ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում

10 հոկտեմբերի, 2018 | 12:25

Մեծ հանդիսությամբ նշվեց Միացյալ Թագավորության հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչ, սփյուռքում եւ հայրենիքում ճանաչված բարերար Վարդան Ուզունյանի ծննդյան 78-ամյակը: Բազմաթիվ պատվավոր հյուրեր, հարազատներ ու համախոհներ սփյուռքից ժամանել էին Հայաստան հոբելյարին շնորհավորելու եւ եւս մեկ անգամ արժանին մատուցելու նվիրյալ հայորդուն՝ Լիբանանում, Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում եւ Հայաստանում 56-ամյա ազգանվեր գործունեություն ծավալելու համար:

Ծնվել է Բեյրութում՝ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքում: Հաճախել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տարրական վարժարանը, ՀԲԸՄ Հովակիմյան Մանուկյան երկրորդական վարժարանը, այնուհետեւ բարձրագույն կրթությունը ստացել է Լոնդոնում: Վաղ հասակից դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթը եւ գիտակցել է ազգային ինքնության պահպանման կարեւորությունը: Ուսանողական տարիներից բեղուն գործունեություն է ծավալել հայ համայնքների ազգային եւ հոգեւոր կյանքում, ծառայելով սեփական ժողովրդին:

Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /ԼԹԽՄ – Tekeyan Trust/, Երեւանի Թեքեյան Կենտրոնի, Լոնդոնի «Կոմիտաս» երգչախմբի հիմնադիրներից է: Մեծ նվիրումով գործունեություն է ծավալել Եթովպիայի Արարատ ակումբում, Լոնդոնի Հայ տան երիտասարդական միությունում, ՀԲԸՄ-ում, Թեքեյան մշակութային միությունում, ԼԹԽՄ-ում, ՌԱԿ-ում, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամում եւ ազգային այլ հաստատություններում, ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապերը մշակույթի միջոցով: Իր անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք կարեւոր ձեռնարկներ, այդ թվում՝ ուսանողական մշակութային փառատոն Լիբանանում. հասարակական, մշակութային, մարզական միջոցառումներ Եթովպիայում. ցուցահանդեսներ, դասախոսություններ, «Էրեբունի» թերթը, «Արաքս» պարային համույթը, «Կոմիտաս» երգչախումբը Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված մշակութային գործիչների, պարի եւ երգի համույթների, թատերական խմբերի ելույթները ՄԲ-ում. եւ ի վերջո, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի բարեգործական գործունեությունը, որը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի եւ Արցախի դպրոցների վրա:

Ներկայումս Վարդան Ուզունյանը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղարն է, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ԼԹԽՄ «Կոմիտաս» երգչախմբի նախագահը, Ռամկավար ազատական կուսակցության Լոնդոնի մասնաճյուղի ատենապետը, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ եւ գանձապահը:

2011թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հայրապետական կոնդակով պարգեւատրվել է Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշանով:

2017թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը՝ ի արժեւորումն բազմամյա ազգանվեր գործունեության եւ սփյուռքի տարբեր համայնքներում հայկական մշակույթի եւ արժեքների ներկայացման եւ պահպանման:

 


Առնչվող նյութեր
1. Ոչ եւս է հայտնի հայագետ Պրոֆ. Ռոբըրտ Թոմսըն
2. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
3. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
4. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
5. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
6. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
7. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
8. Լոնդոն. Թեքեյան մշակութային միության 70-ամյակը նշվեց մեծաշուք հանդիսությամբ
9. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
10. ԼՈՆԴՈՆ. Սոնա Ռուբենյանի եւ Անդրե Սիմոնյանի ելույթը Անկախության տոնին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: