ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

13 մարտի, 2007 | 20:24

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ.  «Բոլոր տիպի վերելքները սկսվում են հոգու մաքրությունից»

 ՕՐԵՐ, 2- 2007

 2008-ին ճանաչված դերասանը նորից բեմ կբարձրանա Երեւանում, իսկ մինչ այդ հյուրախաղերով կլինի Իրանում եւ Կանադայում

Այսօր քիչ են այն դերասանները, որոնց նոր ներկայացումը դեռ չավարտված, սպասում ես հաջորդին: Ժամանցայինկատակերգային ներկայացումներից մինչեւ ողբերգական շոուներ, դասական պիեսներից մինչեւ ժամանակակից դրամաներ՝ սա երեւի թե թվարկումն է այն ոչ ամբողջական ցանկի, որ իր ստեղծագործական կյանքում հասցրել է կյանքի կոչել մեր ժամանակների ամենատաղանդավոր հայ արվեստագետներից մեկը` Վարդան Պետրոսյանը: Դերասան կոչումը նրա պարագայում չեմ օգտագործում ոչ միայն այն  պատճառով, որ ինքը համեստորեն չի ընդունում այդ որակումը, այլեւ այն պատճառով, որ Վարդան Պետրոսյան անհատի դեպքում  արվեստը դրսեւորվում է իր տարբեր ճյուղերով: Մեր զրույցը թեեւ տեղի է ունեցել տարիներ առաջ եւ հիմնականում շոշափում է նրա ամենամեծ աղմուկ հանած ներկայացումը`ՙՎերելքը՚ եւ դրա հետ կապված հայոց ցեղասպանության թեման, սակայն միեւնույն ժամանակ փորձում ենք բացահայտել Վարդան Պետրոսյան մարդուն` իր ընտանիքում իբրեւ եղբայր, հայր եւ որդի:

 Մեր հանդիպումը ոչ թե Փարիզում էր, որտեղ նա հիմա բնակվում է եւ խաղում  հանրաճանաչ Ռոբեր Օսեյնի թատրոնում, այլ Երեւանում` հերթական ներկայացումից առաջ: Մեր զրույցին ներկա էր նաեւ Վարդանի քույրը` Աշխենը, ով եղբոր երեւանյան ներկայացումների գլխավոր աջակիցն է ու հանրային կապերի պատասխանատուն: Աշխենի պատմելով եղբոր դերասանական ընդունակությունները երեւան են եկել դեռ դպրոցական հասակից, երբ դասից գալիս էր տուն եւ բարձր երգում էր ժամանակի ամենահայտնի հիթերը: Պետրոսյանների տանը միշտ թատերական մթնոլորտ է եղել, հայրը պիեսներ է գրել, շատ են սիրել ռադիոթատրոն լսել: Ուսանողական տարիներին ջազ բենդ են ունեցել եւ Լուի Արմսթրոնգի երգերն են երգել: Վարդանը ազատորեն տիրապետում է մի քանի երաժշտական գործիքի: Այնուհետեւ Սուքիաս Թորոսյանի եւ Վահրամ Սահակյանի հետ նա փայլեց ՙՈզնիներում՚, որը նրանցից յուրաքանչյուրի համար դարձավ արվեստ մտնելու առաջին լուրջ հայտը:1993 թվականին Վարդանը տեղափոխվեց Փարիզ եւ սկսեց խաղալ ոչ միայն դերասան եւ ռեժիսոր Ռոբեր Օսեյնի թատրոնում, այլեւ հանդես գալ սեփական ներկայացումներով: Ու թեեւ վերջին ներկայացումը` ՙԻնչ անելը՚  իր իսկ ասելով մի խորհուրդ ունի` չհուսահատվել եւ ոտքի կանգնել, եւ կրկին հավաքեց լեփլեցուն դահլիճներ, սակայն նախորդի՝  ՙՎերելքը՚կատարողական արվեստը, կառուցվածքը, մատուցման ձեւերն ու ազդեցությունը այնքան մեծ էրոր մեր զրույցը հիմնականում նվիրեցինք այդ ներկայացմանը:

Ձեր ՙՎերելք՚ ներկայացումը գրեթե բոլոր քննադատների կողմից գնահատվեց իբրեւ ժամանակի ամենասուր եւ ազդեցիկ ներկայացումներից մեկը: Ի՞նչ է Ձեզ համար ցեղասպանության թեման` մոդայիկ ինքնաարտահայտման ձեւ, թե իրական պահանջ: Ինչպիսի՞ պատգամ է այն բերում հայ հանդիսատեսին:

– Ցեղասպանությունը միակ գաղափարն է, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին: Մեծ ցնցումները օգնում են ժողովուրդներին վերանորոգվելու եւ այդ վերանորոգումներն են նրանց տանում առաջ: Իսկ ցեղասպանությունը դա մեծ ցնցում է, որ կարող է մեզ օգնել վերանորոգվելու: Այն մեծագույն վիշտ է, որը կիսելով, մենք կարող ենք ազնվանալ, մաքրվել, որովհետեւ մեծ վիշտն է ազնվացնում մարդուն: Դա նաեւ մեր պատմական անցյալն է, որը պարտավոր ենք ուսումնասիրել եւ դասեր քաղել պատմությունից, ավելի պինդ կանգնել մեր հողի վրա եւ ավելի վստահ լինել դեպի ապագան: Կարեւորագույն փաստ է ուսումնասիրել պատմությունը,  հասկանալ տեղի ունեցածը եւ վստահ նայել դեպի ապագան: Եվ ցեղասպանությունը կարող է նաեւ վերելքի ուղի լինել մեզ համար: Միայն թե այն ճիշտ պետք է օգտագործվի, ճիշտ մատուցվի ու ճիշտ վերլուծվի: Ցեղասպանության նկատմամբ ունենք որդեգրած մի քանի դիրքորշումներ: Սփյուռքահայությունը կարծես թե կառչած է ցեղասպանությունից, եւ դա բնական է, քանի որ սփյուռքը հենց ցեղասպանության արդյունք է:

Այսօրվա Հայաստանում երիտասարդության մոտ նկատելի է մոռանալու միտում, եւ մի այլ միտում, որ մարդիկ չեն ուզում կառչած մնալ լացուկոծին, ձանձրացել են դրանից: Այնինչ կարելի է մի այլ դիրքորոշում որդեգրել` վերլուծության դիրքորոշումը, այսինքն, ցեղասպանության վերքը, որը մեզանում, ուզենք թե չուզենք կա, քանի որ այն մեր մեծերի միջոցով փոխանցվել է սերունդներին,պետք է ենթագիտակացական ոլորտից բարձրացնել գիտակցական ոլորտ, վերաիմաստավորել եւ գնալ առաջ: Այս տեսակետից ցեղասպանությունը  մեզ համար կարող է նաեւ իբրեւ առաջընթացի զենք ծառայել: Ճիշտ օգտագործել ասելով նկատի չունեմ սպեկուլյացիա անել այս թեմայով: Ուղղակի ժամանակն է, ոչ թե գոռգոռանք ու լանք, այլ լուրջ վերլուծենք տեղի ունեցածը: Այսօր մեր ժողովրդի մի ստվար զանգված լավ չի էլ պատկերացնում, թե դա ինչու է եղել եւ ինչպես, բացի այն նախադասությունից, որ 1,5 միլիոն մարդ զոհ գնաց թուրքական յաթաղանին: Պատմական ի՞նչ իրավիճակում եւ քաղաքական ի՞նչ խաղերի արդյունքում դա եղավ, ոչ մի բան չգիտեն: Դա պետք է ուսումնասիրվի եւ դպրոցական դասագրքերի մակարդակով դասավանդվի:

Թվում էր, թե անհնար է ցեղասպանության լուրջ թեման հումորի միջոցով ներկայացնել: Սակայն ե՛ւ ներկայացումը դիտած հանդիսատեսի բուռն ընդունելությունը ե՛ւ թե մամուլի հիմնականում դրական գնահատականները ապացուցեցին, որ տաղանդավոր մարդու համար փակ կամ անհնարին թեմաներ չկան: Ինչպե՞ս եք գտել այդ բանալին, որ հակադրվելով հանդիսատեսին, կարողացել եք գրավել նրա սիրտը:

 -Բանալին կարծես  ձեւավորվեց ինքն իրեն: Հանկարծակի չգտնվեց: Պատճառները հետեւյալն էին: Երբ ես ինքս ուսումնասիրում էի նյութը, Կոմիտասի կյանքը, տեսա, որ  դժվարությամբ եմ կարդում: Ցեղասպանության նյութը ուսումնասիրելիս ես ունեի հոգեկան դժվարություն, որովհետեւ 15 րոպեից ավել հնարավոր չէ կարդալ այդ նյութը` դժվարամարս է: Ոչ միայն հայ մարդու, այլ օտարի համար էլ դժվար է կարդալ այն ամենի մասին, ինչ եկել է մեր գլխին: Հասկացա, որ եթե այդպիսի ծանր ներկայացում անեմ, հանդիսատեսը ի վիճակի չի լինի ընդունելու: Ինֆորմացիայի որոշակի բաժին տալուց հետո, պետք է մի որոշ ժամանակ տալ, որ ունկնդիրը հասցնի մարսել: Հետեւաբար, ես մտածում էի, որ կամաց-կամաց պետք է տրվի այդ ծանր նյութը, որոշակի դադարներով, որպեսզի հանդիսատեսը հասցնի հանգստանալ: Երկրորդ, սա այնքան կարեւոր նյութ է, որ որքան հնարավոր է շատ հանդիսատես է  պետք ներգրավել դրա  մեջ: Իսկ այսօր, հանդիսատեսը ծանր դրամատիկ-ողբերգական ներկայացումներին չի գնում: Եվ դա էլ պետք է հասկանալ` կյանքը թելադրում է իր ծանր օրենքները, եւ  մարդիկ ուզում են գոնե զվարճանալ: Ուրեմն ես զվարճությամբ փորձեցի ՙխաբել՚ մարդկանց: Կանչել հատկապես երիտասարդներին, որոնց առաջ մեծ խնդիր է դրված` տարիներ անց Հայ Դատը պաշտպանելու, հայկական մեր պատմական խնդիրները լուծելու: Իսկ երիտասարդները սիրում են աշխույժ, ռիթմիկ ներկայացումներ: Ստեղծեցի մի զարմանալի ոճ, որտեղ տաքն ու սառը, ողբերգականն ու զվարճալին խառնվել են իրար: Դա էլ ստեղծեց  այդ ինքնատիպ ներկայացումը: Հանդգնության հասնող համարձակ ներկայացում ոչ ոք չի արել, հրեաներն էլ չեն արել: Այստեղ չկա ոչ լկտիություն,  ոչ ցինիզմ եւ չէր էլ կարող լինել: Այս համարձակ քայլը փաստորեն հաղթանակեց, քանի որ  ՙՎերելք՚ի ներկայացումներն անցան լեփ-լեցուն դահլիճներում:

Մեր կարծիքով այս բեմադրությունը մի յուրահատուկ նորարարություն է մեր թատրոնի պատմության մեջ, քանի որ այն իր մեջ ներառում էր ե՛ւ մյուզիքլ, ե՛ւ կինո, ե՛ւ դասական դրամատուրգիա, ե՛ւ մենաթատրոն: Բեմադրիչը Ձեր կինն էր, իսկ դուք մասնակցություն ունեցել եք բեմադրությանը եւ ինքներդ ի՞նչ անվանում եք տալիս դրան:

-Ես ներկայացումն անվանում եմ ողբերգական շոու: Գալով կնոջս` Անիին, ասեմ, որ ես բոլոր մտքերս ասում էի նրան, նա գրառում էր եւ հետո միայն այդ ամենը համակարգում էինք: Այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունները սկսվել են ներկայացումից 8 ամիս առաջ, երբ մենք Ռոբեր Օսեյնի թատրոնում խաղալուց հետո, մեքենայով մեկ ժամ ճանապարհ էինք գալիս,  եւ ես ամբողջ ճանապարհին պատմում էի իմ գաղափարների ու մտքերի մասին: Այս աշխատանքը ես բեղմնավորման հետ էի կապում: Ես չեմ սիրում բեմադրության պրոցեսը, քանի որ ավելի շատ սիրում եմ խաղալ:

5-6 թատերական ոճ մեկտեղել էի, եւ դրա համար էլ շատ ծանր էր այդ ամենի տակից դուրս գալը: Այդ ամբողջ ընթացքում առանձին կտորները դերասանները փորձում էին, բայց չէին հասկանում, թե ես ինչ եմ մենախոսելու, քանի որ մենախոսությունները ես չէի փորձում: Հետեւաբար, կինս մեծ աշխատանք տարավ եւ կարողացավ շատ հետաքրքիր միասնության մեջ ձուլել այս ամենը: Եվ մենք ունեցանք բազմաոճ, բայց ոչ էկլեկտիկ մի ներկայացում: Փարաջանովյան մի թատրոն կար, եւ էթնոգրաֆիկ կյանք` ազգագրական, հին հայկական պատկերները` անշարժ լուսանկարների դինամիկ շարժման պատկեր, եւ ֆրանսիական թատրոն` իմ մենախոսություններով եւ կաբարեով: Բավական ծանր աշխատանք էր, ապրի ինքը:

Անին ծնվել մեծացել է Պոլսում, բայց ֆրանսիական թատերական դպրոցի կրողն է: Փայլուն դերասան է: Որպես ստեղծագործող ձեւավորվել է Փարիզում: Մենք հայախոս ենք, եւ տանը հայերեն ենք խոսում: Նա ասաց, որ ինքն էլ այդ գործում իր մասնակցությունը բերեց եւ կոնկրետ մարդկային ու բարոյական խնդիր ուներ, որ կատարեց: Սա նաեւ մի մեծ ներդրում էր իր կողմից:

Արդեն քանի՞ տարի է ամուսնացած եք:

-1992 թվականից միասին էինք ապրում: 1993 թ-ից ամուսնացանք եւ մինչեւ հիմա միասին ենք: Տղաս` Հայկը 18 տարեկան է (խմբ.- առաջին ամուսնությունից) եւ աղջիկս` Ապոլին, 9 տարեկան:


Առնչվող նյութեր
1. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
2. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
3. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
4. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
5. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
6. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
7. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
8. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
9. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
10. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: