ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ.

13 նոյեմբերի, 2012 | 21:29


«Անհրաժեշտություն է նվաՃել ոչ միայն այն, ինչ կա նոտաներում, այլեւ նոտաների միջեւ»։

ՕՐԵՐ, 1-2006

«Ճարտար տեխնիկայով, ջերմ տոնով եւ լայնասիրտ երաժշտականությամբ նրա քնարական արտահայտչաձեւը համոզում է», գրում է Atlanta Journal-Constitutionը։

ՙ«Կատարումը թարմ էր, ոգեւորիչ, անհատականությամբ հագեցած»,- նկատում է San Francisco Chronicle։

ՙ«Վարդան Մամիկոնյանի ասպարեզ գալով համաշխարհային ռոմանտիկական դաշնամուրային կատարողական արվեստը հարստացավ ոչ միայն հիասքանչ տեխնիկական եւ հնչյունային վարպետությամբ, այլեւ ոճական բարձրագույն չափանիշներով», գրում է «ՙԶյուդդոյչե ցայտունգը»։

Ծնվել է 1970-ին Երեւանում, երաժիշտների ընտանիքում։ Վարդանին լսենք.  ՙ«Ավելի երաժշտական ընտանիք հնարավոր էլ չէ պատկերացնել՝ հայրս ջութակահար է, մեծ դասատու, երկար տարիներ նվագել է պետական քառյակում։ Մայրս դասավանդում է Սպենդիարյան դպրոցում, քույրս դաշնակահարուհի է»։

Սովորել է  Երեւանի Սպենդիարյան դպրոցում, այնուհետ 16 տարեկանից շարունակել է ուսումը Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում, ապա՝ Մոսկվայի կոնսերվատորիայում (Վալերի Կաստելսկու դասարան)։ 1991-ին դարձել է վիրտուոզ դաշնակահար Լազար Բերմանի աշակերտը Իմոլայի Accademia Pianistica-ում (Իտալիա), ստացել է մագիստրոսի աստիճան։

1981-ին 1-ին մրցանակ է շահել Վիլնյուսի համամիութենական մրցույթում։ Այնուհետ՝ նույն մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1990-ին Concours International Lefe`bur-ում (Saint-Germain-en-Laye), 1992-ին World Music Masters՝ մրցույթում (ՄոնտեԿառլո)։

1991-ից ապրում է Փարիզում։

Դաշնակահար Մամիկոնյանի  միջազգային կարիերան այստեղից է սկսվում։

Մենահամերգներ Եվրոպայի, ԱՄՆի կարեւորագույն համերգասրահներում՝ Նյու Յորքի Կարնեգի հոլլում, Լոնդոնի Վիգմոր հոլլում, Մյունխենի Հերկուլեսզաալում եւ ֆիլհարմոնիկ սրահում, Ցյուրիխի Թոնհալլեում, Լայպցիգի Գեվանդհաուսում, Փարիզի Շանզ էլիզե թատրոնում, Շանհայի Մեծ թատրոնում, Վիեննայի Մուզիքֆերայնում եւ այլուր։ Իբրեւ մենակատար հանդես է եկել  ՍանկտՊետերբուրգի  Կիրով օպերային թատրոնի նվագախմբի, Մոսկվայի Չայկովսկի նվագախմբի, Հյուսթոնի սիմֆոնիկի, Վաշինգտոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Սան Ֆրանցիսկո սիմֆոնիկի,Լոս Անջելես ֆիլհարմոնիկի, RAI Ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Բամբերգի սիմֆոնիկի հետ՝ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Վալերի Գերգիեւ, Վլադիմիր Ֆեդոսեեւ, Էլիահու Ինբալ, Լոթհար Զագրոսեկ, Լեոնարդ Սլատկին։ Մասնակցել է մի շարք հայտնի փառատոնների։

Մամիկոնյանը հայտնի է Բրամսի, Լիստի, Շոպենի, Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Չայկովսկու,Ռավելի, Հենրի Դյուտիլյեի, Առնո Բաբաջանյանի  դաշնամուրային ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանությամբ։ Ունի բազմաթիվ ձանագրություններ՝ Շոպեն, Ռավել, Չայկովսկի, Բաբաջանյան, Խաչատրյան, Ստրավինսկի։ Ի թիվս այլ ձայնագրությունների Ֆրանկֆուրտի ռադիոյի նվագախմբի հետ ձայնագրել է Ռախմանինովի առաջին, Լիստի, Մենդելսոնի կոնցերտները՝ Դավիդ Շտալի ղեկավարությամբ։

Համաշխարհային ճանաչում ունեցող մեր ժամանակակցին, խոստովանենք, Հայաստանում բավարար չեն ճանաչում։ Ինչու՞։ Բազմաթիվ պատճառներից մեկն արձանագրեմ՝ հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը այսպիսի վառ անհատականություններին չեն ներկայացնում։ Փորձեմ ստորեւ մեղքս քավել։

Մինչեւ 16 տարեկանը սովորել եք Երեւանում։ Ի՞նչ են տվել դպրոցական այդ տարիները։

-Առաջին հերթին՝ շատ մեծ սեր դեպի երաժշտությունը։ Այդ տարիները շատ կարեւոր էին ինձ համար՝ կարողացա ինձ բեմի վրա դրսեւորել։ 7 տարեկանում ուսուցչիս հետ իմ առաջին մենահամերգը նվագեցի։ Եվ հենց սկզբից զգացի, որ սիրում եմ բեմը եւ ուզում եմ դաշնակահար լինել։ Հաջորդ տարիներին սկսեցի պատրաստվել  մրցույթներին մասնակցելու համար։ 10 տարեկանում Վիլնյուսում մասնակցեցի համամիութենական մրցույթի, ստացա առաջին մրցանակ։ Սա առաջին մեծ հաջողությունն էր։

Դրանից հետո մինչեւ Մոսկվա գնալը շատ ուրիշ համերգներ եմ տվել, որոնք ինձ համար իհարկե շատ կարեւոր էին, օրինակ Չայկովսկու կոնցերտը, Բախի ինվենցիաները , որ նվագեցի 12 տարեկանում, Շոպենի էտյուդները, որ նվագեցի 14 տարեկանում, առաջին անգամ կոմպոզիտորների տանը։ Բոլորը  ուսուցչիս՝ Արքուհի Հարությունյանի մեծ աշխատանքի շնորհիվ եղավ։

 –Մոսկովյան տարիների մասին։ 

-Ինձ, իհարկե, դրանք շատ կոփեցին։ Բազմակողմանի դրսեւորվելու հնարավորություն տվեցին։ Լավ էր փայլել մեր քաղաքում, բայց 1985-86 թվականներին Մոսկվան ավելի մեծ կենտրոն էր։ Այդ տարիներն ինձ համար միջազգային մրցույթներին մասնակցելու ցատկահարթակ դարձան. նկատի ունեմ 1990-ին Lefe`bur -ը, 1992-ին World Music Masters՝ մրցույթը։ Կարող եմ ասել այդտեղից սկսեցի կարիերաս։ Իմ կյանքում առաջին մեծ բեմերն էին։

Հետո Իտալիա, Ֆրանսիա, միջազգային գործունեություն։ Դուք ռուսակա՞ն դպրոցի ներկայացուցիչ եք Ձեզ համարում, թե՞ Ձեր հաջողությունների համար  ՙպարտական¦ եք Արեւմուտքին։ Ի՞նչ տվեց Արեւմուտքը Ձեզ։

-Չեմ կարող ասել, թե ես հենց ռուսական կամ ֆրանսիական կամ հայկական դպրոցի ներկայացուցիչ եմ։ Տարբեր դպրոցների համախմբումն է, կարծում եմ, որ նման արդյունք տվեց։ Կարող եմ ասել, որ հայրս մեծ դեր է խաղացել  դաշնակահարի իմ կյանքում, մարդ, որը պաշտել է դաշնամուրը։ Մեծ դեր է խաղացել Սպենդիարով դպրոցի իմ առաջին դասատուն, ով ինձ տվեց ոչ միայն  պրոֆեսիոնալ լավ հիմք եւ սկզբունք, այլեւ մեծ սեր դեպի երաժշտությունը։ Մեծ դեր է խաղացել նաեւ Մոսկվայում Վալերի Կաստելսկին, որը լեգենդար Նոյհաուսի աշակերտն էր, եւ իհարկե, ինձ հարստացրեց մեծ վիրտուոզ Լազար Բերմանը, որը համաշխարհային դեմք է։

Ինչու չէ, ինձ կրթում է նաեւ ֆրանսիական դպրոցը։ Ֆրանսիայում ապրում եմ 14 տարի, թեպետ այդ երկրում չեմ սովորել, բայց այլ դաշնակահարների հետ շփումը, այնտեղի երաժշտական մթնոլորտն, իհարկե, իր ազդեցությունը թողնում է ինձ վրա։

Ցանկություն ունե՞ք միջազգային նոր մրցույթի մասնակցել։

-Միջազգային մրցույթը միջազգային բեմ բարձրանալու ցատկահարթակ է։ Եթե կա համերգային լայն գործունեություն, մրցույթի մասնակցելն այլեւս անհրաժեշտ չէ։ 20-22 տարեկանը մրցույթում նվագելու իդեալական տարիք է, որովհետեւ նախ՝ շահելու եռանդ ունես, երկրորդ՝ պատանի ես, անուն, համերգներ չունես, չորրորդ՝ տեսնելով, որ պատանի ես եւ պոտենցիալ ունես, քեզ ավելի մեծ հնարավորություն են տալիս, քան նրան, ով 30 տարեկանում է մասնակցում մրցույթի եւ համերգներ չունի։ Մրցույթը պետք է, բայց կան արտիստներ, ովքեր առանց մրցույթի էլ են մեծ հաջողությունների հասել։ Մրցույթին մասնակցելը կյանքի իմաստ չէ։

Վերջերս հաճախ եմ լսում, թե մենեջերները երբեմն նաեւ կարող են խոչընդոտել արտիստի կարիերային։

-Մենեջերը մեծ հնարավորություն է տալիս կարիերան շարունակելու, բայց նրա հետ հաճախ պիտի գալ ընդհանուր հայտարարի։ Չկա հստակ բաժանում, որ մենեջերն ամեն ինչ պիտի անի, իսկ արտիստը միայն պիտի նվագի։ Արտիստն էլ պիտի ակտիվ լինի։ Այն արտիստները, որոնք գիտեն, թե ինչի են իրենք ձգտում, ինչ հնարավորություն ունեն, ավելինին են հասնում, սա չի նշանակում, թե մենեջերի հետ պիտի պատերազմել, բայց արտիստն ավելի լավ է ճանաչում իր հնարավորությունները։

Վարդան, ի՞նչ է անում դաշնակահարը դաշնամուրի առջեւ։ Կան երաժիշտներ, որ ասում են՝ երկն ենք մեկնաբանում, կան, որ ասում են՝ փորձում ենք ընթերցել կոմպոզիտորին եւ հնարավորինս հարազատ մնալ նրան։ Դուք ի՞նչ եք անում։

-Առաջին հերթին՝ ուզում եմ հասկանալ ի՞նչ էր ուզում կոմպոզիտորը, նրա ոճը, ոգին։ Հասկանալով իրեն՝ գտնել իմը՝ իմ առանձնահատուկ հայացքը դեպի այդ ստեղծագործությունը։ Ստեղծում ես մի բան, որը գալիս է քո հոգու խորքից, պիտի կարողանաս ցույց տալ ստեղծագործությունն ուրիշ լույսի տակ։ Ինձ թվում է՝ անհրաժեշտություն է նվագ»լ ոչ միայն այն, ինչ կա նոտաներում, այլեւ նոտաների միջեւ, ինչը թելադրում է ներըմբռնումը։

Այլ կատարողների մեկնաբանությունները Ձեզ օգնու՞մ, թ՞ե խանգարում են։

-Շատ հաճախ, սկզբնական շրջանում ինձ խանգարում են։ Եթե այդ մեկնաբանությունները լսում եմ այն ժամանակ, երբ արդեն մոտավոր պատկերացում ունեմ, այդ ժամանակ ինձ ավելի շատ կարող են հարստացնել։

Դժվա՞ր չէ 21-րդ դարի մարդու համար հասկանալ ասենք 18-րդ դարի կոմպոզիտորի աշխարհընկալումը, ցանկությունները, հնարավո՞ր է ՙմաքուր¦ մեկնաբանում, թե՞ 21-րդ դարը շատ է խառնվում։

-Իհարկե 21-րդ դարի մարդը խառնվում է եւ պետք է խառնվի։ Բայց այն կոմպոզիտորները, որոնց ստեղծագործությունները հաճախ նվագում եմ, այնքան հանճարեղ են, որ 21-րդ դարում էլ մոդեռն են։ Նույն Բախը, որ ապրում էր 17-րդ դարում, այսօր ժամանակակից է։ Հանճարը հենց սա է, հանճարի երաժշտությունը չի հնանում, մենք ուղղակի մեկնաբանում ենք այն 21-րդ դարի մարդու հայացքով։

Երկա՞ր ժամանակ եք տրամադրում ստեղծագործությանը, որքա՞ն եք աշխատում դրա վրա, ինչպե՞ս։ Գրականությո՞ւն եք ընթերցում, այդուհետ խորասուզվու՞մ ստեղծագործության ծովը՝ քննելով ժամանակաշրջանը, պատմական իրադրությունը

-Այո, իհարկե պետք է իմանալ՝ ե՞րբ էր, որտե՞ղ, ինչու՞, այդ ինֆորմացիան կարեւոր է պատկերացման համար, բայց կոմպոզիտորի հոգին հասկանալու համար միայն ինֆորմացիան բավարար չէ։ Կան նաեւ բաներ, որ անբացատրելի են, դա արդեն ինտուիտիվ աշխատանք է։


Առնչվող նյութեր
1. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
2. Դաշնակահար Վարդան Մամիկոնյանի համերգը Պրահայում
3. Վարդան Մամիկոնյան. ԵԳԱԾ-ի սզբունքները լավն են, ծրագիրն արդյունավետ է, բայց փոքր ծրագրերով գիտությունը չես փրկի… պետք է տասնապատկո՛ւմ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: