ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վախճանվել է մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանը

23 մարտի, 2016 | 14:48

gegham grigorianԱյսօր մահացել է հայ եւ համաշխարհային օպերային արվեստի ճանաչված դեմքերից մեկը՝ Գեղամ Գրիգորյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985),Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982) Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի«Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։

Խորհրդային իշխանությունները, անհայտ պատճառներով, արգելում են մասնակցել այդ ներկայացումներին, այնուհետև, թույլ չեն տալիս նրան դուրս գալ Խորհրդային Միությունից շուրջ տաս տարի։ Գեղամ Գրիգորյանը հայտնվում է Խորհրդային Միությունում այն տարիներին հայտնի «նևիեզդնոյ» (невыездной) արվեստագետների ցուցակում։

1980 թվականին Վիրգիլիուս Նորեկան, Լիտվայի օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, հրավիրում է Գրիգորյանին աշխատելու Լիտվայի օպերային թատրոնում։ Վիլնյուսում Գեղամ Գրիգորյանը աշխատում է մեծանուն դիրիժոր Յոնաս Ալեկսայի հետ՝ հանդես գալիս «Եվգենի Օնեգին», «Դոն Կարլոս», «Բորիս Գոդունով», «Տրավիատա», «Մադամ Բաթերֆլայ», «Ռիգոլետո» և շատ այլ օպերաներում։ 1980-86թթ. դասավանդել է Վիլնյուսի կոնսերվատորիայում։

1989 թվականից, Վալերի Գերգիևի հրավերով, հանդես է գալիս «Մարիինյան թատրոնում»՝ որպես առաջատար մեներգիչ։

Այն տարիներին «Մարիինյան» թատրոնը նոր էր ոտքի կանգնում. Գեղամ Գրիգորյանը մեծ ավանդ ունեցավ թատրոնի մեներգչական կազմի, ավանդույթների ձևավորման և կայացման մեջ, ինչը մեծ գնահատանքի արժանացավ թատրոնի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի կողմից։

1990 թվականին Գեղամ Գրիգորյանը հնարավորություն ստացավ դուրս գալու միջազգային ասպարեզ։

Գեղամ Գրիգորյանի կարիերայի այս փուլը սկսվել է Ամստերդամի «Կոնցերտգեբաու»-ում (Concertgebouw) կայացած դեբյուտով։ 1993 թվականին «Լոնդոնի թագավորական օպերային թատրոն»-ում (Covent Garden) կայացավ նրա դեբյուտը Լենսկու դերերգով (Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), 1995 թվականինՄետրոպոլիտեն օպերաում՝ Հերմանի դերերգով (Չայկովսկի «Պիկովայա Դամա»):

Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝

«Լոնդոնի թագավորական օպերային թատրոն» (Covent Garden) (Մազեպա, Եվգենի Օնեգին), Մետրոպոլիտեն օպերա («Պիկովայա Դամա», «Աիդա», «Պատերազմ և խաղաղություն», «Պարահանդես-Դիմակահանդես», «Արքայազն Իգոր», «Գեղջկական պատիվ», «Տոսկա»), Լա Սկալա (Մադամ Բաթերֆլայ, «Ճակատգրի ուժը», «Բորիս Գոդունով», «Խովանշինա», «Պիկովայա Դամա», «Պատերազմ և խաղաղություն») Տեատրո Կոլոն («Ֆեդորա», «Պայացներ», «Թիկնոց»), Teatro dell’Opera di Roma («Նորմա», «Աիդա» և այլն ), Berlin Konzerthaus («Արքայազն Իգոր»): Գրիգորյանը երգել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Փարիզում, Վիեննայում,Մյունխենում, Բեռլինում , Ամստերդամում, Մոնտե Կարլոյում, Ջենովայում, Ֆլորենցիայում և այլն։

1990-ական թվականից Գեղամ Գրիգորյանը մշտապես հրավիրվում է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոնների՝ Choregies d’Orange (Օրանժ, Ֆրանսիա), Summer Opera season at the Baths of Caracalla(Teatro Dell’Opera) (Հռոմ, Իտալիա), Ravenna Festival (Ռավենա, Իտալիա), Savonlinna Opera Festival (Սավոնլինա, Ֆինլանդիա), Festival Del Maggio Musicale Fiorentino (Ֆլորենցիա, Իտալիա), Puccini Festival (Տորե դել Լագո, Իտալիա), Salzburg Festiva (Գերմանիա) և այլն։ 1989-96թթ եղել է Tours Festival-ի (Ֆրանսիա) գեղարվեստական ղեկավարության կազմում։

Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը («Ռիգոլետո»՝ 208 ներկայացում, «Աիդա» 70 ներկայացում):

Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը՝ Գյաուրով, Միրելլա Ֆրենի, Լեոնտին Պրայս, Գրեյս Բամբրի, Գենա Դիմիտրովա, Լուչիանո Պավարոտտի, Պլաչիդո Դոմինգո, Գերգիև, Զուբին Մետա, Լևիս, Լիվայն, Բարտոլետտի, Սվետլանով, Ռիխտեր։ Ռեժիսորներ՝ Գրենվիկ, Կանչալովսկի, Ձեֆիրելլի, Ջանկարլո Դել Մոնակո, Հուգո դե Անա և շատ ուրիշներ։

Ընդամենը տաս տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին։

2000 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրվել է Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչ 2007 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի «Տրավիատան», հայ կոմպոզիտորների օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Չուխաջյանի «Արշակ Բ»: Իր ղեկավարման ժամանակ հրավիրյալ ռեժիսորների կողմից թատրոնում բեմադրվել են «Կարմեն», «Նորմա», «Ալեկո», «Դոն Ժուան» օպերաները։ Համերգային կատարմամբ ներկայացվել են օպերաներ՝ Չայկովսկի «Իոլանտա», Մոցարտ «Կախարդական սրինգ» և Վիվալդի «Տիգրան Մեծ»: Բեմականացվել են բալետներ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Մավիսակալյան-Ճգնավորյան «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Շչեդրինի «Կարմեն սյուիտ»:

2005 թվականին թատրոնի գեղարվեստական կազմի մասնակցությամբ, Գառնու հեթանոսական տաճարում, նկարահանվել է Բելինիի «Նորմա» ֆիլմ-օպերան (ռեժիսոր՝Բորիս Հայրապետյան, Ռուսաստան, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության պրոդուկցիա):

2015 թվականից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և օպերային թատրոնի աշխատակազմի խնդրանքով, վերադարձել է Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը խորապես ցավակցում է անվանի երգչի դստերը՝ Հասմիկ Գրիգորյանին եւ ընտանիքի մյուս անդամներին ու հարազատներին։ 


Առնչվող նյութեր
1. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
2. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
3. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
4. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
7. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
8. Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում
9. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
10. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: