ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ

14 սեպտեմբերի, 2018 | 07:24

Հովսեփ Թոքատի տպավորությունները Վանից

Ինչպես անցյալ, այնպես էլ այս ուստարվա ընթացքում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրագրության բաժնում շարունակվում են անցկացվել «վարպետաց դասերը». լավագույն ավանդույթները շարունակվում են: Ամեն անգամ ուսանողները մեծ բավականություն ստացած և նոր գիտելիքներով են հրաժեշտ տալիս հյուրերին: Նոր ուսումնական տարվա առաջին հյուրը լոսանջելեսաբնակ Հովսեփ Թոքատն էր, ով եկել էր` պատմելու Վանից ստացած տպավորությունների, սպասվող և իր մյուս` արդեն լույս տեսած գրքերի` «Ավերակ Քղին»,«Հայ արծաթագործ վարպետներ», մասին:

   «Հովսեփ Թոքատի` Քղիին նվիրված գիրքը կազմելը, հրատարակելն իսկական հերոսություն է: Շատ մեծ աշխատանք է անում պարոն Թոքատը. սա կարելի է համարել վավերական գիրք, որովհետև գրքում տեղ գտած նյութերը, լուսանկարները ուրիշի պատմած չեն, ուրիշի ներկայացրած ու տված չեն: Նա ինքն անձամբ է գնում, լուսանկարում, լինում այդ վայրերում: Նա անցել է գյուղ առ գյուղ, հուշարձան առ հուշարձան, վերցրել է իր հետ հայ կամ քուրդ լուսանկարիչ, և հատիկ-հատիկ նկարել ամեն ինչ: Այս անգամ էլ են իրենք բարձրացել սարերն ու ձորերը: Զարմանալի է, երբ մտածում ես. ո՞ւմ դարդն է կտրվել գնալ, բարձրանալ սարերը, հայկական եկեղեցիները: Այդ ամենը մեկ մարդ է արել` Հովսեփ Թոքատը: Հարյուր տարի է անցել, և նա ուզում է նոր սերնդին վերադարձնել այդ հիշողություններն ու տեղեկությունները», – այսպես համառոտ, բայց խորն ու ճանաչողական նրան ուսանողներին ներկայացրեց դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Սերգո Երիցյանը.

«Ամեն մարդ, իր բուն աշխատանքից բացի, զբաղվում է նաև այլ գործով: Գիրք գրելը իմ գործը չէ, բայց այն դարձավ ինձ համար սիրելի զբաղմունք: Ես սկել եմ իմ գյուղից` Քղիից («Ավերակ Քղին»): Մայրս պատմում էր մեր գյուղի, դպրոցի, եկեղեցիների մասին, նրանց կրած տառապանքների մասին: Դժբախտաբար, հիմա այդ շրջանում հայեր չեն ապրում, բայց եկեղեցիներից մի քանիսը, անգամ հորս կառուցած աղբյուրը պահպանվել են:

Երբ Քղիի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ստամբուլում, այնուհետև Քղիում, մարդիկ հավաքվել էին դահլիճում, եկել էին տեսնելու գիրքը, ինձ մի կին դիմեց, ասաց` կարո՞ղ եմ քեզ գրկել, համբուրել. շատ անսովոր էր, քանի որ այդ շրջաններում նման բաներն ընդունված չեն: Բայց նա այլ նպատակ ուներ. եկավ, գրկեց, ականջիս ասաց, որ մեծ մայրս հայ է եղել: Այդպես շատ տեղերում ենք եղել, որտեղ մոտենում էին, ասում, որ իրենց մեծ մայրը հայ է եղել, մայրը հայ է եղել: Ասում էի` չեմ հասկանում` մեր ազգը միայն մեծ մա՞յր է ունեցել, մեծ հայրեր չե՞նք ունեցել. բոլորն ասում էին միայն` մեծ մայր, մեծ մայր: Դա, իհարկե, այն բանի արդյունքն է, որ տղամարդկանց կոտորել են, և ամուսնացել հայ կանանց հետ»:

   Հովսեփ Թոքատը Հայաստան է ժամանել Վանից: Իր ժողովրդի ու հողի պատմությունը ներկայացնելն արդեն հոբբիից ավելի է դարձել նրա համար: Նա ճամփորդում է ժամանակի մեջ, գնում դեպի անցյալ, դժվարությամբ հասնում իր ժողովրդի արմատներին ու մեծ ջանքերով այնտեղից բերում տեղեկություններ, որոնք անսահմանելի արժեք ունեն հայերի համար: Իր հրատարակած երկու գրքերից հետո («Ավերակ Քղին»,«Հայ արծաթագործ վարպետներ») նա կրկին սկսել է իր ճամփորդությունը, և ժամանակի մեքենան այս անգամ նրան տարել է Վան.

«Ես Վանեցի չեմ: Վանաբնակ մարդկանց չէի տեսել: Պարզապես որոշեցի բացահայտել Վանի գաղտնիքները: Վանն ինձ համար շատ խորիմաստ քաղաք էր: Այն շատ կարևոր նշանակություն է ունեցել նաև մեր ժողովրդի ու Հայաստանի համար: Տարիներ առաջ ես եղել էի Վանում, բայց դեռ ամբողջական չէին մտքերս, այս տարի նորից այցելեցի: Գրքի հայերեն տարբերակը ամբողջությամբ պատրաստ է արդեն, թուրքերենի` 30 տոկոսը: Գրքերը եռալեզու են. հայերեն ու թուրքերեն տարբերակները ինքս եմ անում, անգլերենը` թարգմանիչը»:

Հովսեփ Թոքատը առանց արցունքների չէր կարողանում հիշել այն դաժանություններն ու զրկանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը: Այդ ամենի մասին խոսելիս նա երբեմն լռում էր. թվում էր, մտքերը նորից տանում են իրեն անցյալ, հիշեցնում դառնություններն ու ստիպում ավելի մեծ նվիրումով շարունակել մարդկանց ներկայացնել այն արժեքները, որոնք ժողովուրդն անգամ կյանքի գնով է ստեղծել և պահպանել.

«Վանում մարդկանց 99 տոկոսը քրդեր են: Իրենք Վանը և շրջակա տարածքները համարում են Քրդաստան` իրենց երկիրը: Դեռ Վան չգնացած` տեղեկություններ էի հավաքում Վանի մասին: Բայց երբ Վան գնացի, մտածեցի, որ երանի չկարդայի Վանի մասին, մարդկանց մասին, այդ ամենը` գնալուցս առաջ: Այնտեղ շատ մեծ ոճրագործություններ են կատարվել: Այնտեղի տարածքներով անցնելիս հիշում էի, թե ինչեր են կրել հայերը, կարծես աչքիս առաջ էին գալիս այն պատկերները, թե ինչպես են տղամարդկանց սպանել, կանանց և աղջիկներին հալածել, չեն խնայել երեխաներին, և մտածում էի, որ երբեմն ավելի լավ է անգիտակից լինել, անտարբեր, չմտածել կատարվածների մասին:

Սկսեցինք մագլցել լեռները: Այցելեցինք Սուրբ Թովմաս վանքը: Վանից շատ կարճ է ճանապարհը դեպի այդ վանքը, բայց մենք բավականին երկար գնացինք, քանի որ ոտքով էինք քայլում, հոգնում էինք, իմ ոտքերը սայթաքում էին երբեմն, դժվար էր ճանապարհը: Միշտ մտածում էի, թե ինչո՞ւ են վանքերը այդ բարձր տեղերում կառուցում: Շատ հետաքրքիր պատմություններ լսեցի: Վանքերի վրա թաթարների տեսքով նկարներ էին կախված: Վանականն ինձ բացատրեց, որ թաթարները, երբ հարձակվում էին, տեսնում էին այդ նկարները և չէին ավերում վանքերը` մտածելով, որ նրանք մերոնցական են, մեզ նման են, ինչո՞ւ ավերենք: Բավականին դիվանագիտական և խելքին մոտ քայլ էին կատարել: Հետո բարձունքի վրա հիմնականում ավերածություններից հեռու են եղել եկեղեցիները: Երբ նայում եմ` քաղաքների մեջ կառուցված եկեղեցիները, տաճարները հիմնականում ավերված են, բայց այդ բարձունքներինը ոչ:

Մի անգամ իմ թուրք ընկերներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ ես գնում, նկարում, գրում այդ ամենի մասին: Պատասխանեցի, որ ցույց տամ, թե մե՛նք ինչ ենք արել, և դո՛ւք ինչ արեցիք: Մենք ստեղծել էինք, կառուցել, դուք ավերեցիք, ջարդեցիք ամեն ինչ:

Բավականին շատ լուսանկարներ ենք արել, որոնք դեռ պետք է դասավորենք: Հիմա, բացի մեր արած լուսանկարներից, փնտրում ենք նաև հին լուսանկարներ, հին նյութեր` թանգարաններից և այլ տեղերից, որքան որ հնարավոր է:

Գրքի սկզբում նախ լինելու է Վանի համառոտ պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդի վիճակը, մշակույթը, արհեստներն ու զբաղմունքները: Ինձ համար հետաքրքիր է նաև ժողովրդի հավատալիքները ուսումնասիրել: Հին ժամանակներում նրանք վախեցել են գետի հոսանքից անգամ, հավատացել են ծառերի արտադրած խեժերին. մտածել են, որ ուրեմն այդ ծառն առավելություն ունի: Վանա լիճը, երբ փոթորկվել է, մեծ ալիքներ են բարձրացել, ժողովուրդը զոհեր է նետել լիճը` մտածելով, որ այդպես ալիքները կհանդարտվեն: Մտածում եմ` որքան միամիտ են եղել նրանք: Չգիտեմ` միամտությո՞ւն է եղել այդ ամենը, թե՞ թերահավատություն:

Թուրքերն ինձ հաճախ են հարցնում` շատ թվեր կան, թե որքան հայ է ոչնչացվել. ես չեմ հասկանում, թե ո՞րն է ճիշտը: Ձեզնից եմ ուզում իմանալ. մեկ միլիո՞ն, երեք հարյուր հազա՞ր…Ասացի, որ բոլորն էլ սուտ են: Թուրքերը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Ասում են, որ մահացել է 10.000 հայ, մեծ մասն էլ, հիմնականում, հիվանդությունից: Ես պատասխանեցի, որ միայն իմ տոհմից 111 մարդ է մահացել: Որևէ մեկը չի կարող այդ փաստը ժխտել: Նրանք էլ ասացին, որ մի՞թե 111 հոգին կարող է ցեղասպանություն համարվել, ասացի` ձեր նախագահը օրեր առաջ ասաց, որ ԱՄՆ-ում 3 թուրք է սպանվել, և Ամերիկան պետք է պատասխան տա. սա ցեղասպանություն է: Ուրեմն, եթե 3 մարդը դուք համարում եք ցեղասպանություն, ապա այդ դեպքում 111 մարդու սպանելը միանշանակ ցեղասպանություն է: Եվ բացի մարդանց ֆիզիկապես սպանելուց, եղել է նաև մշակութային ցեղասպանություն: Այսօր մենք չենք կարողանում այցելել ու տեսնել մեր հողերը: Եկեղեցիներն ու վանքերը ոչնչացվել են: Հիմա մի քանիսն են միայն կանգուն մնացել:

Իմ գրքերը պատկերազարդ են: Ես գրում եմ նկարազարդված, ոչ թե ամբողջությամբ արձակ, որ մարդկանց հետաքրքրի, նրանք բացեն, նայեն նկարները, կարդան մի փոքր գրվածքները և գոնե այդպես տեղեկանան:  Հիմա շատերը կարդալ և կարդացողներին չեն սիրում: Քչերն են այսօր նստում և երկար գրված գրքերը կարդում:

Ես իմ գրքերից եկած ամբողջ հասույթը ամեն տարի փոխանցում եմ հայկական գյուղերից որևէ մեկի դպրոցի ուսուցիչներին: Ես մտածում եմ նաև, որ եթե գրքերը լինեն պատկերազարդ, մարդիկ գոնե ավելի շատ կգնեն դրանք: Մեծահարուստներ կան, որ մեկ միլիոն դոլար նվիրատվություն են կատարում որևէ եկեղեցու կառուցման համար, բայց հարյուր դոլար ափսոսում են վճարել ու գիրք գնել:

Իմ առաջին գիրքը արծաթի, արծաթագործության մասին է («Հայ արծաթագործ վարպետներ»): Մարդիկ կան, որ արծաթի արժեքը չեն հասկանում, չեն գնահատում: Ես արծաթը ոսկուց ավելի եմ սիրում: Միշտ ասում եմ` եթե խոսելը ոսկի է, լռելը արծաթ է: Ինձ միշտ ասում են` բայց այդ խոսքն այդպես չէ, դու սխալ ես ասում: Ոչ, ինձ համար ավելի կարևոր է արծաթը: Ոսկին հարստություն է, փառամոլություն, ինքնահավանություն, իշխել է: Արծաթն ավելի պարզ է, մարդկային, հանգիստ:

Շատ կուզեի, որ Հրաչյա Աճառյանի խոսքը ընդունվեր, և մենք չառանձնացնեինք արևմտահայերենն ու արևելահայերենը: Կա՛մ լիներ արևմտահայերենը, կա՛մ արևելահայերենը: Այսօր մարդիկ միմյանց չեն կարողանում լիարժեք հասկանալ»:

Հովսեփ Թոքատը լավագույն օրինակներից է այն մարդկանց, ովքեր իրոք հասկանում ու լիարժեք զգում են հայրենասիրությունը, սիրում են ու գտնում իրենց սերն արտահայտելու լավագույն տարբերակները:

Անի Հարությունյան


Առնչվող նյութեր
1. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
2. Թումանյան` մեծ նվիրյալը
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
5. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
6. Չինական դասական պոեզիայի հարստությունը
7. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
8. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
9. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
10. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: