ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարդավառը կնշվի հուլիսի 23-ին

22 հուլիսի, 2017 | 08:30

Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 23-ին: Այդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որի ժամանակ հավատացյալներին կներկայացվի  Պայծառակերպության տոնի խորհուրդը: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Այս տոնը նշանավորվում է ինչպես  հոգևոր խորհրդով, այնպես էլ ժողովրդական ավանդույթներով: Այս մասին նշում է Հանրային ռադիոն։ 

Վարդավառ կամ Պայծառակերպության տոն, Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է է։ Նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնը հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա իր երեք աշակերտներին աստվածային փառքով երևալուն,  որը նկարագրում են Ավետարանները: Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: «Երբ աղոթքի կանգնեց եւ Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց: Հիսուս աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով»,-գրում է Ղուկաս ավետարանիչը:

Հայ եկեղեցու սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասում է, որ այստեղից եւ ծագել է տոնի անունը`«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» անվանումը։

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հերքում է այն կարծիքը , թե եկեղեցին չի ընդունում ժողովրդական ավանդույթները։ «Եկեղեցին հարգում է ժողովրդական տոնակատարությունները: Ավելին, այդ տոնակատարություններին մասնակցում են նաև հոգևորականները, այդ թվում և ինքը՝ ավագ քահանա Մալյանը»։

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, նույնպես եւ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:Այդ օրը Հայ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ Անմահ պատարագ՝ ի հիշատակ ննջեցյալների, կատարվում է նաև ոգեհանգստյան կարգ:


Առնչվող նյութեր
1. Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողությունը. Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆ
2. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ
3. Վարդավառ ամենամյա միջազգային փառատոն.Գեղարդի վանք, Գառնի
4. Տավուշի մարզում հուլիսի 24-ին մեծ շուքով նշվել է Վարդավառը
5. Երևանում նշվեց Վարդավառի տոնը
6. Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության
7. Հուլիսի 3-ին «Վարդավառ միջազգային փառատոն» Գեղարդում եւ Գառնիում
8. Վարդավառ
9. Այսօր նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
10. «Վարդավառ միջազգային փառատոն»ը հուլիսի 12-ին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: