ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարդան Գաբրիելյան. Մենք պետք է պատրաստենք մեր ապագա առաջնորդներին՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի համար

02 հոկտեմբերի, 2016 | 07:31

Հայկական միջազգային բիզնես գործակալությունը կազմակերպում է աշխարհի հայ գործարարների ֆորում. Հոկտեմբեր 15, Փարիզ

vardan-kaprielianՕՐԵՐ- Հոկտեմբերի 15-ին Փարիզում կանցկացվի  Աշխարհի հայ գործարարների ֆորում, որին  կներկայացվեն 15 մշակված  բիզնես նախագծեր։ Ֆորումի ընթացքում քննարկվելիք ծրագրերի ու նրա գաղափարախոսության մասին է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի զրույցը Հայկական բիզնես գործակալության նախագահ (Armenian Business Agency) եւ ֆորումի կազմակերպիչ Վարդան Գաբրիելյանի հետ։

-Պարոն Գաբրիելյան, ինչո՞վ է տարբերվելու այս համաժողովը մինչ հիմա տեղի ունեցած նմանատիպ հայկական համաժողովներից։

– Տարբերությունը խորքային է եւ շատ կարեւոր։ Մենք ամուր հիմքերի վրա ենք դրել Հայկական բիզնես հարաբերությունների գաղափարախոսությունը։

Նախկինում մենք եւս կազմակերպել ենք դասական հասկացողությամբ խորհրդաժողովներ, եւ մեր թիմի անդամները մասնակցել են Փարիզում, Մարսելում կամ Երեւանում, այլ երկրներում կազմակերպված  ժողովներին։

Սակայն եկել ենք այն եզրակացության, որ այդ խորհրդաժողովները գործնական արդյունքներ չեն տվել։ Իհարկե, պետք է նման հանդիպումները շարունակվեն, բայց դրանք ավելի քարոզչական նշանակություն ունեն, միտված են շփման հնարավորություններ ստեղծել արդեն հայտնի ձեւաչափով։  Նման ժողովները Հայաստանի կամ աշխարհի գործարարներին լուրջ բարիք չեն բերել։ Ես կցանկանայի իմանալ, թե ո՞ր խորհրդաժողովը ի՞նչ ծրագրեր իրականացրեց։

Մենք էլ ենք եղել այդ ծրագրերի մեջ, սակայն եկել ենք եզրակացության, որ պետք չէ միայն քարոզչություն անել Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ, առավել եւս խոսել հայրենասիրության տեսանկյունից։ Մենք հասկացանք, որ բիզնես միջավայրի մեջ պետք է խոսել բիզնեսի լեզվով, այսինքն՝ շահի հնարավորությունների, համագործակցության եւ գործընկերություն ստեղծելու մասին։

Իհարկե, մեր ֆորումում մտքերի փոխանակում պետք է լինի, բայց երկրորդ մասում նաեւ պետք է լինեն տարբեր չափի, բնույթի եւ տարբեր երկրներում կոնկրետ ծրագրերի ներկայացում, որտեղ ներդրողները հնարավորություն կունենան խորացնելու քննարկումները հեղինակների հետ ու մասնակցելու այդ բիզնես ծրագրերին։

Մենք ուզում ենք Հայաստանի մասին խոսել ու խրախուսել անուղղակիորեն,   ներդրումներ բերելու արդեն պատրաստի ծրագրերի շուրջ, որոնք ունեն մեր ջանքերով պատրաստված բիզնես պլաններ։

Ներդրողին պետք է նաեւ բիզնես մակարդակով մարդկային հարաբերություններ։ Նա պետք է ճանաչի ովքեր են իր գործընկերները, ում հետ ինչ գործ պետք է անի։ Մարդիկ պետք է շփվեն, ծանոթանան, մինչեւ համոզվեն, որ իրենք էլ միջհայկական համագործակցությունից շահ ունեն։ Մինչ այդ մենք պետք է զբաղվենք այդ գործարարների համախմբմամբ։ Այդ համախմբումը անցնում է բիզնես ծրագրերի ճանապարհով, ոչ թե ինքնանպատակ հանդիպումների։

-Ի՞նչ հնարավորություն է դա տալու գործարարներին։ 

– Հայ գործարարները պետք է երկու հնարավորություն ունենան.

  1. Միասին դրամագլուխների շահագործմամբ մտնել բիզնես ձեռնարկությունների մեջ, եւ 2. Հայերը համագործակցելով հայերի ու ոչ հայերի հետ, հասնեն հաջողությունների։ Դա բիզնես ծրագրերի ստեղծման եւ զարգացման դաշտն է։

Մենք մեր Հայկական բիզնես գործակալության ջանքերով հավաքագրելով աշխարհով մեկ ցրված հայ գործարարների, պետք է իրար հետ ժամանակի ընթացքում կապեր ստեղծենք։ Մենք ասում ենք, եթե դուք ուզում եք շինարարական, IT-ի ոլորտի, դեղագործական, առողջապահական կամ այլ ոլորտների  ձեր ծրագրերը ծավալել այս ինչ աշխարհամասում, գիտենք որ կարող եք, բայց գիտենք նաեւ որ դժվարություն կարող եք ունենալ ճիշտ մարդկանց գտնելու  հարցում։

Այստեղ  ցանցային համագործակցությունը կգա ձեզ օգնության։ Այդ լրացուցիչ բաժինը բավարար է, որ ձեր գործը հեշտանա եւ ճիշտ խորհուրդներ ստանաք։ Մենք կարող ենք այդ կապերը հաստատել տվյալ երկրի մեջ գտնելով առաջին հերթին հայ եւ ոչ միայն հայ  գործընկերներ, հասկանալով պահանջը եւ ստեղծելով ճիշտ կապը։ Նման երեւույթ հայկական իրականության մեջ դեռեւս չկա։

Մենք չենք ասում, որ դա ազգային կառույց է, բայց դրա գերակշիռ մասը կկազմի հայկական գործոնը, որից կօգտվի հայը։ Բաց աշխարհի մեջ ենք ապրում. մենք հայերս սովոր ենք աշխատել նաեւ օտարների հետ, ուստի բիզնեսի ոլորտում ազգային տվյալը կարեւոր է, բայց ոչ անհրաժեշտ պայման։

-Նաեւ ծրագրում եք ներդրումային հիմնադրամ ստեղծել։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հիմնադրամի գործունեությունը։

– Դրանով կապիտալի զարգացման հարցն ենք դնում։ Կան ներդրումային հարթակների տարբեր մոդելներ։ Կարող են օգտագործվել թե անհատական ներդրումային ձեվաչափը ըստ ոլորտային ուղղությունների, թե հոլդինգների ճանապարհով բաժնետիրական կառույցների ստեղծումը, կամ էլ երկուսը միաժամանակ։ Դա կախված կլինի նաեւ մասնակից անհատների ներդրումային մոտեցումներից։ Բայց դրա համար մենք ներկայացնում ենք նորամշակ ծրագրեր կամ գոյություն ունեցող ձեռնարկությունների զարգացման առաջարկներ։ Սա ներդրումային տրամաբանության ամենաբնական ճանապարհն է՝ ծրագրեր ենք ստեղծում, համախմբում ենք ներդրողներին այդ ծրագրերի շուրջ, հասնում ենք հաջողությունների եւ այդ ժամանակ անցնում ենք արդեն հիմնադրամի իրականացման գործին։  

-Մասնակիցները պետք է իրենց նախագծերը ներկայացնեն համաժողովից առաջ, թե՞ հետո։

– Բազմաթիվ ծրագրերից ներկայացվել են 15 բարձրարժեք նախագծեր, որոնց ե՛ւ շահավետությունը, ե՛ւ արդյունավետությունն արդեն ստուգվել են մեր մասնագետների կողմից։ Ընդունել ենք ա՛յն ծրագրերը, որոնք համապատասխանում են ներդրողների բարձր ակնկալություններին։ Այսինքն ռիսկը՝ սահմանափակ, շահավետությունը՝ շատ բարձր ու արագ։ Մեր կառույցի գործունեությունը դրանով ստանում է տարբեր որակ։  15 Հոկտեմբերի Փարիզի Ֆորումին մեր ներկայացնելիք ծրագրերը Ֆրանսիայից, Իրանից, Աֆրիկայից եւ  Հայաստանից են՝ դեղագործական, հանքային, տեղեկատվական, արհեստագիտությունների, շինարարական, գյուղատնտեսական, արդյունաբերական նորարարությունների եւ այլ բնագավառներից։

-Իրանի հետ համագործակցությանը ինչո՞ւ  եք հատուկ տեղ եք տալիս։ Արդեն կա՞ն նախագծեր։

– Իրանը դիտում ենք որպես օրինակ։ Մենք արդեն կապեր ենք հաստատում որոշակի գործարար շրջանակների հետ։ Մենք խոսում ենք բիզնեսի հնարավորությունների մասին եւ ասում ենքբ, թե որտեղ կարող են հայերը բիզնես ծավալել։

Մենք մոնիտորինգ ենք անում տարբեր երկրներում տնտեսագետների շրջանակներում, թե ինչպիսի ծրագրեր կարելի է իրականացնել։ Իսկ Իրանի պարագան հատուկ է։ Իրանը նախ մեր հարեւան երկիրն է։ Իրանը նոր շուկա է աշխարհի համար։ Ես տեսնում եմ ֆրանսիական ընկերությունների անսահմանափակ հետաքրքրությունը Իրանի նկատմամբ։  Իրանի հետ համագործակցելու առումով մեր ժողովուրդը պետք է դառնա այդ կապող օղակը։

Արեւմուտք-Իրան հարաբերություններում  Հայաստանն արդեն կարող է, պետք է քայլեր ձեռնարկի, եղածը ավելի խորացնի, եւ մենք դառնանք այդ կապող օղակը։ Բայց նաեւ մեր հայ գործարարները կարող են միանալ եւ միասնական ուժերով մտնել այդ շուկա։ Այնտեղ սովորական պայմաններ չեն, միայն գումար ունենալը բավարար չէ։ Հատկապես, որ Իրանի պետությունը դրական աչքով է նայում հայ գործարարների ներդրումներին, ապա մենք մեր օտար գործընկերների հետ, մեր դրամագլուխն ու փորձառությունը մեկտեղելով, կարող ենք մտնել այդ շուկա։ Դա կլինի նաեւ մեր մասնակցությունը Իրանի զարգացմանը։

-Մինչեւ ե՞րբ պետք է գործարարները դիմեն մասնակցության համար, եւ կան արդյո՞ք հատուկ պահանջներ։

– Մասնակցելու համար պետք է իմանալ, որ սա բիզնես ծրագրերի ֆորում է, մարդիկ պետք է առիթ ունենան շփվելու ներդրողների հետ, խորհրդակցություններ ունենան, նաեւ մեր նոր մոտեցմանը ծանոթանան ու առաջարկներ ունենան։ Մենք պետք է օգտվենք աշխարհի բաց հնարավորություներից եւ օղակ հանդիսանանք զարգացնելու տարբեր երկրների բիզնես հնարավորությունները։ Այդ առումով մասնակցությունը հետաքրքիր կլինի։ Սա հատուկ հարթակ է, որտեղ մի քանի ժամերի ընթացքում ներկայացվելու են 15 ծրագրեր, որոնք հասարակ ծրագրեր չեն, ուսումնասիրված են, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են իրենց դրամագլուխը ներդնել, ճիշտ տեղում ներդնեն։ Մասնակցությունը վճարովի է։

Կարող են կապվել հետեւյալ էլեկտրոնային հասցեով . www.armenian-international-business-forum.com  կամ՝ + 33 6 65 56 70 52 հեռախոսահամարով։

 

  • Ովքե՞ր են այս համաժողովին մասնակից գործարարները։
  • Մենք յուրաքանչյուր համայնքի մեջ ունենք հայտնի գործարարներ, ովքեր ունեն հայտնի ընկերություններ։ Նույնքան հայտնի գործարարներ կան որոնց բացահայտում ենք ամեն օր Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ամերիկայում կամ Եվրոպայում։ Նրանք համայնքների հետ հաճախ կապ չունեն, չեն շփվում, եւ համայնքները երբեմն գաղափար չունեն նրանց մասին։ Ի վերջո, ինչ որ կառույց պետք է մոտենար այս գործարարներին ու իրար կապեր նրանց։ Գործարարները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, քանի որ երկրի ու ժողովրդի զարգացումը սկսվում է նաեւ իրանցից։ Ահա այսպես մենք կկարողանանք բազմապատկել կապերը եւ կհզորացնենք մեր բիզնես ցանցը աշխարհով մեկ։ Մեր նպատակն է համախմբել, տեղեկացնել եւ համագործակցություն ստեղծել գործարարների միջեւ։

Մենք պատրաստում ենք միաժամանակ վաղվա մեր ազգի պատմությունը, որը կարող ենք կերտել նաեւ այս ճանապարհով։ Մենք պետք է պատրաստենք մեր ապագա առաջնորդներին՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի համար։  Մեր ղեկավարները, այսինքն նոր սերունդը պետք է լինեն ուսյալ։ Հարվարդներ, Օքսֆորդներ ավարտած հազարավոր  ուսանողներ պետք է ունենանք։ Մենք պետք է ազգովին մեր քաղաքական ու մշակութային մակարդակի վրա աշխատենք։ Այդ մակարդակի բարձրացումը կարելի է տանել նաեւ բիզնեսի զարգացման ճանապարհով, քանի անհատական հարստացումը մեծապես կօգնի բարձր ուսման դռները բացելուն։

Մենք ուզում ենք  հայկական բիզնեսը հզորանա։ Ուզում ենք ցեղասպանությունից 100 տարի ու Օսմանյան կայսրությունում մեր տնտեսական դիրքերը կորցնելուց հետո, մեր տեղը գտնել միջազգային ֆինանսական աշխարհում։ Ճիշտ է, որ մենք ունենք մեծ թվով հաջողած բիզնեսմեններ աշխարհով մեկ։ Սակայն մենք ճիշտ չենք օգտագործում մեր հնարավորությունները։ Դրանք կարող են օգտակար լինել անհատ գործարարների, բայց նաեւ Հայաստանին ու սփյուռքյան համայնքներին։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
2. Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում
3. Կոչ ստորագրահաւաքի . Անաքօ տափանաւը վտանգուած է
4. Գրիգոր Զօհրապի յիշատակին՝ յուշատախտակի բացում փաստաբանական դպրոցին մէջ
5. Կարել Ապպելից մինչեւ Արմեն Ղոչ. Փարիզյան արվեստի նորություններ
6. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
7. Իզապէլ Մանուկեանի գեղանկարչական ցուցահանդէսը Փարիզում
8. Նոր մանրամասներ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փարիզյան հանդիպումներից
9. Փարիզում լույս է տեսել «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն
10. Փարիզում անցկացվեց Հայկական Միջազգային Գործարար Ֆորումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: