ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարշավա. Նշվեց Լեհահահայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-ամյակը

22 հոկտեմբերի, 2017 | 10:01

2017 թվականի հոկտեմբերի 14-ին՝ սրբոց Թարգմանչաց տոնի խորհրդանշական օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Վարդապետ Ծատուրյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ Վարշավայում տոնվեց Լեհաստանի Կազիմիր Գ. Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-րդ հոբելյանական տարեդարձը:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ԼՀ-ում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի դասախոսներ, մեծ թվով հայորդիներ ու լեհ հյուրեր:

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Վարդապետ Ծատուրյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնության գիրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի հիմնադրման 650-րդ հոբելյանի կապակցությամբ: Հայրապետական պատգամով Նորին Սրբությունը նախ ողջունում, ապա իր գոհունակությունն էր հայտնում նրա համար, որ լեհաստանաբնակ հայորդիները՝ իրենց հոգևոր հովիվ Հայր Տաճատի առաջնորդությամբ, արդյունավորում են հայ ազգային-եկեղեցական կյանքը և նաև իրենց նպաստը բերում Լեհաստանի բարօրության ու զարգացման գործին: Հայոց Հայրապետը սիրով հորդորում էր նաև Լեհաստանում բնակվող հայորդիներին՝ առ Աստված հավատարմության, եկեղեցանվիրումի և հայրենասիրության մեջ անսասան մնալ և իրենց գալիք սերնդին կրթել և դաստիարակել այնպես, որ նրանք ապագայում դառնան հայոց ազգի և Հայ Եկեղեցու արժանավոր զավակներ և միշտ ամուր պահեն ազգային ինքնագիտակցությունը՝ մշտապես ջանքեր ներդնելով հոգևոր-եկեղեցական կյանքի նորոգ շինությանն ու պայծառությանը:
Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության գրի ընթերցումից հետո ցուցադրվեց Կազիմիր Գ. Մեծ արքայի՝ լատիներեն գրված արտոնագրի պատճենը՝ միաժամանակ ներկայացնելով դրա լեհերեն ու հայերեն թարգմանությունները: Ըստ 1367 թվականի՝ լեհ-լիտվական միացյալ թագավորության Կազիմիր Գ. Մեծ արքայի սույն արտոնագրի, վերջինս, հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Արքեպիսկոպոսի ազնիվ ծառայությունները և օրինական գործունեությունը, իրավունք է տվել հայոց Տ. Գրիգոր Արքեպիսկոպոսին՝ Լվով քաղաքում անձնական նստավայր հիմնելու՝ հայերի կարգերի ու սովորությունների համաձայն, հայոց սեփական իրավունքով քրիստոնեական հավատքը շարունակելու, պահպանելու և դրանք գործածելու համար: Սույն արտոնագիրը, ինչպես հայտնի է, պատմության մեջ լեհ-հայկական հարաբերությունների մասին վկայող առաջին գրավոր փաստաթուղթն է: Արտոնագրում նաև նշվում է, որ Կազիմիր Գ. Մեծն իր թագավորության մեջ նշանակված բոլոր տեսակի ենթականերին, անհատ ավագանիներին, բուրգգրաֆներին և այլ պաշտոնյաների հնարավոր բոլոր ձևերով արգելել է, որ ոչ ոք իր մեծահոգի քայլին հակառակ գործողության չդիմի և չփորձի հայոց Տ. Գրիգոր Արքեպիսկոպոսին իր թեմում և առհասարակ որևէ տարածքում խոչընդոտել: Լեհ արքան կոչ է արել իր բոլոր ենթականերին՝ օգնել հայոց հոգևոր առաջնորդին, հակառակ դեպքում՝ նրանք կհայտնվեին արքայի ողորմության կորստյան ներքո, այլ կերպ ասած՝ խիստ պատժի կենթարկվեին:

Լեհ արքայի հատուկ արտոնագրի ընթերցումից և դրա պատշաճ բացատրությունից հետո ելույթով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայր Յուզեֆ Նաումովիչը, որը ներկայացրեց բանախոսություն՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի հիմնադրման մասին պատմական ակնարկ» խորագրով:
Հոբելյանական միջոցառումը շարունակվեց համերգային հարուստ ու բազմազան ծրագրով: Երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը՝ հայ հոգևոր-ազգային հրաշալի երգացանկով, ինչպես նաև՝ ջութակահար Գայանե Կոնինյանը (Ֆրանսիա), դաշնակահարներ Յակուբ Կիտովսկին (Լեհաստան), Յոաննա Գրոնկովսկան (Լեհաստան), Զոֆիա Միխալովիչը (Լեհաստան) և մենակատար Աիդա Հարությունյանը (Ֆրանսիա)՝ Կոմիտասի և Ա. Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարումներով:
Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» և Արշալույս-Ավրորա Մարտիկանյանի «Քրիստոնյաների կոտորածները Հայաստանում» լեհերեն վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:
Այնուհետև իր հայրական պատգամով հանդես եկավ լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Վարդապետ Ծատուրյանը, որը նախ ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնց համատեղ ջանքերով իրականացավ վերոնշյալ միջոցառումը, ապա կարևորեց սույն հոբելյանական միջոցառման իրականացումը հենց սրբոց Թարգմանչաց տոնի խորհրդանշական օրը լեհաստանաբնակ հայորդիների կյանքում: Որպես հայ ազգի սուրբ Թարգմանիչների հետնորդներ՝ Հայր Սուրբն իր խոսքում գլխավորապես շեշտեց հայոց երկրից դուրս՝ օտար հողի վրա, հայ ազգի փրկության գրավականների՝ Հայ Եկեղեցու և Հայ Դպրոցի դերն ու նշանակությունը: Նա իր խոսքում ներկա հայորդիներին հիշեցրեց իրարից անբաժան՝ նյութական և հոգևոր հայրենիքի՝ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության և Հայ Եկեղեցու միաժամանակ գոյության խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Հայր Տաճատը հորդորեց լեհաստանաբնակ հայորդիներին՝ լեհահայոց փառահեղ անցյալի հիման վրա առավել փառավոր ներկա կերտել և այն, որպես գեղեցիկ օրինակ ու փորձված դաս, փոխանցել գալիք սերունդներին և հիշարժան դարձնել նրանց կյանքում, որպեսզի 650 կամ սրանից պակաս կամ ավելի տարիներ հետո, երբ Լեհաստանի գալիք հայոց սերունդներն ի մի հավաքվեն իրենց ապագա հոգևոր առաջնորդի հետ, առավել ցնծությամբ ու բարի հպարտությամբ տոնեն տվյալ ժամանակաշրջանի հոբելյանական տարեդարձը և երանի տան իրենց նախորդներին, որ իրենց համար նման ապագա են օտարի հողի վրա՝ Լեհաստանում, կերտել: Այդ իսկ պատճառով Հայր Սուրբը լեհաստանաբնակ հայորդիներին աստվածասեր, հայրենասեր և ազգասեր սերունդ կրթելու և դաստիարակելու կոչ ուղղեց՝ սուրբ Թարգմանիչ Վարդապետների բարեխոսությամբ Աստծուց անսասանություն և խաղաղություն խնդրելով հայոց պետության, եկեղեցու և համայն ազգի համար:
Հայրական պատգամից հետո Հայր Տաճատը լեհաստանաբնակ որոշ հայորդիների հանձնեց գնահատանքի և օրհնության գրեր ու շնորհակալագրեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց հոգևոր հովվության հանդեպ նրանց ցուցաբերած անկեղծ նվիրումի, պատրաստակամ օժանդակության և նախանձախնդրության բարձր գիտակցության համար:
Հոբելյանական միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո ներկաները հրավիրվեցին հյուրասիրության:

Լուսանկարները՝

Լիպարիտ Պապոյանի և Աննա Ավետիքյանի


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: