեր փոխադարձ այցելությունների համար, մեր փոխադարձ հարաբերությունների համար և փոխադարձ լավատեսության համար: Շնորհակալ եմ: Կեցցե´ հայ-գերմանական բարեկամությունը:


Անգելա Մերկելի բաժակաճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գերմանիայի կանցլերի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Մեծարգո´ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Մեծարգո´ պարոն նախագահ,
Հարգելի´ պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք իմ և իմ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել այսօր մեզ ցուցաբերված բարձր ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար: Ուրախ ենք հյուրընկալվելու մի քաղաքում, որն ունի 2800 տարվա պատմություն և հարուստ է մշակութային և պատմական մեծ պաշարով: Այսօր ես և իմ պատվիրակությունն այցելել ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ մեր մտածմունքներն ուղղված են եղել դեպի հայ ժողովրդի մեծ ցավը, որը նա կրել է 1915 թվականին: Ես առիթ ունեցա եղևնի տնկել ծառուղում և տպավորված ենք Ծիծեռնակաբերդ ունեցած մեր այցից: Հուսով եմ, որ Հայաստանը նայում է դեպի ապագա և դրա վառ ապացույցներից մեկն իմ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելությունն էր, որտեղ շփվեցի երեխաների հետ: Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ: Մենք գիտենք, թե որքան են մարդիկ սիրում խոսել, բայց մենք երկուստեք կարևորեցինք գործը և այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին: Եվ որպեսզի մենք չմոռանանք մեր պայմանավորվածությունների մասին՝ ես Ձեզ՝ պարոն վարչապետ, հրավիրեցի հյուրընկալվել Գերմանիայում, որպեսզի կարողանանք արձանագրել ձեռքբերված առաջընթացը և շարունակել աշխատել հետագա զարգացման ուղղությամբ: Ուստի թույլ տվեք, հայտնելով իմ գոհունակությունը, բաժակ բարձրացնել և խմել հայ-գերմանական բարեկամության, հայ-գերմանական համագործակցության հետագա զարգացման համար։


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
2. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
3. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
4. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
5. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
6. «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին
7. Ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան. ասել է Փաշինյանը Պուտինին
8. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
9. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
10. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: