ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վախճանվել է հայ ժողովրդի մեծ բարեկամը. լիտվուհի Մարիետե Կոնտրեմայտեն

17 ապրիլի, 2016 | 14:09

Ռուսլան Հարությունյան եւ Մարիետե Կոնտրեմայտե

Ապրիլի 16-ին երկարատեւ  հիվանդությունից հետո Վիլնյուսում վախճանվել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, հասարակական ու մշակութային անվանի գործիչ, հայագետ, թարգմանչուհի Մարիետե Կոնտրեմայտեն։ 

Անգնահատելի է նրա վաստակը ոչ միայն հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում, այլեւ հայության խնդիրները լիտվական մամուլում ու պետական մարմիններում ներկայացնելու, հայ գրականությունը լիտվերեն թարգմանելու հարցերում։ Սկսած Ղարաբաղյան շարժումից նա ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի միջազգայնացմանը, Լիտվական խորհրդարանում եւ պետական մարմիններում ճշմարտացի տեղեկությունների տարածմանը։

Այս ծանր օրերին նրա կողքին էր  ամուսինը՝ Լիտվայի հայ համայնքի նվիրյալ գործիչ Ռուսլան Հարությունյանը, ում խորապես ցավակցում ենք։ 

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը դեռեւս  2014-ի դեկտեմբերին հանդիպել էր  Ռուսլան Հարությունյանի եւ Մարիետե Կոնտրեմայտեի հետ՝ Լիտվայի հայ համայնքի մասին հոդված գրելու նպատակով։ Ստորեւ ներկայացնում ենք նրանց ընտանիքին նվիրված մասը։ 

marite 4 Mariete 2014 Litva

Հայ-լիտվական ընտանիքը. Ռուսլան Հարությունյան եւ Մարիետե Կոնտրեմայտե

Ռուսլան Հարությունյանի եւ Մարիետե Կոնտրեմայտեի հայ-լիտվական ընտանիքը ամենահայտնիներից է Լիտվայում։ Մեր հոդվածի սկզբում Ռուսլան Հարությունյանն արդեն ներկայացրեց իր կատարած աշխատանքը։  Նրա մասին ավելացնենք միայն, որ 1950-ին ծնվել է Հայաստանում, ծնողները Դիլիջանից են։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի  մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ապագա կնոջ՝ լիտվուհի Մարիետեի հետ ծանոթացել է Երեւանում՝ համալսարանի  հանրակացարանում։ Ռուսլան Հարությունյանը այսպես է հիշում.ՙՆա մի քանի ամսում այնպես ծանոթացավ հայկական մշակույթին ու գրականությանը, էպոսին, այնպիսի վերլուծություններ էր անում, որ ես էլ զարմացա։ Այն ժամանակ  նույնիսկ  հայ մշակույթի գործիչները չէին խոսում այդ մասին, իսկ նա համարձակ մեկնաբանություններ էր անում, Հայաստանը համեմատում էր այլ երկրների հետ եւ հայերին դրական էր ներկայացնում։ Ամուսնացանք, երեխա ունեցանք, Դիլիջանում ծնվեց մեր

ՙՙԱրմենաՙ թերթը

առաջնեկը՝ Վեգան եւ մեկ տարի անց, զգացի, որ շրջապատը կնոջս չի ընդունում, որոշեցինք տեղափոխվել Լիտվա։ Ես մտածեցի կգամ, միգուցե հարմարվեմ։ Ես այնպես զգայական էի կապված Հայաստանին, որ այստեղ գտնվելս հիվանդանալու կամ աքսորի պես մի բան էր։ Սկզբնական շրջանում նույնիսկ տեղի հայերի հետ շփում չունեի։  1973 թվականին երբ եկանք, այստեղ հին հայեր կային, որ պատերազմից հետո էին հաստատվել։ 1988 թվականին Հայաստանում Ղարաբաղյան շարժումը սկսվեց, այստեղ էլ անկախության շարժում սկսվեց։ Ես ակտիվ էի այդ հարցերում։ Մոսկվայի նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ լավ չէր։ Մարիետեն մասնակցում էր այդ հավաքներին եւ Հայաստանի մասին շատ լրատվություն էր տալիս։ Քանի որ Լիտվա-Հայաստան հարաբերություններում մշակութային կապերն ակտիվ էին, մենք տիրապետում էինք լրատվությանը եւ տարածում։ Միջնորդի դեր էինք կատարում։ Լիտվայի եւ Հայաստանի շարժումների համագումարների դեպուտատ էինք։ Այն ժամանակ համայնք հասկացություն չկար։ Հայաստանի երկրաշարժից հետո  կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունն ավելի մեծացավ։ Այդ օրերին գնացի Հայաստան՝ օգնություն տարանք երկրաշարժի գոտի։ Վերադարձիս միայն ստեղծվեց համայնքային կազմակերպություն։

Հայագետ, հասարակական գործիչ, գրող Մարիետե Կոնտրեմայտե

Վիլնյուսում ծրագրավորող մաթեմատիկոս էի աշխատում հաշվիչ մեքենաների ինստիտուտում՝ բաժնի վարիչ էի։ Հասարակական գործունեությունը շատ էր խանգարում իմ հիմնական աշխատանքին՚։

Իսկ Մարիետե Կոնտրեմայտեն ոչ միայն  հայագետ է, թարգմանիչ, հասարակական գործիչ, այլեւ  Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր։ 2008-2012 թվականներին եղել է Լիտվայի Ժուռնալիստների միության նախագահը, երկար տարիներ աշխատել է Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում, Լիտվայի Սեյմում։ 2015-ին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ՙԳրիգոր Նարեկացի՚ հուշամեդալին եւ ՙԳյումրիի երախտավոր՚ կոչմանը։

Մեզ հետ զրույցում նա պատմեց թե ինչպես է եկել Հայաստան հայերեն սովորելու, երկու տարի անց արդեն մաթեմատիկոս Ռուսլան Հարությունյանի հետ ամուսնացած եւ Դիլիջանում ծնված դստեր՝ Վեգայի հետ տեղափոխվել է Վիլնյուս։ 200-ից ավելի հոդվածներ է տպարգել հանրագիտարանում, Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված բազմաթիվ հոդվածներ լիտվական մամուլում, 1993-1994 թվականներին նրա խմբագրությամբ լույս է տեսել ՙԱրմենա՚ թերթի երկու համար, որտեղ լիտվերեն պատմել են իրենց կատարած աշխատանքների մասին։ Նա նաեւ մեծ դեր է կատարել Հայաստանի ու Լիտվայի անկախական շարժումների միջեւ կապեր հաստատելու եւ երկրաշարժից տուժած շրջաններին ու Ղարաբաղին օգնություն ցույց տալու հարցերում։ Հայերենից թարգմանել է բազմաթիվ ստեղծագործություններ, պոեզիա և արձակ,  իսկ հիմա նպատակ ունի՝ թարգմանելու Գուրգեն Մահարու ՙԾաղկած փշալարերը՚։

Լիտվայի ազգային փոքրամասնություններին նվիրված ամսագիր

Մեր այն հարցին, թե ինչպես է կարողացել իր աղջիկներին դաստիարակել հայ-լիտվական ընտանիքում, պատասխանեց.ՙԵս նախ նրանց իբրեւ լիտվացի ազգայնական դաստիարակեցի, հետո սկսեցի հայկական թեմաներին ծանոթացնել։ Նրանք հայերեն հասկանում են, խոսում են, գրել-կարդալու հարցում ավագը՝ Վեգան ավելի լավ է, քանի որ մագիստրոսական թեզը գրելիս պարապել է, Հայաստանում է անցկացրել մի քանի ամիս։ Կրտսերը՝ Յուստինան գրել-կարդալ չսովորեց, բայց իրեն շատ էինք նպատակաուղղում դեպի հայկական երաժշտություն, քանի որ շատ ընդունակ էր եւ ավարտել է Վիլնյուսի տաղանդավոր երեխաների դպրոցը, իսկ այժմ աստվածաբանություն է ուսանում Ավստրիայում։ Յուստինան շատ լավ ձայն ունի, իր ընդունելության քննությունից հետո դասատուներն ասում էին, որ մեզ մոտ նոր Գոհար Գասպարյան է եկել։ Նախ սովորեց դաշնամուր, ֆլեյտա, երգեհոն։ Ավարտեց եւ մի քանի տարի ուսուցիչ աշխատեց։ Հայկական շարականներ սկսեց սովորել։ Ես թարգմանում էի լիտվերեն եւ այդ շարականներով նա համերգներ էր տալիս։ Այժմ երկու աղջիկներս էլ փոքրիկ երեխաներ ունեն։

 

Վեգան եւ Յուստինան մայրիկի՝ Մարիետեի հետ

Պատմաբան Վեգա Հարությունյանն ավարտել է  Վիլնյուսի համալսարանը՝ պատմաբանի մասնագիտությամբ։ Այժմ նա աշխատում է իբրեւ զբոսաշրջավար՝ եւ նրա տուրերից մեկը կոչվում է ՙԲազմազգ Վիլնյուսը՚, որի շրջանակներում անդրադառնում է նաեւ հայերին։

Աշխատելով Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում /Scince and Encyclopaedia Publishing Centere/ Վեգան գրել է Լիտվական ընդհանուր հանրագիտարանի բոլոր այն հոդվածները, որոնք նվիրված են Հայաստանին կամ նրա պատմությանը։ Նրա ՙՀայերը Վիլնյուսում՚/ 2007/ հոդվածը հաՃախ է մեջբերվում պատմության պրոֆեսորների կողմից։ Նաեւ լիտվացի պատմաբաններին ներկայացրել է, թե ինչ դեր է կատարել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիտվայի անկախության պաշտպանության հարցում։ Վեգան թվարկում է մի քանի հոդվածներ, որ պատմական նշանակություն ունեն։ Օրինակ դրանցից մեկը Սլուցկի գոտիների մասին է։ Սլուցկն այժմ Բելառուսում է։ Կոստանդնուպոլսի  հայ վարպետներն այստեղ մանուֆակտուրա են հիմնել լիտավցի իշխանների հովանավորությամբ։ Այստեղ պատրաստված գոտիները արիստոկրատիան օգտագործում էր Վիլնյուսից մինչեւ Փարիզ։ Այդ նախշերում հայերը մտցնում էին նաեւ լիտվական հայրենասիրական մոտիվներ։

Ինչպիսի՞ն է նրա երեխաների կապը հայկականության հետ հարցիս, Վեգան պատասխանում է, որ ունի երեք երեխա, որոնցից վերջինը ծնվել է այս տարի։ Մեծերը գիտեն որտեղ է Հայաստանը եւ ինչ կապ ունեն հայության հետ, բայց հայերեն չեն խոսում։ ՙԻնձ թվում է Լիտվայում հայ երեխաների ճամբարը կօգնի նրանց ավելի շատ սովորելու հայ մշակույթի, պարերի ու երգի մասին, գտնել նոր հայ ընկերներ։ Նաեւ կօգնեն կիրակնօրյա դպրոցն ու Հայաստան  այցելությունները՚,- ասում է նա։

Մարիետե Կոնտրեմայտեի գրքերը

Վեգան նշում է նաեւ, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լիտվական մամուլում 100ից ավելի հոդվածներ են տպագրվել հայերի մասին։ Այդ առումով Յուոզաս Լաուրուշասի հոդվածները բացառիկ են։ Նա մանրամասն ներկայացնում է 19-րդ դարի հայ գրականությունը եւ համերաշխություն է հայտնում հայ քրիստոնյա զոհերին՝ 1864-1904 թթ-ի լիտվական գաղտնի մամուլում։ Լիտվայի ինտելեկտուալներն իրենց հայրենիքը միշտ կապել են ստրկացված եւ բաժանաված ռուսական ցարի եւ Պրուսիայի միջեւ։ Դա համեմատել են միշտ Հայաստանի բաժանումը օտար երկրների միջեւ։

Սակայն, չնայած այս ամենին, նրա ասելով, նույնիսկ հիմա շատ լիտովցիներ չգիտեն, որ 2005 թվականին Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Լիտվային հայերին նվիրված հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ http://orer.eu

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի,  Ռ.Հարությունյանի անձնական արխիվից


Առնչվող նյութեր
1. Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: