ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վախճանվել է բալետի առաջատար մենապարող Վահագն Մարգարյանը

20 նոյեմբերի, 2018 | 13:59

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Հերացի թիվ 1 բժշկական կենտրոնում մահացել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող 23-ամյա ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի կայքէջը։ 

Թատրոնի ամբողջ անձնակազմը սգում է սիրելի ընկերոջ և տաղանդաշատ արտիստի անժամանակ մահը։

Վահագն Մարգարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում ու հոգիներում։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Մարգարյանների ընտանիքին և նրանց հարազատներին։

Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ին: Մինչ այդ գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է մշակյութի նախարարությունը, սույն թվականի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաեւ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը եւ ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
2. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
3. Ռազմիկ Մարուքյանն արժանացել է Մեծ թատրոնի հեղինակավոր մրցույթի դիպլոմին
4. Վիլեն Գալստյանի ծննդյան 75 ամյա հոբելյանը
5. Դավիթ Գալստյանը հիացրեց Պրահա Բալետ Գալայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: